Քաղաքական

23.05.2014 13:47


Լ. Զուրաբյան. «ՀՀԿ–ն գտնվում է իր մեծամասնությունը կորցնելու եզրին»

Լ. Զուրաբյան. «ՀՀԿ–ն գտնվում է իր մեծամասնությունը կորցնելու եզրին»

ԱԺ այսօրվա ճեպազրույցների ժամին ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ընդգծել է, որ քառյակի համախմբված գործունեության շնորհիվ Հայաստանում նոր քաղաքական իրավիճակ է ստեղծվել:

Ներկայացնելով այդ նոր քաղաքական իրավիճակի բաղադրիչները՝ Լ. Զուրաբյանը նշել է.

–Առաջինը՝ Տիգրան Սարգսյանի կառավարությունը, փաստորեն, զոհաբերեցին: Երկրորդ՝ կոալիցիան վերջնականապես քանդվել է, այլևս գոյություն չունի կոալիցիա. ՀՀԿ-ն մնացել է մեն-մենակ: Երրորդ՝ արդեն իշխող օլիգարխներն են դուրս գալիս առաջին գիծ: Եթե մինչև հիմա իշխանությունը, կառավարությունը օգտագործել են երիտասարդ տեխնոկրատների կենդանի վահանը, այսօր արդեն օլիգարխիան մերկացել է և անձամբ է ստանձնել իր պաշտպանությունը: Այսօր ամենակոռումպացված, ամենաօդիոզ, էությամբ օլիգարխ պաշտոնյաներն իրենք են գրավում առանցքային պաշտոնները: Չորրորդ՝ կառավարության ծրագրի ընդունումը, ըստ էության, տապալվեց: Կողմ է գրանցվել 70 ձայն, որոնցից առնվազն 3–ը կեղծվել է։

Այն, որ ՀՀԿ–ն իսկապես հայտնվել է ծանր վիճակում, Լ. Զուրաբյանի խոսքերով, վկայում է 2 ձայնն էլ ՀՀԿ-ական հարբած պատգամավորների միջոցով ապահովելը, որոնց «պեղել, քերել, բերել էին խորհրդարան»։

–Նաև այնպիսի ծանր վիճակում են, որ ստիպված են եղել ՕԵԿ-ից պոկել մեկ ձայն, որ կարողանան անցկացնել ծրագիրը: Եթե սա հաշվի ենք առնում, ծրագիրը իրականում տապալվել է։ Կեղծիքներով, ահաբեկումներով մի կերպ կարողացել են ապահովել ծրագրի «ընդունումը»: Իշխող կուսակցությունը գտնվում է իր մեծամասնությունը կորցնելու եզրին,-ավելացրել է Լ. Զուրաբյանը:

Ինչ վերաբերում է ոչիշխանական 4 ուժերի համագործակցությանը, Կոնգրեսի խմբակցության ղեկավարը տեղեկացրել է, որ Ազատության հրապարակում համատեղ հանրահավաք են հրավիրելու, որ ժողովուրդը տեր կանգնի իր պահանջներին։

–Հասել ենք ռեժիմի ռեսուրսների սպառման եզրին, և այժմ մեր առաջ դնում ենք նոր անելիքներ, որոնց հիմնական նպատակն է կարողանալ հասնել Սերժ Սարգսյանի ռեժիմի հեռացմանը՝ հրաժարականին, և արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններում Հայաստանում ընտրովի իշխանության ձևավորմանը,-ասել է Լ. Զուրաբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը