Կարծիք

17.05.2014 11:23


ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՓԱԿԵՑ ՀՒՆ ԹԵՄԱՆ ՈՒ ԲԱՑԵՑ ՆՈՐԸ

ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՓԱԿԵՑ ՀՒՆ ԹԵՄԱՆ ՈՒ ԲԱՑԵՑ ՆՈՐԸ

Գաղտնիք չէ, որ «Բարգավաճ Հայաստանը» վերջին տարիներին առանցքային դերակատարություն ունի մեր քաղաքական կյանքում, ուստի բնական է, որ այդ կուսակցությունից ու նրա ղեկավարից հասարակության ակնկալիքները մեծ են: Բայց դրան զուգահեռ քիչ չեն նաև անհանգստությունները, թե որքանով է ԲՀԿ-ն պատրաստ սպասվելիք լարված քաղաքական պրոցեսների արդյունքում «ռուբիկոնն անցնել», առավելևս՝ Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելուց հետո՝ պայմանավորված Ծառուկյանի հետ նրա խնամիական կապերով:

Երեկվա հարցազրույցով Գագիկ Ծառուկյանը վերջակետ դրեց այդ մտահոգությունների շարանին և փակեց թեման:

Նախ հայտարարվեց, որ խնամիական կապերը չեն կաշկանդելու ԲՀԿ–ին՝ կառավարության գործունեությունն անաչառ գնահատելու հարցում: Երկրորդ, որ առաջիկա համապետական ընտրությունները, կլինեն դրանք նախագահական, թե խորհրդարանական (ենթատեքստում էլ հասկացվում է՝ արտահերթ, թե հերթական) «Բարգավաճ Հայաստանն» իր քաղաքական գործընկերների հետ միասնաբար մասնակցելու է հաղթելու վճռականությամբ: Սա յուրօրինակ պատասխան էր Սերժ Սարգսյանի վերարտադրության ծրագրին ու նաև Մելիք–Ադամյան փողոցով անցնող տխրահռչակ քաղաքական ճանապարհին։

Ուզում եմ ընդգծել նաև այն հանգամանքը, որ Ծառուկյանի կողմից կոչ արվեց մեր ժողովրդին չլքել երկիրը, այլ մնալ ու տեր կանգնել իրենց տներին ու հայրենիքին: Իհարկե նման կոչերի պակաս այս տարիներին երբեք էլ չի զգացվել, որոնք հաճախ ընկալվում են որպես զուտ բարի ցանկություն, բայց երբ այն հնչում է մի քաղաքական ուժի ղեկավարի շուրթերից, ումից հասարակությունը գործնական քայլեր է սպասում, որը կարող է հավատ ներշնչել, որ մեր երկրում դրական ակնկալիքներ կան, դա արդեն սոսկ խոսքեր չեն ընկալվում: Մանավանդ որ կոչ է արվում չհեռանալ, այլ մնալ ու պայքարի միջոցով երկրում իրավիճակ փոխել։

Տարիներ առաջ մի ձևակերպում եմ արել. «Նախընտրական արտագաղթի մեղավորն ընդդիմությունն է, հետընտրականինը՝ իշխանությունը»:

Այո՛, երբ կեղծվում են ընտրությունները, ժողովուրդն ապրում է հերթական հիասթափությունը և, այլևս սպասելիք չունենալով կեղծիքով իշխանության եկած քաղաքական ուժից, լքում է երկիրը: Իսկ եթե ընդդիմությունը մինչև ընտրություններ չի կարողանում հասարակության մոտ հույսեր արթնացնել, որ իր մասնակցությամբ հնարավոր է հաղթել ու երկրում իրավիճակ փոխել, ապա մեր հայրենակիցներն արտագաղթում են՝ չսպասելով կանխորոշված ընտրությունների ավարտին:
Ուստի, եթե այսօր ոչիշխանական ուժերը կարողանան հասարակության մոտ սպասումներ առաջացնել, որպեսզի արտագաղթելու տրամադրություններ ունեցողները մնան ու պայքարեն, տեր կանգնեն իրենց ձայնին, ապա դա արդեն կարելի մեծ հաջողություն համարել: Չէ՞ որ հայրենիքից գնում են ոչ միայն սոցիալական վատ վիճակից ելնելով, այլև, շատ դեպքերում չեն ցանկանում, որ իրենց երեխաներն ապրեն այս դաժան ներկայի ու անորորոշ ապագայի պայմաններում:
Ամփոփելով, ասեմ, որ իշխանությունների հանդուգն մարտակոչին, թե երկրում ոչինչ չի փոխվելու, քանի որ իրենք էլ առաջիկա տասնամյակներում չեն փոխվելու, վստահ եմ, որ հասարակությունը կասկած չունի, որ ոչիշխանական ուժերը ունեն բավարար ռեսուրս իշխանություններից դժգոհ ու պայքարի պատրաստ հասարակությանը առաջնորդելու դեպի հաղթանակ։

Կարծում եմ՝ Ծառուկյանի գլխավոր «մեսիջը» հենց դա էր, որ կա և՛ ցանկություն, և՛ բավարար վճռականություն՝ միասնաբար գնալու դեպի հաղթանակ։

Էդվարդ Անտինյան

https://www.facebook.com/ed.antinyan/posts/10202205135352350

Այս խորագրի վերջին նյութերը