Լրահոս

28.08.2009 14:14


Ի վերջո, ո՞ւմ են պատկանում այդ հողերը ՝ վրացակա՞ն, թե՞ հայկական կողմին

Հայ-վրացական սահմանի՝ Շիրակի մարզի հատվածում առաջացած լարվածության վերաբերյալ «7օր»-ը զրուցել է Բավրայի համայնքապետ Կորյուն Սումբուլյանի հետ: Այն հարցին, թե ի՞նչ իրավիճակ է հիմա սահմանի վրա, և արդյո՞ք վեճ կա հայերի և վրացիների միջև, Բավրայի համայնքապետը պատասխանել է. «Վեճ, որպես այդպիսին, վրացիների հետ դեռ չկա. հիմա արտգործնախարարության միջոցով բանակցություններ և սահմանի ճշգրտման աշխատանքներ են ընթանում: Խնդիրն այն է, որ ժամանակին մենք պայմանավորվածություն ենք ունեցել վրացական կողմի հետ, որ կարող ենք մտնել, դուրս գալ հողերը մշակելու համար: Սակայն անցած տարվա ռուս-վրացական պատերազմից հետո վրացիները խստացրեցին սահմանից մուտքուելքը. բերեցին բաներ տեղադրեցին՝ վախենալով ռուսներից: Մեզ համար էլ խստացվեց մուտքուելքը։ Իրենք ասում են, որ կարող եք մուտք գործել սահմանային անցակետից հողերը մշակելու համար. հակառակ դեպքում գյուղացիներին բռնում, 500 ԱՄՆ դոլարի չափով տուգանում են»:

«Ի վերջո, ո՞ւմ են պատկանում այդ հողերը ՝ վրացակա՞ն, թե՞ հայկական կողմին» « 7օր»-ի հարցին Կորյուն Սումբուլյանը պատասխանել է. «Տարբեր ժամանակվա քարտեզներով տարբեր է եղել. 1945-46թթ քարտեզներով իրենցն է, 1929, 1937թթ քարտեզներով՝ մերը. այդտեղ սահմանն անցնում է անտառի եզրով: Բայց մենք վկայականներ ունենք այդ հողերի համար. կադաստրով-բանով մերն են. 146 սեփականության վկայական ունենք»:

«Արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ է այն տեղեկատվությունը, որ իրենք ինքնակամ հայ-վրացական սահմանից 400 մ առաջ են գնացել, ինչի հետևանքով վրացիները նման կտրուկ միջոցների են դիմել» «7օր»-ի հարցին Կորյուն Սումբուլյանը բացասական պատասխան է տվել. «Ինչպե՞ս կարող է նման բան լինել, ո՞վ կարող է ինքնագլուխ սահմանն առաջ տալ։ Ո՛չ, նման բան չկա»:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

 

Այս խորագրի վերջին նյութերը