Մեկնաբանություն

26.05.2014 15:37


Սահմանադրական «բարեփոխումները»՝ ճանապարհ դեպի բոլշևիզմ

Սահմանադրական «բարեփոխումները»՝ ճանապարհ դեպի բոլշևիզմ

Սերժ Սարգսյանը շարունակում է սահմանադրական «բարեփոխումների» քարոզարշավը։ Սահմանադրության թեման գլխավորն էր ՀՀԿ 15-րդ համագումարում: Սակայն ներքաղաքական գործընթացները հուշում են, որ վերջին բոլշևիկի առաջին նպատակը վերարտադրվելն է, որի համար էլ ուզում է կատարել սահմանադրական «բարեփոխումներ», որպեսզի ցմահ մնա քաղաքական դաշտում:

Վերջին բոլշևիկը ՀՀԿ-ի համագումարում հայտարարել է. «Քաղաքական դաշտն անցնում է ցանցային/հորիզոնական կառավարման մոդելին»:

Սա հիշեցնում է Ստալինի հայտարարությունը 1925թ., երբ վերջինս Լենինի մահից հետո հայտարարեց, որ անհրաժեշտ է անցնել «կոլեկտիվ առաջնորդության» սկզբունքին, սակայն ուղիղ չորս տարի հետո նա ամբողջությամբ իշխանությունը վերցրեց իր ձեռքը և ղեկավարեց միանձնյա՝ մինչև իր մահը՝ մինչև այդ հասցնելով գնդակահարել ու անազատության մեջ պահել միլիոնավոր մարդկանց:

Սերժ Սարգսյանը ղեկավարման տարիների փիլիսոփայությունը հուշում է, որ նա նույնպես նման նպատակ է դրել իր առջև՝ ցանկանալով երկրում հաստատել դիկտատուրա և մեկ կուսակցության ղեկավարում՝ մեկ անձի գերիշխանությամբ:

Համագումարում նա խոսել է նաև երկբևեռ համակարգի մասին: Իրականում վերջին բոլշևիկը չի կարող ցանկանալ երկբևեռ համակարգի ձևավորում Հայաստանում։ Եթե նման ցանկություն լիներ, ապա 2012թ. խորհրդարանական ընտրությունները չէին կեղծի՝ խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ունենալու համար:

Այսօր Սերժ Սարգսյանը խոսում է երկբևեռ համակարգի մասին և դա անում է հիմնականում այն պատճառով, որ ցանկանում է սահմանադրական բարեփոխումների գործընթացում ստանալ ԲՀԿ-ի աջակցությունը: Եվ եթե Սերժ Սարգսյանին հաջողվի ավարտին հասցնել սահմանադրական «բարեփոխումների» գործընթացը և խորհրդարանական (իրականում՝ սովետական) կառավարման համակարգին անցումը, ապա նա դարձյալ ամեն բան կանի միաբևեռ կառավարման համակարգի վերադառնալու և այն պահելու համար, ինչպես ժամանակին արեցին Ստալինը, Մուսոլինին, Հիտլերը և այլք:

Վերջին բոլշևիկն իր կառավարման շրջանում Տիգրան Սարգսյանի և իր վերահսկողության տակ գտնվող մեդիաների միջոցով հարձակում էր սկսել այսպես կոչված օլիգարխների վրա:

Վերջին բոլշևիկը, լինելով համար առաջին օլիգարխը, Հայաստանում փորձում էր կուլակաթափ անել օլիգարխներին, և իր եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի միջոցով մասնաբաժին էր վերցնում գրեթե բոլոր սեփականատերերի տնտեսություններում: Օլիգարխների դեմ պայքարը միայն մեկ նպատակ ուներ՝ կենտրոնացնել ամբողջ տնտեսական ռեսուրսները մեկ տեղում և դարձյալ Սերժ Սարգսյանի վերարտադրումն ապահովելու համար:

Վերջին բոլշևիկը իր մեդիաների միջոցով նաև քարոզում էր ապաքաղաքական պայքարներ: Սերժ Սարգսյանը խնդիր էր դրել ձևավորել քաղաքականապես չեզոք և անտարբեր զանգվածներ, որոնք մի կողմից օլիգարխներին վերացնելու, մյուս կողմից հավերժ դիկտատուրա ձևավորելու հիմք կարող էին դառնալ: Հիմա էլ Բաղրամյան 26–ը շարունակում է աշխատել այդ ուղղությամբ։

Առհասարակ որևիցե հասարակությունում կապիտալը իր ձեռքում կուտակած խավի վերացումը հանգեցնում է նաև կուսակցական համակարգի վերացմանը, իսկ կուսակցական համակարգի վերացումը բարենպաստ պայմաններ է ստեղծում դիկտատուրա ձևավորելու համար: Այս թեզը՝ այսինքն կուսակցությունների ու կապիտալիստների վերացումը, քարոզվում է Բաղրամյան 26-ի վերահսկողության տակ գտնվող մեդիայով:

20-րդ դարում հենց ապաքաղաքական զանգվածներն ու պարզունակ մտածողության կրողներն են հիմք հանդիսացել Ստալինի ու Հիտլերի համար տոտալիտար ռեժիմ ստեղծելու: Այդ զանգվածների միջոցով նրանք կուլակաթափ արեցին կապիտալն իր ձեռքում կուտակած խմբերին, ու հետո անցան անգամ միջիններին ու մանրերին։ Դրանից հետո արդեն անձի պաշտամունքի ձևավորմանը ոչինչ չէր խանգարում։

Սերժ Սարգսյանի անցած ճանապարհը հստակ ցույց է տալիս, որ նա սահմանադրական «բարեփոխումների» միջոցով փորձում է հավերժ մնալ իշխանության:

Եթե Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական «բարեփոխումները» կյանքի կոչվեն, ապա կնշանակի է վերադարձ ամբողջական դիկտատուրային, ինչը որևէ պարագայում չի կարելի թույլ տալ։

Արմեն Գրիգորյան

Այս խորագրի վերջին նյութերը