Քաղաքական

20.05.2014 16:00


Վահե Հովհաննիսյանը՝ Հովիկ Աբրահամյանին. «Ստացել եք շատ ծանր ժառանգություն»

Վահե Հովհաննիսյանը՝ Հովիկ Աբրահամյանին. «Ստացել եք շատ ծանր ժառանգություն»

ԱԺ պատգամավորները շարունակում են իրենց հարցերն ուղղել Կառավարության ծրագիրը խորհրդարանին ներկայացնող վարչապետ Հովիկ Աբրահամյանին։

Իր հարցը տալուց առաջ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը Հովիկ Աբրահամյանին նախ ասել է, որ նա ստացել է շատ ծանր ժառանգություն, այնուհետև ընդգծել, որ դա շտկելու համար վարչապետը պետք է գնա ոչ ստանդարտ քայլերի և դրա համար կամք ունենա։

Վ. Հովհաննիսյանը նաև ընդգծել է, որ Կառավարության ներկայացրած նոր ծրագրում պետական կառավարման համակարգի փոփոխության հարց չկա։

–Սերժ Սարգսյանն էլ էր դեմ արտահայտվել այդ համակարգի փոփոխությանը։ Եվ քանի որ Կառավարության եռամյա ծրագրում նույնպես այդ հարցը չկա, կարելի՞ է ենթադրել, որ իշխանության առաջիկա օրակարգում կառավարման փոփոխության հարցը դրված չէ,–հարցրել է Վ. Հովհաննիսյանը։

Հ. Աբրահամյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր բարեփոխման կողմնակից է։

–Սահմանադրական բարեփոխումների աշխատանքային խմբի ներկայացված տարբերակը վերջնական չէ, ՀՀ նախագահն էլ իր կարծիքը չի հայտնել։ Մենք էլ այս հարցին կանդրադառնանք ավելի ուշ, եթե անհրաժեշտ լինի,–ասել է Հ. Աբրահամյանը։

Վահե Հովհաննիսյանը վարչապետից նաև հետաքրքրվել է՝ քանի որ այժմ, ի պաշտոնե, օրով և ժամի ռեժիմով է աշխատում տնտեսության հետ, մինչ այս ունեցած իր անձնական գնահատականները փոխվե՞լ են. «Պռոգնոզն ավելի հոռետեսակա՞ն է դարձել, թե՞ լավատեսական»։

Հ. Աբրահամյանն արձագանքել է՝ որևէ անգամ չենք լսի, որ նախկինների մասին մի բացասական կարծիք հայտնի։

–Դա իմ տեսակն է, ես ասելու բան չունեմ։ Խնդիրները լուծելու համար իմ թիմով գնալու եմ առաջ։ Կան խնդիրներ, որոնք պետք է աշխատենք լուծել, և երկար պետք է աշխատենք, և ես համոզված եմ, որ կհասնենք հաջողության,–ավելացրել է Հ. Աբրահամյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը