Քաղաքական

15.05.2014 14:41


Լևոն Զուրաբյան. «Կոռուպցիան պահպանվում է պետության կողմից» (տեսանյութ)

Լևոն Զուրաբյան. «Կոռուպցիան պահպանվում է պետության կողմից» (տեսանյութ)

ԱԺ-ում կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթի համաձայն՝ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման նպատակներով նրանց սննդի ձեռքբերման, կեցության, տրանսպորտային սպասարկման հետ կապված պետական գնումները կկատարվեն գաղտնիության ռեժիմով:

Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Լեւոն Զուրաբյանի խոսքով՝ օրինագիծը կարելի է բնութագրել մեկ արտահայտությամբ՝ «կոռուպցիան պահպանվում է պետության կողմից»:

Օրինագծի վերաբերյալ իր ելույթում պատգամավորը հիշեցրեց, որ Վերահսկիչ պալատի հաշվետվությունների համաձայն՝ պետական գնումների ոլորտում համատարած կոռուպցիա է տիրում:

«Այս որակումը ոչ ոք չի հերքել», - ասաց Զուրաբյանը:

Նրա խոսքով՝ պետական պաշտոնյաների համար կատարվող ծախսերը պետք է թափանցիկ լինեն:

«Մենք չենք ցանկանում իմանալ այն ընկերությունների ցանկը, որտեղից սնունդ է գնվում, ծառայություններ են մատուցվում՝ հասկանալով, որ նման տեղեկությունն իսկապես լավ կլինի՝ գաղտնի պահվի: Մենք ընդամենը ցանկանում ենք հանրային վերահսկողություն սահմանել հանրային փողերի նկատմամբ», - ասաց Զուրաբյանը՝ նշելով, որ դա ցանկացած դեմոկրատական երկրում ընդունված նորմ է: Ավելին, ըստ նրա, մի շարք դեմոկրատական երկրներում հենց իրենց այցելութունների ժամանակ շռայլություն թույլ տված պաշտոնյաները՝ կառավարության ղեկավարներ, նախարարներ եւ այլն, հրաժարական են տվել:

Հիշեցնելով նաեւ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ մինչեւ 200 միլիոն դրամի հասնող այցելությունները, Լեւոն Զուրաբյանը նշեց, որ հանրությունը հիմքեր ունի կասկածելու, որ քննարկվող նախագծով իշխանությունները փորձում են հանրության ուշադրությունից հեռու պահել հնարավոր չարաշահումները:

«Եւ սա այնքան էլ անհիմն մտավախություն չէ, եթե հաշվի առնենք, որ, մասնավորապես, 2012-ի աշնանը մենք ԱԺ-ում ահազանգեցինք, կառավարությունը գաղտնի որոշում ընդունեց, որ 20 տոկոսը վաճառելու է «Գազպրոմին»: Դուք հերքեցիք դա, բայց հետո տեսանք, որ հենց այդպես էլ եղել է» - նշեց Զուրաբյանը:

Պատգամավորը հիշեցրեց նաեւ, որ 90-ականներին կառավարությունը գաղտնիության ռեժիմ է սահմանել միայն պաշտպանական բնագավառին վերաբերող որոշումների վրա:

«Տնտեսական ծախսերի, այցելությունների ծախսերի վերաբերյալ գաղտնիությունը մեզ անհանգստություն է պատճառում՝ մտածել տալով, որ այս քաղաքականության էությունը նրանում է, որ գաղտնիության շղարշի տակ տեղի ունենան չարաշահումեր եւ կոռուպցիոն գործարքներ: Եթե դուք ցանկանում եք, որ այս նախագիծը նորմալ ընդունվի, պետք է դրանում հստակ փոփոխություններ մտցվեն: Այլապես, մենք ստիպված կլինենք մտածել, որ կոռուպցիան պահպանվում է պետության կողմից», - ամփոփեց Լեւոն Զուրաբյանը:

ilur.am

Այս խորագրի վերջին նյութերը