Կարծիք

15.05.2014 14:40


Մերի Մովսիսյան.

Մերի Մովսիսյան.

Կառավարությունը մինչև հուլիսի մեկը ժամանակ է տվել խոշոր գործատուներին, որպեսզի դուրս գան ստվերից և աշխատեն հավասար պայմաններով։ Ինչ խոսք, միտքն ինքնին վատը չէ, բայց ինչպե՞ս է դա պատկերացնում կառավարությունը։ Եվ հետո, ասենք, դուրս չի գալիս, ի՞նչ է անելու կառավարությունը։ Ստվերում գործող ձեռնարկատերերին հավաքի ու ականջները քաշի՞, թե համակարգին հատուկ «տնտեսական տեռորի» ենթարկի՝ ավելի վատացնելով իրավիճակը։ Դժվար թե Հովիկ Աբրահամյանի մոտ ինչ–որ բան ստացվի։ Ասեմ՝ ինչու։ Առաջինը՝ խոշոր ձեռնարկատերերն աշխատում են ստվերում՝

ա) «սաշիկափայացմանը» չենթարկվելու համար,

բ) հարկային բեռի տակ չմնալու համար,

գ) բյուրոկրատական ու իրավական քաշքշուկներից զերծ մնալու համար,

դ) պետության նկատմամբ անվստահության համար,

ե) ներքին հոգեբանական ընկալումների (քանի կարող եմ՝ իմ փայը տանեմ. իշխանությունն ուտում է, ինչո՞ւ ես չանեմ. ինձ պետք ա՝ հարկ տամ, մեկ է՝ իրենք են ուտելու...),

զ) Սահմանադրության 8-րդ հոդվածի (Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում եւ պաշտպանվում է սեփականության իրավունքը)՝ չերաշխավորվածության, կիրառելիության բացակայում։

Երկրորդ՝ նրանք չեն գնա այդ քայլին ԻՆՔՆԱԿԱՄ, քանզի լուրջ ոչ մի երաշխիք, այն էլ՝ իրավական ամրագրումով, չունեն։ Երրորդ՝ չկան երաշխիքներ, որ ստվերից դուրս գալուց հետո, կառավարության «միամիտ» որոշմամբ, պատժամիջոցներ չեն կիրառվի, այդ թվում՝ նրանց դեմ գործի չի դրվի «գեբելսյան քարոզչամեքենան», ու երկրում առկա տնտեսական վիճակի ու դատարկ բյուջեի համար նրանց չեն մեղադրի՝ հասարակ ժողովրդի աչքում «բոլշևիկ» սարքելով մի կողմից և Սարգսյանի բարի կերպար կերտելով՝ մյուս։ Չորրորդ՝ ստվերից դուրս գալու համար որոշակի ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի ձեռնարկության ղեկավարությունը հասցնի ծանոթանալ ու հարմարվել նոր խաղի կանոններին, հետագայում չիմացության ու թղթաբանական քաշքշոցի պատճառով տույժեր չկրելու համար։ Բացի վերը նշվածից՝ կառավարությունը, Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, պետք է հստակ պատկերացնի, որ կառավարումն անմիջականորեն կապված է ճիշտ ու տրամաբանական որոշումներ ընդունելու ընթացակարգի հետ։ Կառավարությունը մինչ նման առաջարկ անելը պետք է բարվոք բիզնես-միջավայր ստեղծեր, հարկային օրենսդրության մեջ փոփոխություններ աներ՝ թեթևացնելով հարկային բեռը, մասնավոր սեփականության իրավունքի գործառնության երաշխիքներ տրամադրեր և այլն, և այլն։ Բիզնեսի ու կառավարության մասնակցությամբ կլոր սեղաններ կազմակերպեր՝ ավելի լավ հասկանալու բիզնես-միջավայրի սպասելիքները, խնդիրները, ինչպես նաև արտահայտել սեփական մոտեցումները, հնարավորությունները և այլն։ Դրանից հետո միայն խոսեր ստվերից դուրս գալու մասին։ Ի դեպ, այս պայմաններում կառավարությունը որոշակի լեգիտիմություն ձեռք կբերեր՝ ստվերից դուրս չեկողների դեմ պատժամիջոցներ կիրառելու։

Հովիկ Աբրահամյանը պետք է հասկանա, որ գործադիրում, ի տարբերություն օրենսդիրի, միայն «parler»–ը չի անցնում։ Գործադիրի ղեկավարը պետք է արդյունավետ կառավարումը տարբերակի բոլոր մնացած գործողություններից։ Գործադիրում ականջին հաճո արտահայտությունները հավասար են ոչնչի, եթե դրանք գործնականում չեն իրագործվում։

Հ. Գ. Շուոներով տնտեսություն ոտքի չեն հանում։

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը