Մեկնաբանություն

22.05.2014 01:01


Գեներալ Մանվելն ու երգչուհի Շուշանը՝ ըստ Ֆրեյդի

Գեներալ Մանվելն ու երգչուհի Շուշանը՝ ըստ Ֆրեյդի

ՀՀԿ պատգամավորական խմբակցությունը հավաքվել է Նոյի տապանի «բնակիչների» սկզբունքով. ամեն մի տեսակից զույգով կա։ Ճիշտ է, նրանք չեն բազմանում, բայց ապահովում են «ներկայացուցչականությունը»։

Համեմատությունը ՀՀԿ խմբակցության ու Նոյի տապանի միջև, իհարկե, շատ կոպիտ ու անկապ է, քանզի Սերժ Սարգսյանը Նոյը չէ, և, ի տարբերություն Նոյի, ոչ թե մտահոգված է տեսակի պահպանմամբ, այլ հակառակը՝ զբաղված է հայի տեսակի «արտահանմամբ»։ Նա այդպես չի ուզում, բայց այդպես ստացվում է։

ՀՀԿ խմբակցության ու Նոյի տապանի «բնակիչների» համեմատությունն այնքան էլ հարմար չէ նաև այն պատճառով, որ ՀՀԿ խմբակցության պատգամավորները մարդիկ են, այլ ոչ թե կենդանիներ։ Բայց, այդուհանդերձ, որոշակի ընդհանրություն կա՝ ամեն տեսակից զույգերով խորհրդարան տանելու «մոմենտով»։

ՀՀԿ–ում զույգերով գեներալներ կան, զույգերով գործարարներ, զույգերով չխոսկաններ, զույգերով ամբախ–զամբախ խոսողներ, զույգերով «ժելեոտածներ», զույգերով «ծտեր», զույգերով գրագետներ, զույգերով անգրագետներ, զույգերով ճամբարափոխներ, զույգերով կարիերիստներ, զույգերով «քոքված» հանրապետականներ։ Միայն Շուշան Պետրոսյանն է եզակի նմուշ։

Իր պահվածքով եզակի է նաև գեներալ Մանվել Գրիգորյանը։

Այդ եզակիությունն է, թերևս, պատճառը, որ վերջերս և՛ Մանվելը, և՛ Շուշանը դիպուկ գնահատականներ տվեցին։ Ճիշտ է, առաջինը հետո ժամերով փորձում էր բացատրել, թե ինչու է այդպես ասել, իսկ երկրորդն էլ ներողություն խնդրեց իր ասածի համար, բայց խոսքը թռչունի նման բան է՝ բերանից որ թռնում է, այլևս հնարավոր չի լինում բռնել։

Այսպես, Մանվել Գրիգորյանը Սերժ Սարգսյանին անվանեց «Վերջի բոլշևիկ»։

«7 օրը» վաղուց էր ՀՀԿ ղեկավարի մոտ ախտորոշել բոլշևիզմին ներհատուկ հիվանդություն, բայց Մանվելն, ինչպես ասում են, «պեչատը» դրեց։ Նա դա արեց անկախ իր կամքից, բայց «զատո» արեց։ Ուզում էր ասել վերջին մոհիկան ու այդպիսով քծնել Սերժին, բայց ստացվեց «Վերջի բոլշևիկ»։ Սերժը, դատելով դեմքի արտահայտությունից, շատ ուրախ էր այդ «կոչման» համար։

Ինչ վերաբերում է Շուշան Պետրոսյանին, ապա նա իրեն մոտեցած և հարց տված լրագրողին անբարոյական էր անվանել։

Երգչուհին հետագայում, հասկանալով իր սխալը, զղջացել էր ու համապատասխան քայլի դիմել, բայց խոսքն ասվել էր արդեն։ Եվ դա էլ պատահական չէր, քանզի Շուշանը ներսի մարդ է, ու գիտի, որ լրագրողների մեծ մասը Բաղրամյան 26–ի տակ «պառկած» է և «ընդդիմադիրություն» կամ «անկախություն» է խաղում։ Շուշանը դա պարզել է ուշացումով, բայց ոչ ուշացած։

Պարզել է և պարզելուց հետո ջղայնացել ու վիրավորել է առաջին պատահած լրագրողին։

Շուշանին էլ մեղադրելու չի. մարդը տեսնում է, որ այսինչ «թունդ ընդդիմադիր» լրագրողը կուրծք ծեծելով քննադատում է իշխանությանը։ Նույն Շուշանը նաև տեսնում է, որ նույն այդ «թունդ ընդդիմադիր» լրագրողը Բաղրամյան 26–ի «բալանսի» վրա է և Արտաշես Գեղամյանից տարբերվում է ընդամենը ստացած «զրոների» քանակով։ Բա այդքանից հետո ինչպե՞ս չասի, որ լրագրողներն անբարոյական են։ Նա նկատի է ունեցել իշխանությունից սնվող ու «Գեբելսյան» քարոզչամեքենայի մաս կազմող լրատվամիջոցներին ու դրանք ներկայացնող լրագրողներին, ու դժվար է երգչուհու հետ չհամաձայնվելը։

Մի խոսքով, Շուշանի ու Մանվելի մոտ համարյա ըստ Ֆրեյդի է ստացվել։ Խոսքը լեզվից թռել է ու սավառնել երկնքում։

Չէ, ինչ ուզում եք՝ ասեք, ունիկալ, շատ ունիկալ խմբակցություն ունի ՀՀԿ–ն։ Ամեն մի տեսակից զույգով կա։ Միայն Մանվելն ու Շուշանն են անզուգական։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը