Լրահոս

27.08.2009 15:58


ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել ՀՀ առողջապահության ֆինանսավորման համակարգի բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագիրը

ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել ՀՀ առողջապահության ֆինանսավորման համակարգի բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագիրը, որի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման բնագավառում եղած հիմնախնդիրների լուծմամբ։ Դրանով իսկ կբարձրանա բյուջետային միջոցների ծախսման արդյունավետությունը և հասցեականությունը, վստահությունը պետպատվերի նկատմամբ, կբարելավվի բուժծառայությունների մատուցման որակը և այլն։

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով առաջարկվում է հանել լիցենզիայի մեկից ավելի յուրաքանչյուր հաջորդ ներդիրի համար նախատեսված պետական տուրքի տեսակը և թողնել միայն լիցենզիայի ներդիրի կրկնօրինակը տալու համար նախատեսված պետական տուրքը։ Վարչապետը հանձնարարել է սույն օրինագիծը վաղօրոք քննարկել ԱԺ համապատասխան հանձնաժողովում, ապա նոր ներկայացնել լիագումար նիստի քննարկմանը։

Կառավարությունը եզրակացություն է տվել ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Սամվել Նիկոյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։ Գործադիրը ՀՀ Ազգային Ժողովին առաջարկել է առայժմ ձեռնպահ մնալ ներկայացված նախագծի քննարկումից, իսկ հեղինակին՝ համագործակցել ՀՀ կառավարության հետ՝ առկա խնդրի օրենսդրական համապարփակ լուծման մշակման հարցում։

Վերջին երկու օրինագծերն էլ սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության անդամների ուշադրությունը հրավիրել է իրենց ոլորտներում ենթաօրենսդրական ակտերի ընդունման անհրաժեշտություն ունեցող օրենքների գույքագրում իրականացնելու վրա։ «Մենք պետք է բացահայտենք պատկերը, հասկանանք, թե այդ իմաստով ինչ իրավիճակում ենք, արդյո՞ք ի վիճակի ենք կրել այդ ակտերի ստեղծման բեռը»,- ասել է նա։ Նշված խնդիրներն ամփոփելու համար վարչապետը սահմանել է մեկ ամիս ժամկետ։

ՀՀ կառավարության լրատվության վարչություն

 

Այս խորագրի վերջին նյութերը