Մեկնաբանություն

16.05.2014 10:10


Իրար արժեն

Իրար արժեն

Ազգային ժողովում «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի նախագիծն է քննարկվում:

Ու ես հիշեցի, թե իմ լրագրողական գործունեության ընթացքում քանի-քանի արվեստագետների հետ եմ զրուցել, որոնք, երբ հանկարծ լսում էին իշխանությունների կատարած այս կամ այն քայլի դեմ բարձրացված հանրային բողոքի ալիքի մասին իմ հարցը, մի տեսակ վախեցած կուչ էին գալիս ու համարյա շշուկով ասում. «Ախր, նոր են ինձ կոչում տվել, մի քիչ անհարմար է խոսել իշխանությունների դեմ»:

Եվ ես ամեն անգամ նման պատասխան լսելուց հետո հիշում էի Թումանյանի խոսքը՝ «Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի և կարելի լինի համեմատել մարդ կոչումի հետ»:

Անշուշտ, պատահական չէ, երբ իշխող ուժը հիմա է ցանկանում կոչումնավորների ամսավճարը բարձրացնել: ՀՀԿ-ն եւ նրա առաջնորդն ուզում են, որ Մելիք-Ադամյան փողոցով անցնեն նաեւ արվեստագետները: Ասել են, չէ՞, առաջիկա տաս տարիներն էլ իրենցն են լինելու, ուրեմն ստեղծագործական մտավորականության անվերապահ աջակցության կարիքը եւս ունեն: Կբարձրացնեն կոչումնավորների ու շքանշանակիրների համար սահմանված ամսական վճարները եւ վերջիններս վազելով «չեստ կտան» միակուսակցական համակարգի ձգտող ՀՀԿ-ին: Ինչպես ժամանակին «չեստ էին տալիս» Ցեկա-յին:

Բայց կա հարցը լուծելու այլ տարբերակ, որի դեպքում արվեստագետները կարող են լինել անկախ ու իրենց դրսեւորել առավել արժանապատիվ կեցվածքով:

Օրենքի փոփոխությոններով նախատեսված կոչումնավորների ամսավճարները բարձրացնելու փոխարեն իշխանությունները կարող են ուղղակի բարձրացնել այդ մարդկանց աշխատավարձերը: Այդ դեպքում դերասան, նկարիչ, երաժիշտ կամ գրող իրենց չեն «կոտորի» ու «մարդ մեջ չեն գցի» կոչում ստանալու համար: Կստանան նորմալ աշխատավարձ եւ պարտավորված չեն լինի ծառայել ու ստրկամտություն դրսեւորել իշխող ուժի հանդեպ:

Սա չե՛ն անում, եւ զարմանալիորեն նույն այդ արվեստագետները ոչ թե աշխատավարձի բարձրացում են պահանջում, այլ նախընտրում են կոչումներն ու շքանշանները:

Ինչը ենթադրում է իշխանությանը որոշակի ծառայության մատուցում: Եվ դա տեսանք ամիսներ առաջ, թե ինչպես էին երկու կոչումնավոր դերասան ամպհովանի բռնել Սերժ Սարգսյանի գլխին: Սա ակնհայտ ծառայությունների շարքից է, ինչպես նաեւ նախընտրական շրջաններում իշխանություններին գովերգելը: Բայց կան նաեւ «անտեսանելի» ծառայություններ, օրինակ՝ պապանձվելն ու ոչինչ չասեը իշխանությունների գործած հերթական ապօրինությունների դեմ:

Ինչեւէ, իշխող ուժը լավ է ճանաչում մտավորականությանը ու դրա համար էլ գիտե՝ ինչպես, ինչ մեթոդների կիրառմամբ իրենով անել նրան:

Հայ մտավորականությանը լավ էր ճանաչում նաեւ մեր մեծագույն գրողնեից մեկը՝ ԿՈՍՏԱՆ ԶԱՐՅԱՆԸ, որ ճշգրտորեն բնութագրել էր հայրենիքը կուսակցության հետ նույնացնող կոչումնավորներին. «Էս ժողովրդի դժբախտություններից մեկն էլ իր կես զարգացած, քաղքենի, տափակ սրտով և տափակ խելքով մտավորականներն են… Պառավ աղջիկների նման նախանձոտ, լեղի և հիմար … Էդ մարդկանց համար հայրենիքը կուսակցությունն է, իսկ կուսակցությունը` հավնոց, ծռտով ու կուտով լցված հավնոց … Վանդակը ընկած սկյուռի նման պտույտ են գալիս նույն աժան և մաշված գաղափարների շուրջը, և այն, ինչ որ անվանում են գաղափար, ուրիշ բան չի, եթե ոչ եղունգները կրծելու նման վատ սովորություն …»։

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը