Կարծիք

24.05.2014 21:46


Սերժ Սարգսյանի համագումարային մեսիջները

Սերժ Սարգսյանի համագումարային մեսիջները

Այսօրվա ՀՀԿ 15-րդ համագումարին Սերժ Սարգսյանը մի քանի քաղաքական մեսիջներ հղեց թե՛ քաղաքական ուժերին, թե՛ քաղաքացիներին։ Պետք է խոստովանենք, որ համագումարը հնարավորություն էր Սարգսյանի համար «ընդհատակից» դուրս գալու, խոսելու կուտակվածի, նեոբոլշևիկյան (ճիշտ է՝ ամեն կերպ փորձել են նման տպավորություն չստեղծել, բայց դե, «хотели как лучше, получилось как у большевиков») հետագա ծրագրերի ու հետագա անելիքների մասին, և նորից «ընդհատակ» անցնելու։ Սկսենք նրանից, որ Սերժ Սարգսյանը, նշելով Հանրապետականի ցանցային ու հորիզոնական ընդլայնման մասին, ըստ Ֆրեյդի, անգիտակցաբար փաստում է նրա միահեծան կառավարման մոդելի ամբողջական իրականացման մտադրության մասին՝ «Մելիք-Ադամյան փողոցից մինչև Մեղրի կամ Տաշիր»։ Հիմա՝ ինչ վերաբերում է բուն ելույթին։ Առաջինը. «Ասվածի վառ վկայությունը մեր վերջին հերթական համագումարից հետո ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած բոլոր ընտրությունների արդյունքներն են և հատկապես տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն են տարբեր համայնքներում, որոնցում Հանրապետականը տարել է խիստ համոզիչ հաղթանակներ՝ շարունակելով ամուր հիմքեր դնել ապագա աշխատանքի ու հաղթանակների համար»։ Ճիշտ է, Սարգսյանը վերջին ընտրություններին վերընտրվել է «տոկոս խփելու» մեխանիզմի շնորհիվ, սակայն եկեք չմոռանանք, որ ընտրակեղծարարության զգալի մասն արվում է ՏԻՄ մակարդակում (դա է պատճառը, որ Լիսկաներին և այլ–երին պետական մեծ աջակցություն է ցուցաբերվում)։ ՏԻՄ մակարդակում հանրապետական դրածոներ ունենալու մեկ այլ պատճառն այն է, որ թաղային խուժանի միջոցով կարողանան մեծամասնականով խորհրդարանը վերցնել։ Ոչ վաղ անցյալում՝ երկու–երեք տարի առաջ, Հանրապետականը դեմ չէր 100% համամասնականին անցնելու, սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ այդ դրույթն անգամ ՀՀԿ ծրագրերից մեկում է ամրագրված եղել։ Մինչ հաջորդ կետին անցնելը փոքրիկ շեղում. «Խորացրել ենք հարաբերությունները ԵԺԿ անդամ մի շարք եվրոպական կուսակցությունների հետ Գերմանիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Հունաստանից, Կիպրոսից», – հավանաբար ընդգծված երկրների հետ «հարաբերությունների զարգացումը» ընթացել է «Օֆշոր Տիկոյի» բարձր հովանու ու անմիջական մասնակցության ներքո։ Երկրորդ. «Ակտիվացել են շփումները Չինաստանի կոմունիստական կուսակցության հետ»,–ինձ համար շատ զարմանալի կլիներ, եթե ակտիվացվեին շփումները ոչ կոմունիստական կուսակցությունների հետ։ «Дурак дурака видит издалека» մեկ տարբերությամբ, որ Չինաստանն ընդունում է մասնավոր սեփականության իրավունքն ու չի խորշում ազատ շուկայական հարաբերություններից, որը նրա ապուշությունը քիչ տեսանելի է դարձնում։ Այստեղ պետք է նշեմ նաև, որ առկա է տեքստի կառուցման բավականին ծիծաղելի անճշտություն։ Խոսքն այս հատվածի մասին է. «Այս բոլոր միջազգային շփումները Հայաստանի հանրապետական կուսակցությունը ծառայեցնում են Հայաստանի և հայ ժողովրդի կենսական ու ազգային շահերի հետապնդմանը, երկրում ժողովրդավարության ամրապնդմանը, կուսակցական շինարարության արդիականացմանը», որը պետք է ըստ տրամաբանության գար ԵԺԿ մասից հետո, ոչ թե «Միասնական Ռուսաստանի» ու Չինաստանի կոմկուսից հետո։ Ռուսաստանն է ժողովրդավա՞ր, թե Չինաստանը։ Չնայած «կուսակցական շինարարության արդիականացման» մասով Չինաստանի կոմկուսն ահագին օգտակար կլինի ՀՀԿ–ի արդիականացմանը։ Մի խոսքով, տեքստի նման տրամաբանությունն ինձ համար քաղաքագիտական նոնսենս էր։ Երրորդ. «Եթե կազմակերպչական և կառուցվածքային ամրապնդման աշխատանքները բավականին լավ են ընթանում, ապա նույնը դժվարանում եմ պնդել բովանդակային քննարկումների ծավալման և գաղափարների ուղղահայաց հոսքի ապահովման առումով: Այստեղ ես չիրացված լուրջ ներուժ եմ տեսնում», – բնական է, Հանրապետականի գործարար հատվածին հեչ ձեռք չի տալիս նեոբոլշևիկյան գաղափարախոսությունը, որը, բնական է, ոչ միայն բովանդակային, այլև շահային քննարկումների տեղիք է տալիս։ Չորրորդ. Խոսելով խորհրդարանում ներկայացված կուսակցությունների բազմության մասին՝ ասել է. «Այս իրողությունն օբյեկտիվորեն համախմբում է պարտադրում մեզ և, անկեղծ ասած, համախմբման էլ հասցնում է: Դա ճիշտ է և՛ ընդդիմադիր ուժերի, և՛ իշխող կուսակցության դեպքում: Եվ սա լրջագույն ձեռքբերում է ժամանակակից պետություն կառուցելու մեր որդեգրած ճանապարհին»: Սա մեսիջ է ոչ թե երկրում ժողովրդավարության կայացման վերջնական փուլի՝ համախմբման կայացման, այլ ՀՀԿ–ի ու իշխող իշխանության համախմբման՝ հանուն «Գաղտնիք չէ, որ Հայաստանի քաղաքական ուժերն այսօր արդեն դիրքավորվում ու վերադիրքավորվում են՝ իրենց համար թիրախ ունենալով 2017-2018 թվականների ընտրությունները: Դա թաքնված կամ անթաքույց անում են բոլորը: Այն, որ ընդդիմադիր կուսակցություններն այսօրվանից արդեն զբաղված են ապագա խորհրդարանական և նախագահական ընտրություններին պատրաստվելով, ես բնական եմ համարում» ընդդիմության նման մտադրությունները թույլ չտալու կամ կասեցնելու համար։ Հինգերորդ. «Մեր երկրի սոցիալ-տնտեսական վերելքը սերտորեն կապված է նաև համակարգային փոփոխությունների հետ: Այդ առումով էական նշանակություն կունենան հատկապես սահմանադրական բարեփոխումները»։ Մարդը ոչ թե քաղաքական մեսիջ է հղում այս դեպքում, այլ «քաղաքական ձեռնոց» է նետում ողջ հայությանը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում։ Վեցերորդ. «Կառավարության անդամների վրա նույնպես հսկայական պատասխանատվություն է դրված: Բոլորի աշխատանքը չափվելու է կոնկրետ արդյունքներով, գործի հանդեպ նվիրվածության և ջանասիրության մակարդակով: Անփոխարինելի մարդիկ չկան: Թերացողները շատ արագ կփոխարինվեն: Մեր կադրային պահուստը բազմապատիկ ավելին է, քան ոմանց կարող է թվալ»։ Սա էլ Հովիկ Աբրահամյանին վաղ հնչեցրած պատգամների (http://www.president.am/hy/statements-and-messages/item/2014/04/13/President-Serzh-Sargsyan-speech-Republican-Party/) ուղիղ հիշեցումն է։ Բացի դրանից, Սարգսյանը նորանշանակ վարչապետին հասկացրեց, որ ոնց նշանակել է, տենց էլ կհանի, երբ ուզի, ինչ «ատմազկայի» տակ ուզի։ Հովիկ Աբրահամյանին գրեթե երկու ամիս շարունակ զգուշացնում էինք հնարավոր հետևանքների մասին։ Չլսեց, այսօրվա իր կարդացած, բայց ոչ նրա կողմից գրված ելույթով վերջնականապես ստանձնեց Սերժ Սարգսյանի «քաղաքական մահապարտի» պաշտոնը։

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը