Կարծիք

25.01.2011 15:02


Քաղաքապետը մեղք չունի...

Քաղաքապետը մեղք չունի...

Եթե ես այսպիսի մի հայտարարություն անեի քաղաքապետարանի մոտ ցույց անող առեւտրականների առաջ, հասկանալի է, չէ՞, թե ինձնից ինչ կմնար: Բայց նաեւ պետք է հասկացնել փողոցում առեւտուր անողներին, որ, այո, քաղաքապետը չէ իրենց ցասումի թիրախը: Թիրախը փողոցային առեւտուրն արգելող օրենքն է, ինչն էլ նորանշանակ (այո, նորանշանակ) քաղաքապետը փորձում է իրականացնել: Ոչ մի նորանշանակ պաշտոնյա, սա չգրված օրենք է, չի կարող կանգնել ու նշանակողին ասել, թե դուք մինչ իմ պաշտոնակալությունը սխալ բաներ եք արել, որոնք ես չէի ցանկանա իրականացնել: Կարեն Կարապետյանն էլ բացառություն չէ:

Ուրեմն որտեղի՞ց սկսել եւ ինչպես լուծել խնդիրը: Մեր կարծիքով' հարցը պետք է դնել ոչ թե քաղաքապետարան-վաճառական, այլ պետություն-քաղաքացի հարթության վրա, եթե, իհարկե, ընդունում ենք, որ բողոքողները ՀՀ քաղաքացիներ են: ՀՀ քաղաքացին մեղավոր չէ, որ ժամանակին հայրենի կառավարությունը աշխատատեղի եւ սոցիալական այլ խնդիրներ լուծելու նպատակով իրեն թույլատրել է ձեռներեցություն ցուցաբերել եւ թեթեւացնել պետության հոգսը: Մարդը (մարդիկ) արձագանքել է պետության քայլին, ներդրել իր մտավոր, ֆիզիկական եւ ֆինանսական հնարավորությունները, խնդիր լուծել եւ մի բան էլ հարկեր վճարել: Մենք, ափսոս, տեղեկություններ չունենք' փողոցային առեւտրով զբաղվողներց գանձված գումարներից այդ նույն պետության պաշտոնյաները բարեհաճե՞լ են պետությանն էլ մի բան թողնել, թե՞ ոչ: Բայց, այնուամենայնիվ լավն ենք մտածում' թողել են:

Այսօր, երբ պետության գործերը մի փոքր լավացել են (ապրանքների առատություն, նորաձեւ առեւտրի կենտրոններ ու սուպերմարկետներ), փողոցային առեւտրականի (մարդու լեզուն չի պտտում նրանց այդպես անվանել) պահանջարկը երկրորդ, մենք կասեինք' վերջին, պլան է մղվել: Առաջնային են դարձել մայրաքաղաքի բարետեսության հարցերը, որոնց հետեւում հատկապես հեշտությամբ թաքցվում են սոցիալական այն խնդիրները, որոնք միանգամից գլուխ են բարձրացնում աշխատանքից զրկվող մարդկանց ու նրանց ընտանիքների քանակին համեմատ: Այդ մարդիկ այսօր որեւէ հույս չունեն, թե կստանան հասարակության աջակցությունը: Նրանք բոլորովին այլ խավ են: Նրանք ժամանակին չմիացան, օրինակ, տաքսու վարորդների ցույցին, տաքսու վարորդներն էլ չեն միանում նրանց բողոքին: Բնական է, այդպես էլ պետք է լիներ: Ուրեմն հարց կա' ո՞ւր է մեր սոցիալական պետությունը, որ իր քաղաքացին փողոցներն ընկած իր գոյության մի կտոր հացը վաստակելու հնարավորությունը ձեռքից չխլելու պահանջ է դնում: Ո՞վ պետք է օգնույան ձեռք մեկնի նրան, եթ ոչ պետությունը, որ մի ժամանակ օգտվել է այդ նույն քաղաքացու ծառայություններից:

Եթե մի փոքր խիստ լինենք, նույնիսկ կարելի է ասել, որ պետությունը նրանց հանդեպ «գողական» կեցվածք է որդեգրել եւ կամ' կաշառված դատավորի, ով «քյաշ» փողի դիմաց նպաստում է փող տվողի բիզնեսի զարգացմանը: Մենք չենք կարող ընդունել այլ պատճառաբանություններ, քանզի եթե գեղեցիկ քաղաքում դժբախտ մարդիկ են ապրում, ապա այդ գեղեցկությունը մի քոռ գրոշ էլ չարժի:

Այս հարցում գողական մոտեցումը որեւէ լուծման չի կարող բերել: Մենք ընդամենը կմեծացնենք դժգոհ մարդկանց քանակը, որից էլի մի զնգված ստիպված կբռնի արտագաղթի ճանապարհը: Հետեւաբար' այլ քայլեր են անհրաժեշտ: Դրանցից մեկը կարող է լինել մարդկանց ներդրումների գոնե մի մասի հատուցումը, նոր տեղհատկացումը, նոր կրպակներով առեւտրային բարետես շարքերի հիմնումը եւ այլն: Նկատենք, որ արդեն արդյունք են տալիս միրգ-բանջարեղեն վաճառողներին շուկա տեղափոխելու առաջին քայլերը: Շուկաներում անվճար տեղեր հատկացնելը գոնե առաջին էտապում արդեն իսկ դրական երեւույթ է: Սակայն պետք է հետեւել, որ հետագայում էլ շուկան «նայողները» չնստեն նրանց վզին ու «շուկայականի» չբերեն «փողոցային» գները:

Արդյոք Երեւանի քաղաքապետի իրավասության շրջանակներո՞ւմ են բոլոր այս խնդիրները: Մեր կարծիքով' ոչ: Պարզապես համապետական հարցը դեմ է առել Երեւանի օրենքին: Հետեւաբար առնվազն երեք մարդ' ՀՀ նախագահը, վարչապետը եւ Երեւանի քաղաքապետը միահամուռ ուժերով պետք է լծվեն գործի: Առաջինը պետք է հրաման տա, երկրորդը միջոցներ ճարի, իսկ երրորդն զբաղվի կազմակերպչական գործով: Եվ, ընդհանրապես, պետության մեջ բոլոր հարցերը պետք է լուծում ստանան նախ' կոնկրետ պատասխանատուներին ի հայտ բերելով: Հակառակ պարագայում հայ ավիադիսպետչերները կարող են մի գեղեցիկ օր ցույց անել ՀՀ որսորդմիության Արգավանդ գյուղի բաժանմունքի վարիչի դեմ, թե ձեր ագռավները խաթարում են մեր ռադարների անսխալ աշխատանքը: Իսկ եթե  ավելի առաջադիմեն ու պահանջեն նաեւ վարիչի հրաժարականը, ամեն ինչ ուղղակի կատարյալ կլինի:

Էդիկ Անդրեասյան

Այս խորագրի վերջին նյութերը