Մեկնաբանություն

17.05.2014 13:32


Գագիկ Ծառուկյանը ներկայացրեց Մելիք–Ադամյանը շրջանցող ճանապարհային քարտեզը

Գագիկ Ծառուկյանը ներկայացրեց Մելիք–Ադամյանը շրջանցող ճանապարհային քարտեզը

Թեև Սերժ Սարգսյանն ատամաներով էր պահում Տիգրան Սարգսյանին, սակայն անզոր գտնվեց ոչիշխանական քառյակի առաջ ու ստիպված եղավ հեռացնել իր սիամական երկվորյակին։

Որքան էլ հիմա «Գեբելսյան» քարոզչամեքենայի մաս հանդիսացող «անկախ» լրատվամիջոցները և «էշ մի սատկի, գարուն կգա, կասենք, թե Սերժին երբ ենք հեռացնելու» գաղափարախոսությունը հասարակությանն առաջարկող «թունդ ընդդիմադիրները» փորձեն նսեմացնել ոչիշխանական քաղաքական ուժերի գործունեության արդյունքը, այդուհանդերձ դա հնարավոր չէ անել։

Տիգրան Սարգսյանի հեռացումը փուլային ու անարյուն իշխանափոխության առաջին հանգրվանն է (Սերժ Սարգսյանը դեռ ողբում է նախկին վարչապետի «մահը», քանզի հասկանում է, որ շեշտակի հարված է հասցվել իր՝ «Մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցելու ծրագրերին)։ Դա հնարավոր դարձավ միասնական պայքարի արդյունքում։

Ծառուկյանի երեկվա հարցազրույցի մեխը նույնպես միասնական պայքարի գաղափարն էր։

«Գալիք համապետական ընտրություններին, լինեն դրանք խորհրդարանական, թե նախագահական, «Բարգավաճ Հայաստանը» իր քաղաքական գործընկերների հետ միասին, ուժեղ թիմով, գրագետ ծրագրով մասնակցելու է միայն ու միայն հաղթելու և միասնական ուժերով երկիրն այս վիճակից դուրս բերելու վճռականությամբ»,– մասնավորապես նշեց Գագիկ Ծառուկյանը։

Սա Ծառուկյանի գլխավոր մեսիջն էր ուղղված հանրությանը, քաղաքական դաշտին, ոչիշխանական քառյակի գործընկերներին, քաղաքացիական ակտիվիստներին, պետական ապարատին ու Սերժ Սարգսյանի նեղ շրջապատից դուրս գտվող իշխանական բուրգի առողջ հատվածներին։

Սա նաև մեսիջ էր ուղղված ԲՀԿ շարքերին առ այն, որ Տիգրան Սարգսյանի հեռացմամբ պայքարը ոչ թե ավարտվել է, այլ թևակոխել է նոր փուլ (խնամիությունը քաղաքական կատեգորիա չէ. Ծառուկյանը փակեց Հովիկ Աբրահամյանի ու իր խնամիությանն առնչվող լրատվական–բանսարկուական խոսակցությունները)։

Միասնական ջանքերով հաջողության հասնելու մասին հնչեցրած իր խոսքով Ծառուկյանը, փաստորեն, Մելիք–Ադամյանը շրջանցող ճանապարհային քարտեզի իր պատկերացումներն ու բանաձևը ներկայացրեց։ Այդ բանաձևի շրջանակներում քառյակին ու մասնավորապես դրա առանձին հատվածին առաջարկվեց սեփական օրակարգը ձևավորել և վերականգնել թելադրողի դիրքերը, այլ ոչ թե գնալ ուրիշի արհեստական օրակարգերի հետևից (Ծառուկյանն ակնհայտորեն նկատի ուներ Սերժի անձնական ծրագրերին ծառայեցվող սահմանադրական փոփոխությունների գործընթացի մեջ չմտնելը)։

ԲՀԿ առաջնորդի երեկվա հարցազրույցի մեջ ուշագրավ էր նաև Սերժ Սարգսյանի հետ ունեցած հեռակա բանավեճի մյուս կետը։

«Աղջիկ քեզ ասում եմ, հարս դու հասկացիր» տարբերակով գնահատական տրվեց Տիգրան Սարգսյանի կառավարության գործունեությանը։

Սերժ Սարգսյանի՝ «Տիգրա՛ն ջան, շատ-շատ շնորհակալ եմ» ձևակերպմանը Ծառուկյանը հակադարձեց տնտեսության մեջ առկա բոլոր խնդիրների վերաբերյալ օբյեկտիվ գնահատական տալով։ Ըստ նրա՝ Հայաստանը տնտեսական հետընթաց է ապրել, կոպիտ սխալներ են թույլ տրվել, շինարարությունը կանգնած է, փոքր ու միջին բիզնեսը ծանր վիճակում է, ներդրումներ չկան, գյուղացիները վարկեի տակ են ու ստիպված արտագաղթում են։

Ամփոփենք. Ծառուկյանն իր հարցազրույցով պատասխանեց հանրային հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի։ Ըստ այդմ՝

1. ԲՀԿի մոտ քաղաքական գծի առումով ոչ մի բան չի փոխվել, և Հովիկ Աբրահամյանի գործոնը որևէ կերպ չի ազդելու իրենց գործունեության վրա,

2. ԲՀԿն խորացնելու է հարաբերություններն իր քաղաքական գործընկերների հետ ոչիշխանական քառյակում,

3. ԲՀԿն իր քաղաքական գործընկերների հետ միասնաբար ակտիվորեն մասնակցելու է առաջիկա (հերթական կամ արտահերթ) բոլոր համապետական ընտրություններին՝ հաղթելու վճռականությամբ։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը