Կարծիք

23.05.2014 13:12


Մերի Մովսիսյան. «Տարբերությունը մեծ է»

Մերի Մովսիսյան. «Տարբերությունը մեծ է»

Երկրում փոփոխությունների հասնելու շատ միջոցներ ու մեխանիզմներ կան։ Սակայն այդ բոլոր մեխանիզմներն արդյունավետություն կունենան մեկ պարագայում՝ միասնականության ու հստակության։
Ընդհանրապես, չկայացած ժողովրդավարության երկրները միտում ունեն հետընթացի բռնապետության տարբեր մոդելների։ Նման պայմաններում կառավարող էլիտան միայն մեկ դեպքում է տեղիք տալիս՝ եթե տեսնում է իրեն հակադրվող միասնական ուժ։ 100 դրամի պայքարը, կենսաթոշակայինը, Տիգրան Սարգսյանի «հրաժարականը».... բոլոր այս դեպքերում առկա էին հստակություն և միասնականություն։ Ի դեպ, այս երկու կարևորագույն բաղադրիչները պետք է գործեն բոլո՛ր մակարդակներում։ Եթե խոսքը գնում է ԱԺ–ի մասին, ապա քառյակի, իսկ ավելի լավ կլինի՝ հնգյակի մակարդակով (լավ կլինի՝ ոչիշխանական ուժերն իրենց շարքերը մաքրեն բոլոր ապակառուցողական տարրերից, եթե այդպիսիք առկա են։ Ասենք, եթե ՀԱԿ–ը ժամանակին Նիկոլ է ունեցել, մնացածներն էլ, ոնց էլ չլինի, կունենան)։ Քաղաքացիական հասարակության մակարդակով էլ պետք է միասնականություն լինի. պարզապես նրա չկայացածությունն ու մարգինալ տարրերի առկայությունը դեռևս մեծ ակնկալիքերի հույս չեն տալիս։ Եկեք խոստովանենք, որ ՀՀ քաղաքացիներն ակտիվանում են միայն այն պարագայում, երբ նրանց նյութական կորուստներն անմիջական տեսանելիություն ունեն, մյուս բոլոր դեպքերում լռում են կամ պասիվություն ցուցաբերում։
Հաջորդ հստակ ու միասնական պահանջը թե՛ քաղաքական, թե՛ քաղաքացիական հասարակության շրջանում պետք է լինի Տիգրան Սարգսյանին պատասխանատվության ենթարկելու հարցը։ Շատ ավելի լավ կլինի, եթե այդ գործընթացին միաժամանակ ձեռնամուխ լինեն թե՛ ներքևից՝ ժողովրդի, թե՛ վերևից՝ կառավարության, մասնավորապես, նորանշանակ վարչապետի կողմից։ Այս մոդելը հնարավորություն կտա ժողովրդին հասնել արդարության, իսկ Աբրահամյանին՝ ստանալ հնարավորություն՝ մի կողմից ձեռք բերելու լայն շրջանակների աջակցությունը, մյուս կողմից՝ ինքնուրույնություն ու անկախություն Բաղրամյան 26-ից, որը միանշանակ խոչընդոտելու է նեոբոլշևիկյան գծից շեղվելու յուրաքանչյուր նրա նախաձեռնություն ու արդյունքում հայտնվելու է Տիգրան Սարգսյանից էլ վատ վիճակում։
Հ. Գ. Լավ է Բաղրամյան 26-ի կողմից հալածվել՝ ունենալով ժողովրդի ու քաղաքական շրջանակների աջակցությունը, քան նույն ճակատագրին արժանանալ ամբողջովին մեն–մենակ։ Տարբերությունը մեծ է։

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը