Կարծիք

17.05.2014 14:19


«Ըստ Նալբանդյանի՝ դուրս է գալիս, որ մենք պետք է Ալիևին շնորհակալություն հայտնենք»

«Ըստ Նալբանդյանի՝ դուրս է գալիս, որ մենք պետք է Ալիևին շնորհակալություն հայտնենք»

Երեկ ՀՀ ԱԳՆ–ն ղեկավար Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ Անջեյ Կասպշիկի մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում Նալբանդյանը նշել է. «Իր ապակառուցողական քաղաքականությամբ, մերժելով եռանախագահների բազմաթիվ առաջարկությունները՝՝ Բաքուն խոչընդոտում է բանակցություններում առաջընթացի արձանագրումը և դրանով իսկ ամեն ինչ անում ստատուս քվոյի պահպանման համար»։

Բազմիցս նշվել է, մի քանի անգամ անդրադարձել եմ ստատուս քվոյի վերաբերյալ ԱՄՆ նոր դիրքորոշմանը։ Նշվել է, որ ներկա փուլում նրանց դա ձեռք չի տալիս, մինչդեռ հայկական երկու պետությունների շահերից է բխում առկա ստատուս քվոն (հարաբերական, սակայն խաղաղություն է, Արցախի բնակչությունը ապրում ու զարգանում է իր պատմական հողի վրա, վերաբնակեցման գործընթացը մեկնարկել է, ԼՂՀ պաշտպանության բանակը վերահսկում և պահպանում է Արցախ պետության ողջ տարածքն ու նրա ժողովրդի անվտանգությունը և այլն, և այլն)։
Հիմա անդրադառնամ Նալբանդյանի «մտքի գոհարներին»։ ՀՀ ԱԳՆ ղեկավարը կամ մինչ օրս չի հասկացել ԱՄՆ–ի նոր դիրքորոշման բուն էությունն ու իմաստը, կամ էլ, ինչպես միշտ, ցանկանում են «գերազանցիկի» կերպարով հանդես գալ ԱՄՆ–ի աչքերում՝ առանց հաշվի առնելու, որ նման արտահայտություններով վտանգում են երկու հայկական պետությունների անվտանգությունը։

Ըստ Նալբանդյանի՝ դուրս է գալիս, որ մենք պետք է Ալիևին շնորհակալություն հայտնենք, որ կողմ լինելով ստատուս քվոյի պահպանմանը, լուծվում է մեր անվտանգության խնդիրը։ Տեսնես՝ ի՞նչ երգ է երգելու Նալբանդյանը, եթե Ադրբեջանն ասի, որ իրոք առկա ստատուս քվոն պետք է փոխվի։ Ուորլիքի վեց կետերն ամբողջությամբ Ադրբեջանի շահերն էին պաշտպանում։ Դա պարզից էլ պարզ է։ Պարզ է նաև այն՝ եթե առաջ ԱՄՆ–ը կողմ էր ազգերի ինքնորոշման իրավունքին, ապա այսօր նման շեշտադրումներ չկան։ Դուրս է գալիս՝ ՀՀ ԱԳՆ–ն Նալբանդյանի շուրթերով մեսիջ է հղում, որ պաշտոնական Երևանը կողմ է Ուորլիքի հնչեցրած ելույթին։ Բացի դրանից, Ուորլիքի հայտարարությունը ոչ այլ ինչ էր, քան պատերազմական գործողությունների վերսկսման կոչ։ Նրա ելույթի փիլիսոփայությունը հենց դրա մասին է վկայում։ Նալբանդյանի՝ վերը նշված մեջբերումն էլ հանգեցնում է այն եզրակացությանը, որ ՀՀ ամենաբարձր մակարդակով պատերազմ են քարոզում։ Մի տեսակ շատ «խաղաղ» քաղաքականություն ստացվեց Ս. Սարգսյանի կողմից նախաձեռնած քաղաքականությունը Արցախի հարցում (Կազանը, կարծում եմ, ոչ մեկ չի մոռացել, չէ՞)։

Մեկ անգամ նշել եմ, բայց նորից կրկնեմ, որ ՀՀ ԱԳՆ նմանատիպ հայտարարություններն Արցախի կողմից լուրջ արձագանքների կհանգեցնեն։
Ինչ վերաբերում է սխալների ուղղմանը։ Այս իշխանությունն ունակ չէ սխալների ուղղում անել։ Նա դա մի քանի անգամ առիթ է ունեցել ապացուցելու։
Սերժ Սարգսյանի «խաղաղության» լոզունգի տակ վարվող արտաքին քաղաքականության արդյունքում վտանգվել է մեր անվտանգությունն, ու այն սպառնալիքի տակ դրվել։
Ինչ վերաբերում է ՀՀ ԱՄՆ դեսպան Հեֆերնին ու նրա կողմից հնչեցված հայտարարություններին Արցախի վերաբերյալ, ապա հայաստանյան իշխանությունը պետք է նրան կանչեր կա՛մ բացատրություններ տալու, կա՛մ ուղարկեր այնտեղ, որտեղից եկել է, կամ էլ պերսոնա նոն գրատա հայտարարեր։ Հեֆերնի ոչ բարով ծավալած դիվանագիտական աշխատանքը մեր երկրում Արցախի շուրջ հայտարարույթուններով չի սահմանափակվում։ Նա նաև մեր երկրում հակասահմանադրական պարտադիր կուտակային օրենքի լոբբիստներից է։ Մինչդեռ ոչ Հեֆերնը, ոչ էլ մեկ այլ դիվանագիտական առաքելություն կատարող անձ ոչ մի իրավական ու բարոյական իրավունք չունի ասելու ու պարտադրելու ինքնիշխան պետության ժողովրդին ինչ անել, ինչին կողմ, ինչին դեմ լինել։

Հ. Գ. Այս իշխանությունը պետք է օր առաջ հանգիստ, անցնցում հեռանա, քանի դեռ դա չի դարձել համայն հայության պահանջը, որի հետևանքները շատ ավելի վատ կլինեն։

Մերի Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը