Մեկնաբանություն

16.05.2014 16:26


Բարձրաստիճան պաշտոնյաները պատմամշակութային հուշարձա՞ն են

Բարձրաստիճան պաշտոնյաները պատմամշակութային հուշարձա՞ն են

Իշխանությունը տարիներ շարունակ խոսում է կառավարման համակարգի թափանցիկության ապահովման, հանրության առջեւ հաշվետվողականության անհրաժեշտության եւ նման բաների մասին:

Այս ամենին, իհարկե, ժողովուրդը երբեք էլ չի հավատացել ու համարել է, որ իշխանությունը պարզապես իր գլխին հերթական լոլոներն է կարդում՝ ինքն էլ չհավատալով իր ասածներին:

Ահաև՝ պարզ դարձավ, որ նույն իշխանությունը դեմ է կառավարման թափանցիկությանը եւ հանրությանը հաշվետու լինելու գործելակերպին:

ԱԱԾ-ն Ազգային ժողով է ներկայացրել մի օրինագիծ («Պետական գնումների մասին» եւ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ, որն ընդունվեց, ի դեպ), որով առաջարկում է այսուհետ չհրապարակել պետական պահպանության ներքո գտնվող բարձրաստիճան պաշտոնյաների ծախսերն ու արարողակարգային միջոցառումների համար կատարված գնումները: Այսինքն՝ այդ ամենը պետք է հույժ պետական գաղտնիք համարվեն ու հասանելի չդառնան լրատվամիջոցներին ու հանրությանը:

Բայց, ներողություն, այդ ծախսերը արվում են մեր՝ հարկատուներիս, հաշվին եւ մենք պետք է իմանանք, թե որ բարձրաստիճան պաշտոնյան որքան է ծախսել եւ ինչ նպատակով է շռայլել պետբյուջեի գումարները:

Ի վերջո, այդ փողերը մեր գրպանից են ծախսում եւ բարձրաստիճաններն ուղղակի պարտավոր են հաշվետու լինել մեզ՝ հարկատուներիս:

Անցած տարիներին մամուլը բազմիցս է անդրադարձել ու բացահայտել գերատեսչական շվայտ առուծախը՝ տոնական առիթներով եւ տարբեր մակարդակի համաժողովներ կազմակերպելու նպատակով, ինչից ակնհայտ է դարձել, թե որքան են խժռում գերատեսչական անկուշտ պաշտոնյաները:

Հիմա ի՞նչ, պետք է համարենք, որ բարձրաստիճան պաշտոնյաները պատմամշակութային հուշարձաննե՞ր են, որոնք պահպանվում են պետության կողմից եւ որոնց կատարած ֆինանսական աննպատակ վատնումների մասին տեղեկությունները պահվելու են յոթ կողպեքի տա՞կ: Ինչի մասին ոչ ոք ոչինչ չի՞ իմանալու:

Բայց անգամ պատմամշակութային արժեքների վերաբերյալ տեղեկություններն են բաց ու թափանցիկ եւ հրապարակվում են դրանց վերանորոգման կամ պահպանման համար ծախսվող գումարների չափը:

Բարձրաստիճանների կատարած ծախսերի պարտակման մասին օրինագիծը ոչ այլ ինչ է, քան «ատկատների» օրինականացում և թաքցնում:

Ամեն դեպքում, որքան էլ փորձ կատարվի օրենքով սահմանափակել ու գաղտնիության շղարշով պատել այդ ծախսերը, դրանք կատարող պետական-պատոնական անձանց շքեղ առանձնատներն ու մեքենաները, զոքանչ-մոքանչների անունով գրանցած–մրանցած անշարժ ու շարժական գույքերը, ֆիանսական կապիտալն ու բիրդանաղայական նիստուկացը պարտակել հնարավոր չէ եւ ոչ մի օրենքով: Ինչպես «Օֆշորի Տիկոյին» չհաջողվեց պարտակել կիպրոսյան մեքենայությունները՝ թեկուզեւ դրա մասին շարունակում է «խորիմաստորեն» լռել «Վերջի բոլշեւիկը»:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը