Կարծիք

16.05.2014 17:09


ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ԽՈՍՔ Է ԱՍՈՒՄ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ԽՈՍՔ Է ԱՍՈՒՄ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Օրերս կառավարությունում գործարարների հետ կայացած հանդիպումը լայն արձագանք ստացավ: Մարդիկ զարմացած հարցնում են. սա ի՞նչ է. ինքնախոստովանական ցուցմո՞ւնք, որ մինչ օրս օրենքը խախտել ենք իշխանությունների թողտվությամբ, հիմա էլ՝ իրենց հորդորով ու մեր բարի կամքով ավելի քիչ կխախտենք:

Նախ, դժվար չէ հասկանալ, որ այս քայլն արվեց կառավարության ծրագիրը ԱԺ ներկայացնելուց մի քանի օր առաջ, որով փորձ է արվում, որպես առաջիկա տարիների ծրագրի կատարման հիմնավորում ներկայացնել նաև գործարարների շրջանում տարված «քաղդաստիարակչական» աշխատանքը: Այսինքն արդեն վաղօրոք գիտենք՝ ծրագրի տապալման մեղավորներին՝ դրանք «մարդկային» խոսքը չհասկացող գործարարներն են, որոնց հետ պետք է խոսել արդեն «չորով»:
Ունի՞ նման իրավասություն կառավարությունը: Միանշանակ ո՛չ: Ունի՞ նման հնարավորություն կառավարությունը: Անկասկած այո՛:

Փաստ է, որ մեր երկրում միայն խոսքով ու թղթի վրա է բիզնեսը մասնավոր ու պաշտպանված: Իրականում կա խուլ ու նաև բացահայտ պայքար բիզնեսի ու իշխանության միջև։ Իշխանությունն ուզում է բոլորին վերահսկել, այդ թվում՝ ապօրինի մեթոդներով։ Բիզնեսի ներկայացուցիչները բնականաբար դիմադրում են ամեն մեկն իր կարողության չափով։

Փոխանակ բիզնես միջավայրն օրենսդրորեն ու իրավակիրառական պրակտիկայի բարելավման միջոցով դարձնեն բարենպաստ, ասում են, թե տեղներս նեղ է, և ով չի ցանկանա ավելին մուծվել, կճնշենք և ուրիշին կտանք բիզնեսները:
Այս ամենն ախր մեզ պարզ էր, բայց որ լսում ես այսպես բացեիբաց, սկսում ես երկմտել, թե՝ այսպես ցինիկ ձևով պետք է ի լուր աշխարհի հայտարարենք, թե ինչպիսին է մեր տնտեսության իրական վիճակը, որպեսզի փորձ անենք ուղղելո՞ւ, թե՞ որ այսպես բացահայտ ապօրինությունները որպես սովորական երևույթ հրամցնում ենք հասարակությանը, այս կարգի քաղաքականությամբ արդեն գործը ձախողել ենք դեռ չսկսած:

Գաղտնիք չէ, որ շուկայական տնտեսության պայմաններում պետությունն ունի երկու դոմինանտ ֆունկցիա՝ կարգավորիչ և վերահսկիչ: Բայց մի 3 տարի առաջ, երբ նախարարներից մեկը սկսել էր ամոթանք տալ մասնավոր տնտեսվարողներին, թե ինչու են այս կամ այն ապրանքը թանկ վաճառում, ես ասեցի, որ տնտեսագիտության մեջ կարծես նոր ֆունկցիաներ են ավելացել՝ հորդորիչ և պախարակիչ: Իհարկե կարծում էի, թե դրանով հումոր էի անում, բայց, երբ այսօր տեսնում եմ, որ երկրում վարվող տնտեսական քաղաքականության հիմքում հենց այդ ֆունկցիաներն են դրվելու՝ վարչահրամայական կառավարման համակարգը հիշեցնող, հասկանում եմ, որ սա արդեն դաժան իրականություն է, էլ ի՞նչ հումոր:

Լավ, եթե որոշել եք ԽՍՀՄ-ը վերականգնել, գոնե կիսատ թողած տեղից շարունակեք՝ 1991-ից, ոչ թե հարյուր տարի առաջվանից քայլ-քայլ առաջ շարժվեք, երբ անգրագետ մեծահասակներին հազիվ տառերն էին սովորեցնում մի գրքով՝ տպագրված 1919-ին, որում ասվում էր՝ «Мы не рабы, рабы не мы»: Ասել է թե՝ բավական է տառերը սովորես հիմա արդեն ուրիշին ենք նշանակելու քո ստրուկ: Այսինքն պայքարը կարգերի վերացման համար չէր, այլ՝ տեղերով փոխվելու:

Հիմա էլ ոչ թե փորձ է արվում օլիգարխիկ տնտեսությունը վերացնելու, այլ՝ տպավորություն ստեղծելու, թե իրենք այնքան զորեղ են, որ ով իրեն «խելոք» պահի՝ նրան են նշանակելու «բիզնես ստրկատեր», իսկ «չարերին» էլ՝ ստրուկ: Ես չէ որ պետք է հիշեցնեմ, որ ազդեցությունը ծնում է հակազդեցություն, դա ժամանակին բավական համոզիչ ներկայացրել է Իսահակ Նյուտոնը: Ուղղակի ուզում եմ մտահոգությունս կիսել, որ այս հարցում պետք է շատ զգույշ լինել, քանի որ բիզնեսի հակազդեցությունը կարող է բավական վտանգավոր երանգներ ստանալ՝ կապիտալի արտահոսք, բիզնեսի արտերկիր տեղափսխում ու այստեղ գործունեության դադարեցում:

Դե արի ու հավատա այս ձեռնարկի հաջողությանը:

Էդվարդ Անտինյան

https://www.facebook.com/ed.antinyan/posts/10202201041370003

Այս խորագրի վերջին նյութերը