Քաղաքական

22.05.2014 15:39


Ռուբեն Հակոբյանը. «Դուք կա՛մ շատ կարճ ժամանակում ինքներդ եք հրաժարական տալու, կա՛մ Ձեզ հեռացնելու են» (տեսանյութ)

Ռուբեն Հակոբյանը. «Դուք կա՛մ շատ կարճ ժամանակում ինքներդ եք հրաժարական տալու, կա՛մ Ձեզ հեռացնելու են» (տեսանյութ)

ԱԺ–ում Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն իր ողջ ելույթի ընթացքում դիմել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին։

Նա համոզմունք է հայտնել, որ անգամ նախկին Կառավարությունը կարող էր իրականացնել քաղաքական մեծամասնության կողմից հաստատված ծրագիրը, եթե, իհարկե, իշխանությունը քաղաքական կամք ունենար։

Ռ. Հակոբյանը նաև նկատել է, որ եթե քաղաքական այս փաստաթուղթը տարբեր շրջաններում կրկնվում է նույն ձևակերպումներով, արդեն վերածվում է քաղաքական լիկբեզի։

–Ես այս փաստաթուղթը դիտում եմ քաղաքական լիկբեզի շրջանակում,–ասել է նա՝ ավելացնելով, որ նախկինի համեմատ՝ հիմա էլ ոչինչ չի փոխվել.

–Եթե կան մարդիկ, ովքեր ասում են, որ նոր Կառավարությունը՝ իր հավաքական կերպարով, իր ինտելեկտով, իր քաղաքական և քաղաքացիական դաստիարակությամբ, իր գրագիտությամբ, ժողովրդի մեջ ունեցած իր վստահությամբ, տարբերվում է նախկիններից, չհավատա՛ք. դրանք քծնում են։ Գայլերը շարունակում են իրենց գայլությունն անել, գառներն էլ, դե, գարուն է, դաշտում դուրս են եկել, իրենց օրապահիկն են հայթայթում,–դիմելով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ վստահեցրել է Ռ. Հակոբյանը։

Նա ճիշտ քայլ է որակել ԱԺ ոչիշխանական ուժերի հանդիպմանը Հովիկ Աբրահամյանի գնալը՝ միաժամանակ ավելացնելով.

–Եկել, ասում էիք՝ միասին աշխատենք։ Շա՛տ լավ։ Նորմալ, մարդկային մոտեցում է, բայց եթե Ձեզ հետ բերեիք բովանդակային մեկ–երկու հարց, օրինակ, ասեիք՝ հարգելի՛ ընդդիմություն, որպեսզի պետական կառավարման համակարգում կարողանանք հակակշռելիությունն ապահովել, խնդրե՛մ, բերել եմ օրենքը, որով ձեզ տալիս ենք վերահսկողական լծակներ։ Որովհետև չի կարող աջ ձեռքը, երբ տեսնում է, որ ձախ ձեռքը փող է գողանում, կտրի այդ ձեռքը, դա հակաբնական է։ Մե՛զ տայիք այդ լծակները։

Ռ. Հակոբյանն ընդգծել է, որ այսօր բյուջեն անպաշտպան է. «Խեղճ բյուջեին անթիկնապահ մտցնում ենք մի փակ սենյակ, որտեղ մեկ դուռ կա, և այդ դռնից միայն իշխանությունն է ներս մտնում՝ իր ռեպրեսիվ լուսարձակներով»։

Ագահ իշխանությունն էլ, «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի խոսքերով, միանգամից հարձակվում է այդ բյուջեի վրա, առավել ևս, որ Հայաստանի իշխանություններն ապացուցել են՝ իմունիտետ չունեն փողի նկատմամբ. «Երբ փող են տեսնում, հոգեխանգարմունքի մեջ են ընկնում»։

Կրկին դիմելով Հ. Աբրահամյանին՝ Ռ. Հակոբյանը նշել է՝ ասում եք՝ հավատացե՛ք ինձ, միասին աշխատենք, բայց Դուք մեզ չեք վստահում։

–Ընդհակառակը, ասում եք՝ այ էնտեղ նստած են քաղաքական ուժեր, որ ասում են՝ ինչքան վատ, այնքան լավ։ Բա էլ ինչո՞ւ եք առաջարկում համագործակցություն։ Այսինքն, ցանկության տակ դուք պետք է ապահովեք բովանդակություն։ Ես հավատում եմ, որ դուք անկեղծ ենք։ Եթե ամպագոռգոռ խոսքերը մի կողմ թողնենք, զուտ ձեր կերպարի համար, որ՝ տեսա՞ք, հայտնվեց մի անձնավորություն, որ կարողացավ մենակ իր մարդկային որակով փրկել պետությունը, տնտեսությունը և այլն։ Բայց հեքիաթ է, որ դուք կարող եք դա անել,–ասել է Ռ. Հակոբյանը։

Նա քաղաքական կեցվածք չի համարում նաև «համակարգը վատն է, բայց ինձ հավատացեք»–ը.

–Մ՛ի հավատացեք, որ դա արդյունք կտա. դա շատ փոքր ռեսուրս է, որը շատ արագ կսպառվի։ Դուք կողմնորոշվելու հնարավորություն ունեք։ Դուք կա՛մ շատ կարճ ժամանակում ինքներդ եք հրաժարական տալու, կա՛մ Ձեզ հեռացնելու են՝ ասելով՝ առավոտն արթնացավ, որոշեց հրաժարվել։ Շատ ինքնավստահ եք խոսում, ամեն երկրորդ բառը հետևյալն է՝ մենք վստահ ենք, որ իրականացնելու ենք։ Խնդրե՛մ, իրականացրե՛ք, ես այդքան քաղաքական կամք և ուժ ունեմ, որ կանգնեմ այստեղ և ասեմ՝ սխալվել էի. անհատով կարելի է «Գևորգ Մարզպետունու» հերոսի կերպարն իրականացնել։

«Ժառանգություն» խմբակցության ղեկավարը հորդորել է նաև պատմությունից դասեր քաղել և Ռուսաստանին, ԱՄՆ–ին և այլոց՝ կոնչիտա–մոնչիտաներին քննադատելու փոխարեն խնդիրները և դրանց լուծումը փնտրել մեր երկրում։

–Խանգարողները մե՛ր կողքին նստած են՝ խորհրդարանում, կառավարությունում, նախագահականում։ Անկյալին, անկարողին հատուկ է իր սխալները չտեսնելը և փորձել մեղադրել մյուսներին։

Վերջում Ռ. Հակոբյանը կրկին դիմել է ՀՀ վարչապետին՝ կոչ անելով իր գնահատականները որպես «բայղուշություն» չընդունել։

–Ես իսկապես ուզում եմ, որ Դուք մի քիչ դուրս գաք անձնական, զուտ թիմային հոգեբանությունից, քաղաքագիտական հարթություն մտնենք, և հստակ գիտակցեք, որ այս ձևով պետության վիճակ հնարավոր չէ փոխել։ Իսկ հատկապես նրանց համար, ովքեր արդեն քաղաքական նեկրոլոգիա էին կարդում քաղաքական չորս ուժերի հետագա համագործակցության մասին, ասեմ՝ ճշգրիտ որոշում է ընդունված՝ միասնական կերպով չենք ընդունում այս ծրագիրը և չենք մասնակցում քվեարկությանը,–եզրափակել է Ռ. Հակոբյանը։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը