Քաղաքական

20.05.2014 13:09


Հ. Աբրահամյանն ուզում է այնպես անել, որ լինի պարտադիր, բայց ոչ պարտադրված

Հ. Աբրահամյանն ուզում է այնպես անել, որ լինի պարտադիր, բայց ոչ պարտադրված

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Կառավարության ծրագրի բնութագրմանը, ընդգծել է.

–Ասացիք, որ ծրագիրն իրատեսական է, խստապահանջ և ականջալուր։ Առաջին երկուսի փիլիսոփայությանը դեռ կանդրադառնանք, ինչ վերաբերում է ականջալուր լինելուն, ապա, ինչպես Սերժ Սարգսյանն ասաց, հանրության 80%–ը դեմ է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին։ Հետևաբար, դուք գոնե այդ 80%–ին պիտի լինեք ականջալուր, բայց տեսնում ենք, որ Կառավարության ծրագրում կրկին ֆիքսված է պարտադիր կուտակայինը,–ասել է Ն. Զոհրաբյանը։

Ի պատասխան՝ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ Կառավարությունն արել է առաջին քայլերը, որոնք անհրաժեշտ էին մինչև նոր փաթեթն ԱԺ բերելը։

–Այնպես ենք անելու, որ լինի պարտադիր, բայց ոչ պարտադրված, ժողովուրդը մեր թշնամին չէ, ամեն ինչ անելու ենք, որ լինի հնարավորին լայն խավերի կողմից ընդունվող նախագիծ,–նշել է Հ. Աբրահամյանը։

Ն. Զոհրաբյանը պնդել է, որ «պարտադիր, բայց ոչ պարտադրված» ձևակերպումը որևէ կերպ չի կարողանում հասկանալ, բայց հույս ունի, որ վերջնարդյունքում այն կբավարարի հասարակության 80%–ին։

–Ի դեպ, ես չեմ կարծում, որ պարտադիր կուտակայինը վատ ռեֆորմ է։ Կարող է՝ կան վատ մատուցում կամ սխալ ընկալում։ Փորձելու ենք ավելի թափանցիկ ներկայացնել մեր ռեֆորմները,–ընդգծել է ՀՀ վարչապետը։

Իսկ ԲՀԿ–ական պատգամավոր Վահան Բաբայանի դիտարկմանն էլ՝ հանրությունը սպասում էր, որ նոր Կառավարության ծրագիրը ոչ թե կլիներ իրատեսական, խստապահանջ և ականջալուր, այլ հակաճգնաժամային, Հ. Աբրահամյանը հակադարձել է.

–Կարծում եմ, որ այդ ճգնաժամն իրականում կառավարության վատ աշխատանքի հետ կապված չէ, այլ պայմանավորված է Ռուսաստանի և այլ երկրների ֆինանսական գործընթացներով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը