Լրահոս

27.08.2009 17:53


Գյումրու քաղաքապետարանը պայքարում է ծխախոտի և ալկոհոլի դեմ, բայց…

Գյումրու քաղաքապետարանը պայքարում է ծխախոտի և ալկոհոլի դեմ, բայց…

Գյումրու ավագանու որոշումը՝ վաճառակետերից ալկոհոլային ըմպելիքի և ծխախոտի վաճառքի համար տեղական տուրքերի չափի մեծացումը 70 հազ դրամից 140 հազ դրամի չափով,  պաշտոնապես հիմնավորված չէ. նման եզրակացության է եկել Գյումրիի Հանրային խորհրդի 12-րդ նիստում թեմայի վերաբերյալ զեկուցող սոցիոլոգ Նիկոլ Մարգարյանը։

-Համեմատության համար կարող ենք նշել, որ Երևանում նույն տուրքերը բարձրացել են 20%-ով՝ 50 հազ-ից դարձել 60 հազ դրամ, իսկ Գյումրիում՝ 100%-ով,-նշել է սոցիոլոգը:

Ըստ հասարակական կարծիքի հարցումների՝ պարզվել է նաև, որ ավագանու որոշումը հրապարակային չի եղել, և շատ տնտեսվարող սուբյեկտներ նույնիսկ տեղյակ չեն եղել այդ որոշման մասին.

-Մեր սոցհարցումները ցույց են տվել, որ նույնիսկ ավագանու անդամներից ոմանք տեղյակ չեն եղել, որ նման որոշում կա. նրանqից  ոմանք մեզանից են տեղեկացել, որ ավագանին տեղական տուրքերի չափերը մեծացրել է,-ասել է Նիկոլ Մարգարյանը՝ ավելացնելով,-մի աղբյուրից ստացված տեղեկության համաձայն՝ ոչ մի նիստ էլ չի եղել. պարզապես ավագանու անդամներից մեկ-երկուսը, քաղաքապետին քծնելու նպատակով, ոտքի վրա տուրքի բարձրացման առաջարկ են արել, որն արագ ընդունվել է:

Իսկ նիստին ներկա Գյումրիի  քաղաքապետի ռեֆերենտ Արտաշես Սարգսյանը չի ընդունել ներկայացված մեղադրանքներն՝ ասելով. «Եթե Հանրային խորհուրդը մտածում է մի խումբ վաճառականների մասին, ապա տեղական իշխանությունը մտածում է տեղի ամբողջ բնակչության մասին: Մենք բյուջե ենք լցնում, ասֆալտ ենք անում, փողոց ենք կառուցում, լուսավորություն ենք ապահովում, իսկ պետտուրքի բարձրացումն ապրանքի գնի կամ ինքնարժեքի վրա չի ազդում: Իսկ եթե նույնիսկ ավելի քիչ է սպառվում, նշանակում է՝ մենք բարի գործ ենք արել, մտածել ենք ժողովրդի առողջության մասին. ինչքան քիչ ծխեն ու խմեն, այդքան առողջ կլինեն:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

 

Այս խորագրի վերջին նյութերը