Կարծիք

28.05.2014 16:25


«Մինչև որ Սերժն ինքնահաստատվում է Հայաստանի շահերի հաշվին, մեր երկիրը ճոճվում է»

«Մինչև որ Սերժն ինքնահաստատվում է Հայաստանի շահերի հաշվին, մեր երկիրը ճոճվում է»

Էս շաբաթվա ընթացքում արդեն որերորդ զոհն ենք տալիս սահմանում: Ազերներն արդեն լրիվ հաբրգել են, ինչի համար պետք է շնորհակալություն ասենք մեր երկրի ղեկավարի աթոռը զավթած Սերժ Սարգսյանին: Եվ ստեղ ոչ մի չափազանցություն չկա:

Երկրի գլխավոր նպատակն է սեփական ժողովրդի անվտանգությունն ապահովելը, իսկ երկրի ղեկավարը հանդիսանում է երկրի Գլխավոր հրամանատար: Մեր երկրում նախագահի աթոռին հայտնված անձը դա չի հասկանում` շարունակելով իր նախաձեռնողական քաղաքականությունը, ինչն այլ կերպ, քան թուլության նշան չի կարող դիտարկվել դիմացինի կողմից: Դա մարդու էությունն է, որը հնարավոր չէ փոխել, և եթե նա զգում է, որ դիմացինը պատրաստ է զիջումների գնալ և օրից օր ավելի է թուլանում, ապա բնական է, որ ավելի ագրեսիվ և ակտիվ է դառնում:

Հերիք չէ, որ էս 6 տարվա ընթացքում Սերժն իր մերձավոր շրջապատի հետ գրեթե ոչնչացրել է մեր երկրի տնտեսությունը, իր «և՛…և՛»-ի քաղաքականությամբ արժեզրկել է Հայաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում ( ինչն անդրադարձել նաև մեր ստրատեգիկ գործընկերների հետ հարաբերությունների վրա, այդ թվում նաև տնտեսական ներդրումների կրճատման տեսքով), իր «ֆուտբոլային դիվանագիտությամբ» ուրացել է Հայոց Ցեղասպանոթյան զոհերի հիշատակը և սառեցրել ԱՄՆ-ի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացը ( ինչի արդյունքում Հայաստանը ոչ միայն քաղաքական կորուստներ է ունեցել, այլ նաև զգալիորեն վատթարացրել է իր հարաբերությունները սփյուռքի հետ), հիմա էլ մենք այս խայտառակ քաղաքականության պատճառով ականատես ենք դառնում այն բանի, որ շաբաթվա ընթացքում սահմանին հայ զինվորներ են զոհվում, բայց ոչ մի ադեկվատ պաշտոնական արձագանք չկա: Ավելին` Սերժը, շարունակելով իր խայտառակ «ֆուտբոլային դիվանագիտության» տրամաբանությունը, հայտարարում է, թե. «Պաշտոնապես հրավիրում եմ Թուրքիայի Նախագահին, ով էլ որ ընտրվի առաջիկա ընտրությունների ժամանակ, այցելելու Հայաստան 2015 թվականի ապրիլի 24-ին և առերեսվելու Հայոց Ցեղասպանության պատմության խոսուն վկայություններին», ինչը, վստահ եմ, արևմուտքին ևս մեկ անգամ հնարավորություն կտա Հիլարի Քլինթոնի ոճում հայտարարություն անել, թե «ԱՄՆ-ն չի ուզում խանգարել Հայաստանի ու Թուրքիայի միջև կարգավորվող հարաբերություններին»: Էլ չեմ խոսում մեր երկրի խորհրդավոր լռության, իսկ հետո` Նալբանդյանի անհեթեթ պատասխանի մասին` Ուորլիքի աղմկահարույց հայտարարության կապակցությամբ:

Ժողովո՛ւրդ, մինչև որ Սերժն ինքնահաստատվում է Հայաստանի շահերի հաշվին, մեր երկիրը ճոճվում է, և մի օր կարող է գլորվել ձորը: Հուսով եմ, որ էսքանը բոլորս ենք հասկանում, ինչպես նաև հասկանում ենք, որ էս իրավիճակին պետք է լուծում տալ, այլապես կորցնելու ենք մեր հայրենիքը:

Գրիգոր Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը