Լրահոս

28.08.2009 16:00


ՀՀ–ում դպրոցի տնօրեններին նշանակելու նոր կարգ է գործում

-Օրենքը բավականին քննարկվել, վերծանվել, փոփոխվել է: Կառավարության ներկայացրած օրենքի նախագծի տարբերակի ու այն օրենքի միջև, որը հուլիսի 10-ին ընդունվեց ու օգոստոսի 15-ից արդեն պաշտոնական տեղեկագրում ստորագրվեց, սկզբունքային լուրջ փոփոխություններ կան,- «Հայացք» ակումբում խոսելով ԱԺ-ի կողմից ընդունված  «Հանրակրթության մասին» օրենքից՝ նշել է «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

 Նրա խոսքերով՝  կրթության ոլորտի այսօրվա փոփոխություններից ու կրթության մակարդակից է կախված, թե ովքեր կլինեն հանրապետության վաղվա քաղաքական գործիչները, նախագահը, վարչապետն ու նախարարները։  Փոփոխությունների կարևորագույն սկզբունքն, ըստ Անահիտ Բախշյանի, ուսումնական հաստատությունների կառավարման, ժողովրդավարացման սկզբունքն է: Ճիշտ է, դեռ 1999թ. կրթության բարեփոխումների նպատակով առաջին վարկային ծրագրով ներդրվել է դպրոցները խորհուրդներով կառավարելու ծրագիրը, «սակայն այդ կառավարման խորհուրդներն ընդամենը ծառայեցին իշխանահաճո տնօրեն ընտրելու նպատակին»։
Նրա հավաստմամբ՝ նախորդ օրենքը թույլ էր տալիս, որ դպրոցների տնօրենների ընտրությամբ զբաղվեն մարզպետները: Անահիտ Բախշյանը հավաստիացրել է, որ նոր օրենքով հստակ ամրագրված է, որ կրթության կառավարման խորհուրդը 5 տարի ժամկետով սահմանված կարգով ընտրում է տնօրեն ու հիմնարկի անունից նրա հետ կնքում աշխատանքային պայմանագիր: Այդ խորհրդի մեջ են ներգրավվում ծնողները, մանկավարժները, մարզպետարանի ներկայացուցիչները: Նոր օրենքով սահմանվում է նաև, որ դպրոցի տնօրենի թեկնածուն պետք է կրթության կառավարման հավաստագիր կարողանա ձեռք բերել, իսկ դա կլինի միայն այն դեպքում, եթե տնօրենի թեկնածուն դիմի հատուկ հանձնաժողովի, որտեղ որոշակի քննության ընթացակարգով անցնելուց հետ միայն կստանա կամ չի ստանա հավաստագիր:

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը