Քաղաքական

16.05.2014 17:09


Գագիկ Ջհանգիրյան. «Ասի, չէ՞, Էդմոնդն անցնելու է այն կողմ»

Գագիկ Ջհանգիրյան. «Ասի, չէ՞, Էդմոնդն անցնելու է այն կողմ»

ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստի ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն առաջարկել է խորհրդարանի օրակարգ ընդգրկել 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու իրենց նախագիծը։

Այն շրջանառության մեջ է դեռ 2012թ. սեպտեմբերի 19–ից, սակայն ՀՅԴ–ն համաձայնել էր նախագիծն օրակարգ ընդունելու հարցը հետաձգել մեկ տարով։ Այժմ արդեն մեկ տարին լրացել է։

Ա. Մինասյանն առաջարկել է այդ հարցն օրակարգ ընդգրկել՝ հաշվի առնելով հանգամանքը, որ երկրում սահմանադրական փոփոխությունների գործընթաց է սկսվել։

ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ–ական Հովհաննես Սահակյանը, սակայն, հակադարձել է, որ այս նախագծով Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի վրա ճնշում կգործադրվի։

Իր հերթին ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանն առաջարկել է քննարկումներ չծավալել հարցի շուրջ, քանի որ բոլորի դիրքորոշումը պարզ է, պարզ է նաև, որ մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձած Էդմոն Մարուքյանը քվեարկելու է ՀՀԿ–ականների նման, այսինքն՝ դեմ։

Մարուքյանն էլ սկսել է բացատրել, որ ինքը դեմ է, քանի որ 100 տոկոս համամասնական ընտրակարգով կարող են ոմանք փող տալ և ընդգրկվել ընտրական ցուցակ, իսկ ընտրողն այդպես էլ չի իմանա, թե իր տարածքի ներկայացուցիչ–պատգամավորն ով է։

Իսկ ԲՀԿ–ական Տիգրան Ուրիխանյանը վերահաստատել է իրենց կուսակցության դիրքորոշումը՝ ԲՀԿ–ն կարևորում և անհրաժեշտ է համարում 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելը, բայց մեկ պայմանով.

–Դա պետք է տեղի ունենա ընտրակարգի՛ փոփոխության ձևաչափի մեջ, այլ ոչ թե սահմանադրական բարեփոխումների,–ընդգծել է Տ. Ուրիխանյանը։

Պետաիրավական հանձնաժողովի ՀՀԿ–ական նախագահ Հովհաննես Սահակյանն էլ հայտարարել է, որ ՀՀԿ–ն ոչ արդիական է համարում 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու առաջարկը, և կողմ չի քվեարկելու։

Նիստի ավարտին հարցը դրվել է քվեարկության։ 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու ՀՅԴ–ի առաջարկին ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը և ՀՅԴ–ն կողմ են քվեարկել, իսկ ՀՀԿ–ական անդամներն ու Էդմոն Մարուքյանը՝ դեմ։

–Ասի, չէ՞, Էդմոնդն անցնելու է այն կողմ,–բացականչել է Գ. Ջհանգիրյանը, և հնչած քմծիծաղների ներքո՝ նիստն ավարտվել է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը