Լրահոս

28.08.2009 18:18


Մարտիմեկյան հանձնաժողովը նիստ է գումարել

Մարտիմեկյան հանձնաժողովը նիստ է գումարել

2008 թվականի մարտի 1-2 Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողովի՝ օգոստոսի 28-ի նիստն սկսվել է ընթացիկ աշխատանքների վերաբերյալ հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի  տեղեկատվությամբ:

Նիկոյանը նշել է, որ ամառվա ընթացքում տեղի են ունեցել հանձնաժողովականների աշխատանքային խորհրդակցություններ, ստացված բոլոր զեկույցները ուղարկվել են նախաքննական մարմնին, նամակ է ուղարկվել նաև Ազգային անվտանգության ծառայությանը՝ վիճահարույց հարցերի վերաբերյալ հարցադրումներով, և  ստացվել են պատասխաններ:

Օրակարգային երկրորդ հարցի՝ հանձնաժողովի զեկույցի ձևավորման ընթացիկ աշխատանքների վերաբերյալ ելույթ  է ունեցել հանձնաժողովի անդամ, ԱԺ պատգամավոր Արամ Սաֆարյանը: Նա տեղեկացրել է՝, որ հանձնաժողովը առաջադրանք է տվել իրեն և ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին պատրաստելու հանձնաժողովի զեկույցի այն հատվածը, որը վերաբերում է նախընտրական և հետընտրական իրադարձությունների ամբողջությանը: Ըստ բանախոսի՝ այդ պատասխանատու  աշխատանքը իրենք պարտավոր են կատարել  անաչառ, ուստի այն պատրաստել են նախագահական ընտրությունների վերաբերյալ եվրոպական կառույցների դիտորդական խմբի եզրակացության, մարտի 1-ի դեպքերին առնչվող ԵԽԽՎ բանաձևերի և այդ դեպքերի վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հրապարակային զեկույցների հաշվառումով: Այդ փաստաթուղթը ստեղծելիս հաշվի են առնվել  այլ դիտարկումներ ևս, կան նաև անձնական որոշ գնահատականներ: Ըստ Ա. Սաֆարյանի՝ փաստաթուղթը դեռ ավարտված չէ, ունի տեխնիկական մշակման կարիք. վերջնական տեսքի կբերվի աշխատանքային քննարկումների ընթացքում:

Հանձնաժողովի անդամները փաստաթղթի վերաբերյալ ներկայացրել են  առաջարկներ:
Օրակարգային երրորդ հարցը վերաբերում էր Սեդա Սաֆարյանի և Անդրանիկ Քոչարյանի՝ հանձնաժողովին ներկայացրած զեկույցին:

Հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի տեղեկացմամբ՝  զեկույցում նշված է, որ 2008 թ. դեկտեմբերի 15-ին Հայ ազգային կոնգրեսը փաստահավաք խմբին է ներկայացրել փաստաթուղթ, որոնցում նշված են պաշտոնյաներ, որոնց մարտի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարության թիկունքի ծառայության պահեստից տրամադրվել է 950 հատ երկու տեսակի զինվորական կոստյումներ և 140 հատ գլխարկներ:

Սեդա  Սաֆարյանը և Անդրանիկ Քոչարյանը առաջարկում են ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին լրացուցիչ ուսումնասիրություններ կատարել ՀԱԿ-ի կողմից ներկայացված տեղեկությունների վերաբերյալ:

Քննարկումների արդյունքում հանձնաժողովը որոշել է ուսումնասիրել և ճշտել զեկույցի մեջ նշված փաստերի հավաստիությունը:

ԱԺ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Հ.Գ. Ի դեպ, այս նիստի մասին լրատվամիջոցների մի մասը տեղեկացել է նիստից ընդամենը 30 րոպե առաջ, իսկ մյուս մասն ընդհանրապես չի տեղեկացվել։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը