Մեկնաբանություն

24.05.2014 14:45


Սարգսյանն Աբրահամյանի ու գործարարների համար գաղջ մթնոլորտ է ապահովելու

Սարգսյանն Աբրահամյանի ու գործարարների համար գաղջ մթնոլորտ է ապահովելու

Երբ Սերժ Սարգսյանը ոչիշխանական քառյակի ճնշման տակ ստիպված եղավ վարչապետի պաշտոնից հեռացնել իր սիրելի Տիգրան Սարգսյանին և ցայտնոտային իրավիճակում վարչապետ նշանակել Հովիկ Աբրահամյանին, արդեն իսկ կանխատեսելի էր, որ Բաղրամյան 26–ը գաղջ մթնոլորտ է ապահովելու վերջինիս համար։

Այդպես էլ եղավ։

Սարգսյանն Աբրահամյանին ներկայացնելիս՝ ՀՀԿ խորհրդի նիստում հայտարարեց հետևյալը. «Ես շնորհավորում եմ Հովիկ Աբրահամյանին այս կարևոր փուլում Հայաստանի կառավարության ղեկն ստանձնելու կապակցությամբ, բոլորիս անվերապահ և լուրջ սատարումն եմ խոստանում նրան և ցանկանում եմ շոշափելի հաջողություններ մեր երկրի, մեր տնտեսության հետագա զարգացման գործում»։

Այդ հայտարարությունից րոպեներ անց Բաղրամյան 26–ի տակ աշխատող բոլոր լրատվամիջոցներն ու Սարգսյանին կցված հաճախորդները կատաղի հարձակում սկսեցին Հ. Աբրահամյանի դեմ։

«Նոր» կառավարության ծրագրի քննարկումների փուլում էլ Սերժ Սարգսյանն ԱԺ–ում ու ԱԺ պատերից դուրս «հանրահավաքներ» էր կազմակերպում Աբրահամյանի դեմ։

Այսօր պարզ դարձավ, որ Սարգսյանը շարունակելու է «փչացնել» Աբրահամյանին, քանզի ՀՀԿ 15–րդ համագումարում «Վերջին բոլշևիկը» կրկին աջակցություն խոստացավ նորանշանակ վարչապետին։

«Կառավարությունն այսօր իրեն ամուր ու վստահ է զգում և ունի մեր բոլորի՝ Հայաստանի հանրապետական կուսակցության աջակցությունը»,– մասնավորապես նշել է Սարգսյանը։

Թե ինչ է նշանակում Սարգսյանի խոսքն իրականում և ինչպիսի աջակցություն է նա ապահովում, Աբրահամյանը կիմանա։

Ի դեպ, բացի Աբրահամյանից լրջորեն պետք է մտահոգվեն նաև փոքր, միջին ու խոշոր գործարարները, քանզի Սերժ Սարգսյանը նրանց էլ է աջակցություն խոստացել ՀՀԿ համագումարում հնչեցրած իր ելույթում։

Բոլորս էլ գիտենք, թե ինչպես է Սարգսյանն աջակցում գործարարներին։ Եվ ուրեմն, ծանր օրեր են սպասվում ինչպես Աբրահամյանին, այնպես էլ բիզնես դաշտին։ Հատկապես որ երկրում փող չկա (Սերժ և Տիգրան Սարգսյանները մսխել են դրանք)։

Ստեղծված իրավիճակում ելքը մեկն է՝ Ս. Սարգսյանի վերարտադրության համար արվող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի թույլ չտալը, իսկ զոռբայության դեպքում՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն Սերժ Սարգսյանի արտահերթ հեռացման գործընթացի վերածելը։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը