Կարծիք

24.05.2014 12:58


Արմեն Հարությունյան

Արմեն Հարությունյան

Հենց այն պահին, երբ երկրի, ՀՀԿ-ի ու վերջին խորհրդարանական ընտրությունների ՀՀԿ ընտրացուցակի 2-րդ համարը՝ Հովիկ Աբրահամյանը, իմացավ, որ իրեն վարչապետ են նշանակում ոչ թե իր անցած ուղու, կազմակերպական ունակությունների, իշխանություններին, կուսակցությանն ու անձամբ Սերժ Սարգսյանին մատուցած անգնահատելի ծառայությունների, այլ իր խնամի Ծառուկյանին պարտավորությունների տակ կոխելու համար, դրանից հետո Արգամիչը պետք է կատեգորիկ հրաժարվեր ստանձնել վարչապետի պաշտոնը: Ավելին, պետք է ինչ-որ տեղ նեղացածի կեցվածք ընդուներ ու մնար իր տեղում, հետագա քաղաքական զարգացումների կիզակետում՝ իր առանցքային դերակատարության պոտենցիալով:

Բայց Աբրահամյանը չդիմացավ գայթակղությանը, քանի որ նրան ճանաչողները վսահեցնում են, որ նա վարչապետի պաշտոնին ձգտում էր ոչ թե այս վերջին 6 տարում, այլ դեռ Անդրանիկ Մարգարյանի ժամանակվանից, երբ ցանկացած խոսակցության ժամանակ, որ վարչապետը կարող է փոխվել, Արգամիչն իր տեղը հիշեցնել էր տալիս անգամ մամուլի միջոցով:

Փաստորեն, Աբրահամյանի համար վարչապետի պաշտոնը ոչ թե երազանք էր, այլ մուրազ՝ համարյա բարձրացված «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» մակարդակի: Դա է պատճառը, որ նա քաջ գիտակցելով, որ կարճ ժամանակում մնալու է մենակ, միևնույն է, համաձայնվեց ստանձնել վարչապետի պաշտոնը: Չէ՞ որ իրեն էլ էր պարզ, որ հասարակական աջակցություն ունենալ Ս. Սարգսյանի ծրագրերը կյանքի կոչելով պարզապես լուրջ չէ:

Ոչիշխանական ուժերը եթե մտադիր լինեին նրան աջակցել, ապա դա կանեին հենց սկզբից, ու կհայտարարեին, որ իրենց պարտադրանքի արդյունքում ոչ միայն փոխվեց Տիգրան Սարգսյանը, այլև նշանակվեց Հովիկ Աբրահամյանը, ում նվիրվածության հարցում Ազատիչը լուրջ կասկածներ ուներ: Սեփական թիմում Արգամիչը չի կարող հենարան ունենալ, քանի որ այն ծառայում է մեկ մարդու: Իսկ հիմա, դառնալով վարչապետ, հանկարծ պարզում է, որ բյուջեի մուտքերը ռիսկային են, կարծես ինքը չէր այս բյուջեի ընդունման ժամանակ ՀՀԿ-ի պատգամավորներին «բռնահրավիրում» դահլիճ, որպեսզի «կոճակեն» բյուջեն:

Հիմա, եթե իրեն հանձնարարված է շարունակել նախորդի գործը, և որպես ԱԺ նախագահ ընդունել է, որ բյուջեն իրատեսական է, ապա ինչպե՞ս է փորձելու բյուջեի սեկվեստրի առաջարկությամբ հանդես գալ: Կստացվի, որ ինքն է վատ կառավարիչ, որ չի կարողանում բյուջեի կատարողականն ապահովել: Այսինքն, Հովիկ Աբրահամյանի «մանկության երազանքն» իրականություն դարձնելու անհագ ձգտումը նրա զգոնությունն այն աստիճանի բթացրեց, որ վերջին 20 տարում իր շահերը հրաշալի իմացող ու քայլերը ճարպկորեն հաշվող Արգամիչն այս անգամ մնալու է Սերժ Սարգսյանի կործանվող ադմինիստրացիայի փլատակների տակ, քանի որ մինչև վերջին պահը փորձելու է փրկել այս իշխանությունը, որպեսզի վայելի իր պաշտոնը և, բացի այդ, թիմակիցների մոտ իր հանդեպ վստահության վերականգնման նպատակով «խորտակվող նավից» չի ճողոպրելու մինչև վերջին պահը:

Իսկ մեզ մնում է Արգամիչին հիշեցնել, որ չփորձի ձախողման մեղքն ուրիշների վրա գցել, կամ ցույց տալ, թե սա իր համար պարտադրված որոշում էր: Ո՛չ, սա իր ընտրությունն է, որի մեջ ներառված է նաև մինչև վերջ պարտված պարտիան խաղալը, կամ փորձանքի կեսից հետ դառնալը:

Աբրահամյանը դեռ շանս ու ժամանակ ունի ուրիշի պարտված պարտիայում զոհաբերվողի դերում հանդես չգալու համար։

Թե ո՞ր ճանապարհը նա կընտրի, պարզ կդառնա շատ մոտ ապագայում։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1421780948093688&id=100007853887323

Այս խորագրի վերջին նյութերը