Քաղաքական

22.05.2014 17:47


Կառավարության ծրագիրն ընդունվեց. 70 կողմ, 1 դեմ, 2 ձեռնպահ (տեսանյութ)

Կառավարության ծրագիրն ընդունվեց. 70 կողմ, 1 դեմ, 2 ձեռնպահ (տեսանյութ)

ՀՀ ԱԺ–ն կառավարության ծրագիրն ընդունեց 70 կողմ, 1 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Ինչպես և որոշվել էր, ոչիշխանական 4 խմբակցությունները՝ ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը, ՀՅԴ–ն և «Ժառանգությունը» չմասնակցեցին քվեարկությանը։

Նույն կերպ վարվեց նաև ՕԵԿ–ը։

Քվեարկությունից առաջ, վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրելով, պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարել է, որ ինքն ու Ալեքսանդր Արզումանյանը ձեռնպահ են քվեարկելու։

–Ողջունում ենք, որ կան կետեր, որոնք պետք է իրագործվեն։ Բայց ավելի շատ են կետերը, որոնք դեռևս չեն հստակեցված։ Հույս ունենք, որ Կառավարությունը հաշվի կառնի չհստակեցված կետերի մասով արված դիտողությունները,–ասել է Հ. Բագրատյանը։

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ հայտարարել է, որ Կոնգրեսն ընդհանրապես մերժում է ընտրակեղծիքներով ձևավորված մեծամասնության իրավունքը՝ ձևավորելու որևէ կառավարություն կամ ներկայացնելու ծրագիր։

–Ուստի, մենք դեմ ենք Սերժ Սարգսյանի ռեժիմին, նրա կողմից ձևավորված Կառավարությանը և այդ Կառավարության կողմից ներկայացված ծրագրին։ Եվ մենք պայմանավորվել ենք քառյակի հետ, որ մեր միասնական մերժումը արտահայտելու ենք՝ հրաժարվելով քվեարկությունից,–նշել է Լ. Զուրաբյանը։

Ձայնի իրավունք է խնդրել նաև ՕԵԿ–ական գործարար պատգամավոր Կարեն Բոթոյանը՝ հայտնելով, որ դուրս է եկել խմբակցությունից։

–Ես կողմ եմ քվեարկելու Կառավարության ծրագրին,–Բոթոյանի այս հայտարարությունը ՀՀԿ–ականները ծափերով և «բրավո»–ներով են ընդունել։

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ արձագանքել է, որ Բոթոյանը ներկայացել է որպես գործարար պատգամավոր, ով չի կարող ՕԵԿ խմբակցության նման չմասնակցել քվեարկությանը։

–Մենք հարգել ենք իր մոտեցումը՝ որպես երիտասարդ պատգամավորի, սակայն ուզում եմ ասել, պարո՛ն վարչապետ, այն թատրոնը, որ այս երեք օրն այստեղ ցույց էիք տալիս և համագործակցության կոչեր էիք անում, իմացե՛ք, որ դուք չեք կարող պահպանել համագործակցության տարրը, և հնարավոր չէ, որ գործարար մարդը կարողանա տեսակետ և կարծիք ունենալ և չքվեարկել այնպես, ինչպես ձե՛զ է պետք,–ընդգծել է Հ. Բիշարյանը։

Նշենք նաև, որ 1 դեմ քվեարկողը Խաչատուր Քոքոբելյանն է։

Կողմ է քվեարկել նաև «անկախ» պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

Պատգամավորների անհատական քվեարկություններին կարող եք ծանոթանալ այստեղ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը