Մեկնաբանություն

27.05.2014 12:31


Հայաստանում սեքս չկա

Հայաստանում սեքս չկա

Սովետական Միությունը հայտարարում էր, թե երկրում սեքս չկա։ Արտահայտությունն այս դարձավ թևավոր՝ ծնելով բազմաթիվ անեկդոտներ։ Մի խոսքով, սեքսը կա, Սովետական Միությունը՝ ոչ։

Գնալով հաճախակիանում են Հայաստանի այսօրվա իշխող կուսակցության (իր ղեկավարով հանդերձ) նույնացումները ՍՄԿԿ–ի ու «գենսեկների» հետ։

Վերցրե՛ք Սերժ Սարգսյանի ու նրա կուսակիցների հայտարարությունները։

Օրինակ՝ «Բոլոր ընտրություններում Հանրապետականը տարել է խիստ համոզիչ հաղթանակներ»։ Այս և նման կարգի հայտարարություններին այլևս պետք չէ հակադարձել։ Իմաստ չկա։ Դա նույնն է, թե Սովետմիության նոմենկլատուրային փորձեիր համոզել, թե երկրում լավ էլ սեքս կա։

Հասկանալի է, որ Հայաստանի գործող իշխանության ամպագոռգոռ հայտարարությունները նյարդայնացնում են, բայց դրանց պետք է վերաբերվել որպես ախտորոշման։

Եթե իշխանությունը կյանքից այնքան կտրված է, որ «կարծում է», թե բոլոր ընտրություններում համոզիչ հաղթանակներ է տարել, որ գաղջ մթնոլորտը մի քանի լրատվամիջոցի ծնածն է, որ երկրի տնտեսությունն ավերածին շնորհակալություն են հայտնում ու ուղարկում դիվանագիտական աշխատանքի ... ուրեմն հարց չկա։ Պետք է ընդամենն ամբողջացնել իշխանության բոլոր հայտարարությունները «Հայաստանում սեքս չկա» դրույթի շրջանակներում։ Սա՛ է պնդում այսօրվա իշխանությանը։ Ախտորոշում, որի վերջը բոլորս էլ գիտենք ...

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը