Կարծիք

17.05.2014 14:02


«Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը շատ ուժեղ ազդեցություն է թողել Բաղրամյան 26-ի վրա»

«Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը շատ ուժեղ ազդեցություն է թողել Բաղրամյան 26-ի վրա»

Ինչպես տեսնում եմ, երեկվա Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը շատ ուժեղ ազդեցություն է թողել Բաղրամյան 26-ի վրա: Այլ կերպ չեմ կարողանում բացատրել այն լռությունը, որը տիրում է զանազան «ընդդիմադիր», բայց իրականում լավ էլ իշխանական լրատվամիջոցների դաշտում:

Եվ դա բնական է, քանի որ Ծառուկյանի երեկվա ելույթում տրված գնահատականները և պնդումներն ուղղակի տեղ չեն թողնում տարբեր տիպի ասեկոսեներին և «ընդդիմադիր» դիրքերից հանդես եկող, բայց Բաղրամյան 26-ի պատվերները կատարող տարատեսակ հոդվածների հեղինակներին:

Իր երեկվա հարցազրույցում Գագիկ Ծառուկյանը բավականին հստակ հասկացրեց գործող իշխանություններին, որ ԲՀԿ-ն չի պատրաստվում նահանջել, այլ հակառակը՝ պատրաստ է ակտիվորեն համագործակցել ոչիշխանական ուժերի հետ, որպեսզի փոխի երկրում ստեղծված խայտառակ իրավիճակը, որը պայմանավորված է գործող իշխանությունների խայտառակ, ոչ մի քննադատության չդիմացող թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքական կուրսով (թեև, դժվար է «քաղաքական» կոչել հարկային տեռորը, անսկզբունքային արտաքին քաղաքականությունը, «մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցելու ծրագիրը, ստրատեգիկ նշանակություն ունեցող ազգային հարստությունների վաճառքը, քաղաքական դաշտի ամայացման միտումները, տնտեսական անկմանը նպաստող գործողությունները, ինչպես նաև երկիրը խայտառակ իրավիճակին հասցնելու հետ մեկտեղ հավերժ իշխանական աթոռին մնալու միտումը):

Իր հարցազրույցով Գագիկ Ծառուկյանը վերջ դրեց բոլոր այն խոսակցություններին, թե քառյակն այլևս պառակտված է և գոյություն չունի: Ծառուկյանը հաստատեց, որ քառյակը ոչ միայն գոյություն ունի, այլ պատրաստ է շարունակել իր ակտիվ գործողությունները, և Տիգրան Սարգսյանին միասնական ջանքերով հրաժարականի ուղարկելը միայն սկիզբն էր երկրում իրական փոփոխություններին հասնելու և երկիրն այս խայտառակ փոսից հանելու գործում: Դրա վառ ապացույցը կարելի է համարել Ծառուկյանի կոչը ժողովրդին՝ չարտագաղթել, ինչը բավական մեծ պատասխանատվություն է դնում ԲՀԿ-ի ուսերին և պարզապես տեղ չի թողնում նահանջելու:

Շատ կարևոր է արձանագրել նաև, որ իր հարցազրույցում Գագիկ Ծառուկյանը շատ կոշտ գնահատական տվեց Տիգրան Սարգսյանի վարած քաղաքականությանը և դրա արդյունքում գրանցված խայտառակ ցուցանիշներին: «Տնտեսությունը հայտնվել է բառիս բուն իմաստով կործանման եզրին: Փոքր և միջին բիզնեսը, ըստ էության, ոչնչացված է, օտարերկրյա ներդրումներ չկան, ոչ ոք չի ցանկանում Հայաստանում ներդրումներ կատարել: Գյուղի բնակչությունը վարկերի տակ սնանկացած վիճակում է, շինարարություն չկա: Սա նշանակում է, որ սխալ ծրագրեր են իրականացվել, տարիներ շարունակ կեղծ թվերով և ցուցանիշներով խաբել են մեր ժողովրդին», - ասաց Գ. Ծառուկյանը: Այս ամենը ոչ այլ ինչ է, եթե ոչ Տիգրան Սարգսյանի այս 6 տարիների ընթացքում վարած քաղաքականության արդյունք: Եվ այս ամենի պատասխանատուն, բնականաբար, ոչ միայն Տիգրան Սարգսյանն է, քանի որ բոլորս էլ գիտենք, թե ով է նրան վարչապետ նշանակել, իսկ հետագայում` վերանշանակել:

Եվս մի կետ, որը հարկ է շեշտել, Գագիկ Ծառուկյան-Հովիկ Աբրահամյան հարաբերությունն է, որի մասին զանազան լրատվամիջոցներ տարբեր տիպի ասեկոսեներ են տարածում: Իր ելույթում Գագիկ Ծառուկյանը ևս մեկ անգամ վերահաստատեց այն միտքը, որ «բարեկամությունը քաղաքական կատեգորիա» չէ, և ԲՀԿ-ի համար առաջնային են հենց երկրի խնդիրները, որոնք պետք է լուծում ստանան, և ԲՀԿ-ն պատրաստ է ակտիվորեն նպաստել այդ խնդիրների լուծմանը: Միաժամանակ, Գ. Ծառուկյանն ընդգծեց, որ նոր կառավարությունը և Հովիկ Աբրահամյանը շատ լավ հնարավորություն են ստացել հանելու երկիրն անդունդի եզրից, սակայն դրա համար հարկավոր է քաղաքական կամք և պատրաստակամություն ցուցաբերել, այլ ոչ թե շարունակել Տիգրան Սարգսյանի քաղաքական կուրսը (ինչը Հովիկ Աբրահամյանից ակնկալում են ՀՀԿ-ում): Եթե երկրի վիճակը չփոխվի դեպի լավը, մարդկանց կենսամակարդակը չի բարձրանա, ժողովրդի դժգոհությունն էլ մեծ կլինի։ ԲՀԿ-ն մյուս ոչիշխանական ուժերի հետ իր բոլոր ջանքերը կգործադրի երկրում ավելի լուրջ փոփոխությունների հասնելու համար (ինչպես, օրինակ, եղավ Վրաստանում):

Սրանք էին, ըստ իս, Գագիկ Ծառուկյանի հարցազրույցի հիմնական կետերը: Դե հիմա տեսնենք, թե ինչ պետք է այս ամենին պատասխանեն մեր զանազան ոչ «ընդդիմադիր» լրատվամիջոցները: Բայց իրականությունն այն է, որ պատասխանելու բան չկա, քանի որ հարցազրույցում ամեն ինչ շատ հստակ էր ասված:

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը