ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանի ելույթը Կառավարության ծրագրի վերաբերյալ.
«Ուղիղ երկու տարվա ընթացքում երրորդ անգամ է, որ հավաքվել ենք քննարկելու Կառավարության ծրագիրը: Քննարկման արտաքին ձեւի մեջ տարբերություն գրեթե չկա: Խորհրդարանական մեծամասնությունը, որպես կանոն, միշտ գովում է ծրագիրը, մյուս քաղաքական ուժերը քննադատում են եւ նշում թերությունները: Սակայն այս քննարկման ժամանակահատվածն էապես տարբերվում է նախորդ անգամներից, ինչի մասին էլ նախ ուզում եմ խոսել:
Մինչեւ 2008թ Տիգրան Սարգսյանի վարչապետությամբ կառավարության ձեւավորումը երկիրը, ըստ բոլոր պաշտոնական ցուցանիշների, զարգանում էր երկնիշ տնտեսական աճով: Ընդ որում, 2008-ին ձեւավորված Կառավարությունը սկզբնական շրջանում ընդունում էր այդ ցուցանիշները, փնովելը սկսեցին ավելի ուշ: Տիգրան Սարգսյանի վարչապետությամբ ձեւավորված Կառավարությունը շատ արագ սկսեց ձախողումները, եւ, ի վերջո, բառի բուն իմաստով ավերեց երկիրը, տնտեսությունը:Մենք ստացանք մի իրավիճակ, որը նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում դժվար է գնահատել այլ կերպ, քան լուրջ սպառնալիք ազգային անվտանգությանը:
Այսօրվա Կառվարությունը ստացել է շատ ծանր ժառանգություն, առանց չափազանցության՝ տնտեսական ավերակներ, հուսով եմ՝ ասածս չի օգտագործվի հետագայում՝ հնարավոր տապալումների դապքում արդարանալու համար, եւ ես կարծում եմ՝ առաջին հերթին անհրաժեշտ է պատասխանել այն հարցին, թե այդ ինչպե՞ս ստացվեց, որ երկնիշ տնտեսական աճից հետո ունեցանք ավերակներ: Ի վերջո, ո՞վ կամ ովքե՞ր են մեղավոր ստեղծված իրավիճակի համար: Առանց այս հարցին պատասխանելու՝ մենք չենք կարող առաջ գնալ: Դժվար է հաղթահարել իրավիճակ՝ առանց վերլուծելու եւ գնահատական տալու այն ծնող պատճառներին, երեւույթներին ու անձանց: Այսօր մեզ ներկայացրած Կառավարության ծրագրում բացակայում է որեւէ վերլուծություն, որեւէ գնահատական առկա իրավիճակին: Ավելին, բազմաթիվ ելույթներում գովաբանություն է հնչում նախորդ Կառավարության հասցեին, իսկ շատերի պահվածքը նույնն է, ինչ նախկինում` քննադատություն չհանդուրժող, այդ թվում՝ նաեւ առողջ քննադատություն: Բնականոն հարց է առաջանում՝ եթե չենք ֆիքսում իրավիճակը, եթե գնահատական չենք տալիս, ապա որտե՞ղ է նույնը չկրկնելու երաշխիքը: Գոնե չենք ասելու, թե ինչն ենք ուզում շտկել:
Ես մարդկայնորեն հասկանում եմ Հովիկ Աբրահամյանին, երբ նա ասում է, որ չի խոսում նախորդների գործունեության վերաբերյալ: Բայց, պ-ն Աբրահամյա՛ն, կարծում եմ, դուք այս պահին պարզապես անձ չեք. դուք Հայաստանի Հանրապետության վարչապետն եք, եւ կարծում եմ՝ պետք է ֆիքսեք իրավիճակը: Փաստորեն, 6 տարի Տիգրան Սարգսյանի Կառավարությունը քանդում էր երկիրը եւ, ցավոք սրտի, լուրջ դիմադրության չէր հանդիպում: Փոխանակ իրատեսական ծրագրեր բերեր, բերում էր տարբեր քաղաքներ տարբեր կենտրոններ դառնալու գործընթացներին ուղղված ծրագրեր, չունեցած միջոցներ էր ծախսում դրանց վրա: Ավելորդ եմ համարում ասել, որ որեւէ մեկը այդպիսին չէր դառնում: Արդյունքում, որքան շատ այդպիսի ծրագրեր էր ընդունում կառավարությունը, որքան ավելի շատ բարեփոխումներ էր կատարում, այնքան հազարներով աճում էր փակվող օբյեկտների, տասնյակ հազարներով աճում էր գործազուրկների, աղքատների եւ ավելի շատ` երկիրը ստիպված լքողների թիվը:
Ուզում եմ հիշեցնել, որ տարիներ առաջ, երբ նմանօրինակ եւ այլ տիպի ծրագրերով նոր էր սկսվում տնտեսության փլուզումը, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հրապարակավ հայտարարեց, որ այն ժամանակվա էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը իրականության ճիշտ ընկալման հետ խնդիրներ ունի: Եթե այն ժամանակ ճիշտ գնահատեինք ասվածը եւ վեր կանգնեինք կուսակցական նեղ շահերից, ապա կարելի էր սխալ ճանապարհի կեսին կանգնել եւ հետագայում ունենալ բոլորովին այլ վիճակ:
Կարծում եմ, որ պարտավոր ենք ֆիքսել մի շատ կարեւոր բան եւս, ինչը գուցե դժվար է խոստովանել շատերի համար: Նախորդ Կառավարությանը այս ամենը հաջողվում էր, որովհետեւ Ազգային ժողովում կա քաղաքական մենաշնորհ, իսկ Կառավարությունը մենաշնորհ ունեցող խմբակցության վրա ուներ մեծ ազդեցություն, ինչ բերում էր ԱԺ, անցկացնում էր: Դա մեկ անգամ եւս ապացուցվեց նախորդ քառօրյայի ընթացքում գնումների մասին եւ պետական գաղտնիքի մասին օրենքներում փոփոխություններ կատարելու օրինագծի քվեարկության ժամանակ, երբ թվում էր, որ այդ օրինագիծը Տիգրան Սարգսյանից հետո այլեւս չէր էլ բերվելու: Սակայն բերվեց, բազմաթիվ հարցերի որեւէ բացատրություն չտրվեց, բայց մեծամասնությունը կողմ քվեարկեց ակնհայտ ոչ տրամաբանական փոփոխություններին: Ես անդրադառնում եմ այս հարցին, որովհետեւ անհասկանալի է՝ արդյոք կա՞ր այսպիսի փոփոխությունների կարիքը, թե սա պարզապես ուղերձ էր, որ այսուհետ եւս քվեարկություններն այսպես են լինելու, չգիտեմ: Երկու դեպքում էլ այսօր դա լուրջ մտածելու թեմա է: Այսպիսի պայմաններում ոչիշխանական քաղաքական ուժերի կողմից կոճակային քվեարկությամբ վատ օրենքների ընդունմանը դիմադրելն անհնար է: Ուստի, հասարակությունը մի հստակ ուղերձ պետք է ստանա: Այն է` երկրում, հատկապես մեր տիպի երկրում, քաղաքական մենաշնորհը վատ բան է: Այն նույնիսկ վտանգավոր է: Վստահ եմ՝ եթե այն չլիներ, ապա բազմաթիվ չակերտավոր բարեփոխումներ չէին անցնի ԱԺ-ում, մնացածները այլ բովանդակությամբ կանցնեին, եւ այսօր կունենայինք բոլորովին այլ երկիր:
Իմ համար ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավորություն ունենալու համար այս ամենին հստակ գնահատական տալը եւ երեւույթներն իրենց անուններով կոչելն ուղղակի անհրաժեշտություն է: Ընդ որում, գնահատական տվողը բոլորս միասին պետք է լինենք, այդ թվում՝ նաեւ Կառավարությունը եւ քաղաքական մեծամասնությունը: Իմ ելույթում առանց այդ էլ գնահատականներ կան: Հակառակ դեպքում ո՞րն է նույնը չկրկնելու երաշխիքը: Վստահ եմ՝ այս դահլիճում չկա մեկը, ով չի ուզում երկիրը այս խոր ճգնաժամից դուրս բերող Կառավարություն: Նույն բանը կարող եմ ասել նաեւ քաղաքական ուժերի վերաբերյալ: Քաղաքական ուժերի հետ երկխոսությունը առաջին հերթին առկա իրավիճակի մասին անկեղծ խոսելն է: Լուրջ փոփոխությունների երաշխիքն է: Չմոռանանք, որ քաղաքական ուժերից բացի՝ երկրում կա եւս մի գործոն, որն ամենակարեւորն է: Դա հասարակության գործոնն է: Համոզված եմ՝ հասարակությունն ընդհանրապես հիմնարար փոփոխություններ է ուզում»:
Ստեփան Մարգարյան