Աշխարհ

19.05.2014 10:30


Ուորլիք. «Ինձ համար անակնկալ էր երեկվա բողոքի ակցիան»

Ուորլիք. «Ինձ համար անակնկալ էր երեկվա բողոքի ակցիան»

Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը տևել է 1.5 ժամ, որից հետո ռուսաստանցի համանախագահը լրագրողներին հայտնեց, որ չեն պատրաստվում ճեպազրույց ունենալ, եւ իրենց տեսակետը տարածաշրջան կատարած այցի մասին կհրապարակեն իրենց պաշտոնական էջում: Այս մասին հաղորդում է aparaj.am–ը։

«Մեր այցելության հիմնական շեշտը դրված է տարբեր շրջանների հետ ծանոթանալու, ինչպես նաեւ մարդկանց հետ շփվելու վրա»,- նշեց ռուսաստանցի համանախագահը: Ըստ Իգոր Պոպովի՝ համանախագահները պատրաստվում են հանդիպել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ սահմանում առկա իրավիճակը քննարկելու համար:

Այն, որ Ղարաբաղի բնակչությունը համաձայն չէ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից ներկայացված 6 կետերի հետ, ապացույցն էր երեկ Բերձորում տեղի ունեցած բողոքի ակցիան:

Ըստ ամերիկացի համանախագահի՝ երեկ Բերձորում անակնկալի են եկել. «Մենք հարգում ենք բնակչության իրավունքը, ովքեր խաղաղ ձեւով ներկայացնում են իրենց իրավունքները: Ինձ համար անակնկալ էր երեկվա բողոքի ակցիան, այնուամենայնիվ, ես մեքենայից դուրս եկա եւ շատ օգտակար զրույց ունեցա բողոքի ակցիայի մասնակիցների հետ: Ես կարծում եմ, որ շատ օգտակար է իմանալ տարբեր կարծիքներ այս տեսանկյունից՝ լինելով Ղարաբաղում, ես իսկապես ծանոթացա տարբեր կարծիքների հետ, եւ կարծում եմ, դա օգտակար կլինի:

Ըստ Ուորլիքի՝ արդեն երկու տասնամյակ է, ինչ նախկին եւ ներկայիս համանախագահներն աշխատում են, որպեսզի գտնեն հակամարտության կարգավորման լուծումը, եւ ամենավատ տարբերակն, ամերիկացի համանախագահի գնահատմամբ, կլինի հակամարտության վերսկսումը, սակայն Ուորլիքը գտնում է նաեւ, որ չնայած կարող է անհամաձայնություն լինի, սակայն եթե բոլորս միասին աշխատենք, կկարողանանք ինչ-որ ելք գտնել:

«Լեռնային Ղարաբաղը չափազանց գեղեցիկ երկիր է, եւ ես տպավորված եմ՝ տեսնելով երիտասարդներին, եւ բոլորիս պարտքն է այնպես անել ամեն ինչ, որ այստեղ լինի խաղաղություն, որպեսզի նոր սերունդն ապրի խաղաղ պայմաններում,- հավաստիացնում է ամերիկացի համանախագահը եւ հավելում,-մեր հիմնական նպատակն այն է, որ հարավկովկասյան տարածաշրջանում լինի երկարատեւ խաղաղություն եւ կայունություն, եւ մարդկանց համար ստեղծենք բարեկեցության պայմաններ»:

Ուորլիքը ներկայացրեց տեսակետ իր կողմից ներկայացված բանակցային 6 կետերի մասին, որոնց դեմ են արցախցիները:

«Այն 6 կետերը, որոնք ես ներկայացրել եմ, նոր բան չեն, եւ նախկինում էլ դրանց մասին խոսել են ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահները: Իհարկե, սրանք վերջնական տարբերակներ չեն, դեռեւս պետք է դրանք քննարկենք, սակայն դրանք կարող են հիմք հանդիսանալ հետագա կարգավորման համար: Խնդիրների թաքցնելը Ճիշտ չէ, եւ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի եւ արժանի է, որպեսզի իմանա այդ ամենի մասին եւ հայտնի իր համաձայնությունը կամ անհամաձայնությունը: Կարծում եմ, որ սա անկեղծ երկխոսության հիմքն է»:

Մանրամասները՝ aparaj.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը