Մեկնաբանություն

24.05.2014 01:41


Սերժ Սարգսյանը և գաղջ մթնոլորտը

Սերժ Սարգսյանը և գաղջ մթնոլորտը

Անցած տարի տեղի ունեցած ինքնաասուլիսի ժամանակ Սերժ Սարգսյանը դժգոհեց գաղջ մթնոլորտից։ Ըստ նրա՝ երկրում առկա խնդիրները և մասնավորապես՝ արտագաղթն այդ գաղջ մթնոլորտի հետևանքն են, իսկ գաղջն էլ իր հերթին հետևանք է մի քանի լրատվամիջոցների գործունեության։

Այն, որ Հայաստանում գաղջ մթնոլոտ է, դժվար է Սարգսյանի հետ չհամաձայնելը, բայց այդ գաղջ մթնոլորտի մեղավորը և ճարտարապետը ոչ թե Բաղրամյան 26–ի վերահսկողությունից դուրս գործող մեկ ձեռքի մատների վրա հաշվվող լրատվամիջոցներն են, այլ հենց Սերժ Սարգսյանը։

Դա, թերևս, իր մաշկի վրա վերջին օրերին զգաց նաև նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Բոլորն էլ տեսան, որ «Գեբելսյան» քարոզչամեքենան կատաղի քննադատության է ենթարկում ՀՀԿ–ական վարչապետին ու նրա կաբինետին։

Խնդիրն այն չէ, որ Հովիկ Աբրահամյանն արժանի չէ քննադատության։ Իհա՛րկե արժանի է, և դա մենք անում ենք։ Բայց երբ քննադատությունն արվում է Սերժ Սարգսյանի կրնկի տակ գտնվող լրատվամիջոցներով, մթնոլորտը դառնում է գաղջ։

Դատե՛ք ինքներդ. ինչպե՞ս կարող է գաղջ մթնոլորտ չառաջանալ, երբ, ասենք, Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանի, որոշ ՀՀԿ–ականների, նախարարների ու մյուսների հետ ջան–ջիգյար է անում, նրանց հրապարակավ աջակցություն հայտնում, բայց «տակից» հոդվածներ պատվիրում և ԱԺ–ում նեոգեղամյանին նույն այդ մարդկանց դեմ քսի տալիս։

Ընդհանրապես գաղջ մթնոլորտի ձևավորումը «Վերջի բոլշևիկի» համար ունի շատ պրակտիկ նշանակություն։ Նա գիտի, որ չի ունեցել, չունի և չի ունենալու հանրային լեգիտիմություն (քաղաքական լեգիտիմության մասին խոսելն անգամ անիմաստ է)։ Սարգսյանը լավ գիտի, թե ինչ կարծիքի են իր մասին։ Այդ իսկ պատճառով էլ ստեղծել է քարոզչական մեքենա, որի վրա խնդիր է դրված վարկաբեկել ու «փչացնել» ամեն ինչ և ամենքին։ Ու որպեսզի այդ մեքենայի աշխատանքի արդյունավետությունը բարձր լինի, հրահանգված է վարկաբեկել ու «փչացնել» նաև իրեն՝ գաղջ մթնոլորտի պատվիրատուին՝ Սերժ Սարգսյանին։

Սերժ Սարգսյանի մտածողության սխեման հետևյալն է. «Եթե Հայաստանում բոլոր քաղաքական ուժերը, քաղաքականապես ակտիվ անհատները և հասարակական խմբավորումները վարկաբեկվեն, ապա իմ վարկաբեկվածությունը կլղոզվի՝ «բոլորն էլ մի բարի պտուղ չեն» տարբերակով, և ես հնարավորություն կստանամ «մուտիլովկաների» միջոցով հավերժ իշխել ու փող աշխատել»։

Սերժն ունի վարկաբեկման երկու տեխնոլոգիա՝ մեկը հաճախորդացումն է (Արտաշես Գեղամյան, Նիկոլ Փաշինյան, Արամ Սարգսյան, Դավիթ Շահնազարյան, Պարույր Հայրիկյան և այլն), իսկ մյուսը՝ քարոզչական հարձակումները (հիմնական թիրախներն են՝ ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը, քառյակը, Ռոբերտ Քոչարյանը, Լևոն Տեր–Պետրոսյանը, Գագիկ Ծառուկյանը)։ Ընդ որում՝ նա իր թիրախների վրա հարձակվում է հաճախորդների (ԱԺ–ում Նիկոլ Փաշինյանի պահվածքը դրա վառ ապացույցն է) և «անկախ» լրատվամիջոցների միջոցով։

Այսքանից հետո ինչպե՞ս կարող է գաղջ մթնոլորտ չառաջանալ։

Երբ «անկախ» խմբագիրը պատվեր է ստանում Բաղրամյան 26–ից հարձակվել, ասենք, ԲՀԿ–ի վրա (գլխավոր թիրախ) և միևնույն ժամանակ հրահանգ է ստանում հարվածել նաև Սերժ Սարգսյանին (երկրորդային թիրախ), որպեսզի գլխավոր թիրախին հասցված հարվածների արդյունավետությունը բարձրանա, ինչպե՞ ս կարող ենք խուսափել գաղջ մթնոլորտից։

Հայտնի բան է, որ Սերժն իրեն քննադատողների հետ խնդիր չունի (հրե՛ն, Գեղամյանը ՀՀԿ–ի ցուցակով պատգամավոր է դարձել, իսկ «վախտին» հո չէր հայհոյում Սերժին, հո չէր հայհոյում)։ Դրա համար էլ «անկախները» հնարավորություն են ստանում «թունդ ընդդիմադիր» կեցվածքով հանդես գալ։ Դրանց, սակայն, հեշտությամբ կարելի է տարբերել. եթե որևէ լրատվամիջոց կամ քաղաքական կոչված գործիչ, Սերժին քննադատելով հանդերձ, կատաղի պայքար է մղում քառյակի, ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի, Քոչարյանի, Տեր–Պետրոսյանի և Ծառուկյանի դեմ, ապա իմացած եղեք, որ գործ ունեք «դիշովի» լրատվամիջոցի և նմանատիպ քաղգործչի հետ։ Ահա այս սխեմայում է, որ ծնվում է գաղջը։

Պատկերացնու՞մ եք այն «թունդ ընդդիմադիր» հաճախորդի հոգեվիճակը, ով գիտի, որ իր պատվիրատուն, մեծ հաշվով, Սերժ Սարգսյանն է, բայց իրեն ֆինանսավորում են նաև Սերժին հայհոյելու համար, որպեսզի կարողանա «դհոլությունը» ճշտի տեղ անցկացնել՝ «Քանի ոչխարի էլ հավատացնենք ու մոլորեցնենք, էլի քյար ա» թեմայով։ Սա ծնում է անբարոյական միջավայր և անբարոյականները տարածում են գաղջը։

Սերժին պետք է որ իր թուրքմենբաշիացմանը խոչընդոտ հանդիսացող ուժերի դեմ պայքարեն, իսկ եթե դրա համար անհրաժեշտ է նաև, որ ինքն էլ «փչանա», ապա նա խնդիր չունի։ Արժանապատվության և մարդկային փոխհարաբերությունների մասին ՀՀԿ ղեկավարն ուրույն պատկերացումներ ունի։ Ինքն, ըստ այդմ, տեղով մեկ գաղջ մթնոլորտի քայլող մարմնավորում է։

Բա գաղջ մթնոլորտը հո՞ պոզով–պոչով չի լինում։

Նկատենք, որ սա եզակի երևույթ է հայ իրականության մեջ։ Սա քրիստոնեական աշխարհին ներհատուկ բան չէ։ Սա ուրիշ բան է։

Սա բոլշևիկյան ժանտախտի մնացուկներից է, որը պետք է արմատախիլ անել մեր կյանքից, այլապես Հայաստանը չի դիմանա այս գաղջ մթնոլորտին։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը