Մեկնաբանություն

22.05.2014 23:59


Մեր Ազնավուրը

Մեր Ազնավուրը

Շառլ Ազնավուրն, անշուշտ, հարյուր տարին մեկ ծնվող երեւույթներից է:

Բայց մի երկու բան պատմեմ իմ լսածից ու տեսածից:

Ուրեմն՝ Խաչիկ Ստամբոլցյանը, որ խռովել ու հեռացել էր ՀՀՇ-ից, տարիներ հետո ինձ հետ զրույցի ընթացքում ասաց, թե «Երկրաշարժից հետո, երբ Ազնավուրը պետք է գար Հայաստան, բոլորը վախենում էին, ոչ ոք չէր ուզում գնալ ու դիմավորել նրան, ՀՀՇ-ականները, կոմունիստները, սաղ չէին ուզում նրան դիմավորել, ասում էին՝ ինքը լրտես է, եսիմ, ի՞նչ իմանանք, ինչի համար է եկել, ու մենակ ես գնացի ու դիմավորեցի Ազնավուրին»:

Թե Ստամբոլցյանի ասածի մեջ ինչքանն էր հորինվածք, ինչքանը՝ ճշմարտություն, դժվար է ասել: Բայց զգացի, որ ահագին չափազանցում է:

Այն, որ անկախությունից հետո Ազնավուրը բազմաթիվ անգամ է եկել Հայաստան՝ գիտենք բոլորս, բայց ես միշտ զարմացել եմ, թե էս մեր հզոր հայը ինչու չի շփվում հասարակ ժողովրդի հետ, ինչու հանդիպումներ չի ունենում սովորական մարդկանց հետ, անկեղծ ու պարզ զրույցներ չեն կազմակերպվում:

Հո միայն իշխանությո՞ւնը չէ: Ժողովուրդ էլ կա, չէ՞ այս երկրում:

Հետո մտածում էի, որ ինքը հաստատ շատ է ուզում ուղղակի մոտիկից շփվել ու զրուցել մարդկանց հետ, բայց նրան խորհուրդ են տալիս չդիմել այդ քայլին:

Ի վերջո, 2006-ին հանկարծ պարզվեց, որ Ազնավուրը նոր գիրք է գրել ու եկել է հայրենիք իր գրքի շնորհանդեսն անելու:

Վազեցինք «Մոսկվա» կինոթատրոն, որտեղ ոչ թե դահլիճում, այլ երկրորդ հարկի ճեմասրահում պետք է տեղի ունենար այդ միջոցառումը: Լիքը ժողովուրդ էր հավաքվել, գիրքն էլ վաճառվում էր 5 հազար դրամով ու մինչ հեղինակը կգար, արդեն թռցրել էին գիրքը:

Ինչեւէ, ՀՀԿ-ական մի ջահել էր միջոցառման կազմակերպիչը, որ շատ վատ էր կազմակերպել, խեղդոց էր, մարդիկ ոտքի վրա երկար սպասում էին, որ մոտիկից տեսնեն Ազնավուրին:

Վերջապես նա եկավ, ու բոլորը այնպես վրա տվեցին, որ Ազնավուրն ուղղակի փախավ: Մի խոսքով, մի քանի րոպե միայն հասցրինք նրան տեսնել: Պարզապես սարսափած էր, աչքերը վախից չռվել էին ու ավելի խոշորացել ու այդ սարսափահար տեսքով էլ շտապ հեռացավ...

Մեկ էլ նրան տեսա Օպերայի դահլիճի օթյակում նստած: Դստեր՝ Սեդա Ազնավուրի համերգն էր: Էնքան վատ էր երգում Սեդան, էնքան ուժգին ու բաղաձայն էր գոռգոռում, որ հազիվ էի զսպում ծիծաղս...

Բայց տեսնեիք, թե հայրը ոնց էր հիացած ծափահարում հերթական երգի կատարումից հետո:

Էսքան բան...

Այսինքն՝ էլի բան կա պատմելու, բայց մնացածը կպատմեն մեծագույն շանսոնյեյի 95-րդ տարեդարձի առիթով:

Շնորհավո՛ր, մեր պարծանքի ծնունդը ...

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը