Մեկնաբանություն

29.05.2014 10:37


Նոր սերնդին հուշեր պետք չեն. սեփական աչքով է տեսնում

Նոր սերնդին հուշեր պետք չեն. սեփական աչքով է տեսնում

Հանրապետականի վերջին՝ 15-րդ համագումարում, ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանն իր ելույթում «մոռացավ» անդրադառնալ շատ կարեւոր հարցերի:

Օրինակ՝ երկրում կայուն ու հաստատուն կերպով պահպանվող ամենաթողության եւ անպատժելիության մթնոլորտին, որի ձեւավորման եւ ամրապնդման գործում անուրանալի է Հանրապետականի վերնախավի անդամների ու անձամբ իր դերը։

Իշխող վերնախավը ներկայացնող մարդիկ ու նրանց բարեկամները հաճախ են աչքի ընկել «սխրագործություններով»։ Եվ որ ամենակարեւորն է՝ մնացել են անպատիժ:

Իսկ ՀՀԿ նախորդ՝ 14-րդ համագումարում, որ տեղի է ունեցել երկու տարի առաջ, ՀՀԿ առաջնորդը հավաստիացնում էր, թե անպատժելիությունը հուշ է դառնալու։

«Հավատացնում եմ ձեզ, որ հայաստանցիների նոր սերունդն անպատժելիության այլևս հանդիպելու է միայն ծնողների հուշերում»,-երկու տարի առաջ հնչեցրած իր ելույթում հայտարարում էր Սերժ Սարգսյանը:

Դրանից հետո մինչ օրս հայաստանցիների նոր սերունդը թե քանի-քանի հանցագործությունների մասին է լսել, որոնք առնչվել են ՀՀԿ-ականների եւ նրանց հարազատների հետ, դժվար է թվարկել: Շատ են: Եվ դարձյալ հիմնական մեղավորները պլստացել ու չեն պատժվել հենց միայն նրա համար, որ այդպես է ցանկացել ՀՀԿ առաջնորդը:

«Հարսնաքարից» մինչեւ գորիսյան ողբերգություն սեփական աչքով եւ սեփական ականջով է տեսել ու լսել նոր սերունդը, որը կարիք չի զգում ծնողների հուշապատումների, քանզի ինքն անձամբ է հետեւել ու տեղեկացել այդ հանցագործությունների մասին:

Հիմա էլ Գորիսի քաղաքապետի ընտրությունների հետ կապված իրադարձությունների շուրջ դեռ շարունակվում են բացասական արձագանքները, երբ իշխանությունների ճնշմամբ՝ ընտրապայքարից դուրս եկավ Սուրիկ Խաչատրյանի թեկնածուի մրցակիցը: Բայց սա դեռ չավարտված՝ իր «քաջագործությամբ» հանրությանը ապշեցրեց Սյունիքի նախկին մարզպետի եղբորորդին, ով, ըստ մամուլի տեղեկությունների, ընկերների հետ հարբած վիճակում գրոհել է Գորիսի բնակիչներից մեկի տուն եւ դաժան ծեծ ենթարկել նրա երկու որդիներին: Սա հերիք չէ, Լիսկայի եղբորորդին չի թույլատրել, որ դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենան իր զոհերին տեղափոխի հիվանդանոց: Ավելին, երկաթի ու դանակի հարվածներից տուժած եղբայրներին ծեծողները առեւանգել ու տարել են անհայտ ուղղությամբ:

Թե ինչով կավարտվի այս պատմությունը, արդեն կարծես թե պարզ է դառնում:

Ըստ կայքերից մեկի տեղեկատվության՝ Լիսկան հասցրել է ահաբեկել ծեծված եղբայրների մորը:

Դե, ինչպես Լիսկայի տղան «պատժվեց» իր տան բակում տեղի ունեցած մարդասպանության համար, այնպես էլ «կպատժվի» նրա եղբոր որդին:

Բացի այդ՝ պետբյուջեի համարձակ կողոպուտ, օֆշորային սկանդալ, կոռուպցիոն գործարքներ եւ նման «մանր-մունր» բաներ, ինչով անցած տարիներին փայլել են բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք սակայն ոչ թե հայտնվել են բանտում, այլ պաշտոնեական մի դիրքից անցել է մեկ այլ դիրքի՝ պարգեւատրվելով նոր աթոռով ու նախկինից ոչ պակաս բարձր կարգավիճակով:

Այնպես որ, հայաստանցիների նոր սերունդը ծնողների հուշերին սպասելու խնդիր չունի. ինքն ուղղակի ապրել եւ շարունակում է ապրել անպատժելիության մթնոլորտում, ինչը միայն նման դեպքերով չի սկսվում եւ ավարտվում:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը