Տնտեսական

19.05.2014 12:14


Միքայել Մելքումյան. «Կառավարության ծրագրում ուղղակի ցանկություններ են»

Միքայել Մելքումյան. «Կառավարության ծրագրում ուղղակի ցանկություններ են»

Թե ինչպես է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը քվեարկելու ՀՀ կառավարության ներկայացրած ծրագրին, խմբակցությունում դեռ քննարկում են։ Այս մասին «7օր»–ի հարցին ի պատասխան՝ ասել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

–Դեռ կորոշենք, բայց խմբակցության հիմնական միտքն այն է, որ պարզ է՝ կողմ չենք,–ասել է նա։

Մելքումյանը նշել է, որ ԲՀԿ–ի ներկայացրած առաջարկներից մոտ 5-6–ը Կառավարությունն ընդունել է։ Թե ընդհանուր առմամբ որքա՞ն առաջարկ է ԲՀԿ–ն ներկայացրած եղել, պատգամավորը չի հստակեցրել։

–Կառավարության ծրագրում բաներ կան, որ ենթադրում էինք՝ շատ կոնկրետ ցուցանիշներով պետք է լինեին, բայց չկան։ Օրինակ՝ նախորդ ծրագրի հետ համեմատած՝ այստեղ երեք թիվ կա ընդամենը՝ 5% աճ, 65 հազ. դրամ նվազագույն աշխատավարձ 2017թ., և աղքատության կրճատում 10%–ով։ Ընդամենն այդ երեք թիվն է, ուրիշ թիվ չեմ տեսել,–ասել է Մ. Մելքումյանը։

Կառավարության ծրագրի մասին ԲՀԿ–ն իր պաշտոնական տեսակետը դեռ կհայտնի, իսկ Մ. Մելքումյանի անձնական տեսակետն այսպիսին է.

–Ցուցանիշներ կան, որ չափելի չեն։ Քանակական ցուցանիշներ արձանագրված չեն, ուղղակի ցանկություններ են։ Օրինակ՝ մենք ասել ենք, որ սահմանից ավելացված արժեքի հարկը հանեն, այնտեղ գրված է՝ փուլ առ փուլ։ Բայց կոնկրետ գրած չէ՝ ե՞րբ, ի՞նչ, ո՞նց։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը