Կարծիք

26.11.2010 11:23


Պարոնայք բռնապետներ, իշխանազավթներ

Պարոնայք բռնապետներ, իշխանազավթներ

Դուք, լինելով շատ թե քիչ գրագետ, գիտակից մարդիկ, հասկանում եք, որ զինվորական ստորաբաժանումներում հնչած և զինվորների կյանքը խլող կրակոցներն իրականում ձեր դեմ են ուղղված: Այսօր բանակում տեղի ունեցող ցանկացած բացասական երևույթների մեղքը ձեր վրա վերցնելու պատասխանատվությունից դուք ճողոպրում եք հենց այն պատճառով, որ բանակում գնդակահարվում է ձեր «բարոյականությունը», հանրային վարքագծի ձեր նորմերն ու արժեքները:

Բանակի հանդեպ ունեցած ձեր անարդար վերաբերմունքի հետևանքով դուք' սկսած առաջին դեմքից մինչև իր մերձավորները, նախարարները, պատգամավորները, գեներալները և իրենց բոլոր ազգականներն ու մերձավորները' ձեզնից սերվածներին ազատում եք բանակային ծառայությունից կամ տեղավորում հարմարավետ և տաքուկ տեղեր' դրանով իսկ դրսևորում եք և սերմանում «կաստայական-ընտրախավային» թշնամանք հասարակության նկատմամբ: Ձեզ համար այդ սկզբունքը դարձել է գործելաոճ և գործում է գիտության ու կրթության, տնտեսության և արդարադատության, սոցիալական և զինվորական ծառայության ոլորտներում, առհասարակ ազգային կարևորագույն շահերի բոլոր ոլորտներում:

Այս ամենի հետևանքով իրապես վտանգվում է ազգային անվտանգությունն ու պետականությունը: Նյութական արժեքներին տիրանալու, դրանք բազմապատկելու հարցում դուք հագուրդ տվեցիք ձեր չարչիական ձգտումներին ու մեղսավոր նկրտումներին: Դուք օտարվեցիք հասարակությունից: Ձեզ ենթարկեցրիք իրավապահ և ծառայողական մարմինները, Սահմանադրությունը, ձեզ շրջապատեցիք զինված պահակախմբերով, որպեսզի ձեր կատարած բոլոր հանցագործություններն ու իրավախախտումները մնան անպատիժ: Ձեր գոռոզամտությունը, անձեռնմխելիությունն ու ամենակարող կեցվածքը' ձեր իսկ ստեղծած ամենաթողության մթնոլորտում մարտահրավեր է, նետված արդարության և զարգացման ձգտող հասարակությանը, ժողովրդին: Դուք, չարորակ ուռուցքի նման ախտահարում եք ազգային և պետական գործունեության բոլոր կարևորագույն օղակները:

Այսօր բանակում տեղի ունեցող միջադեպերը այդ չարորակ հիվանդության ախտանշաններն են, որի մետաստազները խորապես մխրճվել են բանակի բոլոր կառույցներում, ախտահարելով ամեն ինչ:

Բանակը դուք ծառայեցնում եք հասարակության նկատմամբ ձեր կաստայի հեգեմոնիան ապահովելու, հայ ժողովրդին օտար և խորթ արժեքներ պարտադրող ուժային հենարան: Այսօր բանակում գնդակահարվում է Ձեր «բարոյականությունը»: Ձեր անբարո կեցվածքով դուք եք այդ հուսահատ կրակոցների թիրախը: Ձեր «բարոյականության» կողմից ճնշված, ոտնատակ արված ազատության ձգտող անհատն է, որ լուծում է ստեղծված անելանելի գոյապայմաններից ոգու ազատագրման խնդիրը:

Դուք եք զինվորների և զինծառայողների համար ստեղծել գոյության և գոյապահպանության հիմնախնդիր, որը երկսայր է:

Այսօր դուք վիրտուալ թիրախ եք, վաղը կդառնաք իսկական թիրախ:

Պարոնայք բռնապետներ, կամավոր հրաժարվեք իշխանությունից, որին այդպես կառչած եք:

Էմիլ Աբրահամյան

Այս խորագրի վերջին նյութերը