Մեկնաբանություն

15.05.2014 11:01


«Բոհեմական»

«Բոհեմական»

Օլանդը գնաց, մենք էլի մնացինք նույն կեղտոտ ջրափոսում:

Ընդհանրապես, դժվար է գնահատել Ֆրանսիայի նախագահի մի տեսակ անսպասելի, հպանցիկ այցը մեր երկիր:

Դե, եկավ, հուսադրեց մեզ, որ կարելի է դաշնակցելով Մաքսային միության հետ, միաժամանակ չկորցնել Եվրամիությանը: Ինչպե՞ս: Չասաց: Իսկ ահա Աշոտյանը դեռ մի ամիս առաջ էր ասել, որ «խորը եւ համապարփակը» կարող է չստացվել, բայց կոնկրետ իր գլխավորած նախարարության մասով ԵՄ ծրագրերը մնում են ուժի մեջ: Այսինքն՝ ինքը գրանտներ ստանալու մասով խնդիր չունի, միաժամանակ սիրում է ՄՄ-ին:

Դժվար է այս պահին գնահատել նաեւ հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովը, որտեղ լիքը խոստումներ ու հավաստիացուներ հնչեցին, կողմերը երդվեցին խորացնել տնտեսական համագործակցությունը, ֆրանսիացի ներդրողներն էլ լուռ լսում էին՝ ակնհայտորեն կասկածելով Հայաստանի ներդրումային մթնոլորտին, թե այն կարող է ընդհանրապես դրական լինել:

Սերժ Սարգսյանի «էստի համեցեք» ոճի ճառը ֆրանսիացի ներդրողներին այնքան էլ արժանահավատ չթվացին: Ի՞նչ իմանան, գալու են՝ ո՞ւր ընկնեն: Քանի՞ հոգի է «փայ» մտնելու ու իրենք էլ ստիպված են լինելու եղած-չեղածը (եթե. իհարկե, մնացած լինի) առնել ու փախչել Հայաստանից:

Բայց ահագին մազալու էր այդ համաժողովում կարմիր բազկաթոռների տեսարանը:

Հատուկ ոնց որ վատություն արած լինեին Սերժ Սարգսյանին՝ ընտրելով այդ կարգի խորը բազկաթոռներ: Օլանդը նորմալ տեղավորվել էր (թեև նաև էլ «տեխնիկական» դժվարություններ ուներ), իսկ ահա Սարգսյանը՝ բազկաթոռի բազրիքների բարձրության պատճառով ստիպված էր սեփական թիակները այնքան վեր բարձրացնել, որ թվում էր օդի մեջ է հայտնվել, թեեւ նստած էր:

Լավ չէ, մարդն իրեն «արքայից արքա» է համարում, բայց դե բազկաթոռի մեջ նրա դիրքն այնպիսին էր, ասես՝ հազիվ է իրեն պահում, որ հանկարծ «չսուզվի»:

Արդեն անվանակոչված Միսակ Մանուշյանի պուրակում էլ զվարճալի-տխուր պատկերներ տեսանք. թեև ավտոբուսներով «դեպքի վայր» էին բերել Ֆրանսիական համալսարանի ուսանողներին, որոնցից շատերը չգիեին, թե ինչու են իրենց բերել այդտեղ, բայց զարմանալին այլ բան էր:

Մեր հայերը հավաքվել էին, որ ձեռքով դիպչեին Օլանդին (ինչպես, ասենք, կաթողիկոսին) ու նրան հիացած ասեին՝ «բունժուղ»: Այդպես էլ արեցին շատերը ու նրանց դեմքերը այքա՜ն ոգեշնչված էին:

Հետաքրքիր է, Սերժ Սարգսյանը, որ անբնական ժպտում էր այդ պահին՝ գոնե հասկացա՞վ, որ իրեն երբեք սեփական ժողովուրդն այդպես չի ընդունել, իսկ օտար երկրի նախագահին դիմավորում են այնպիսի ջերմությամբ, կարծես, Քրիստոսն էր հայտնվել (դա էլ թերարժեքության մի յուրօրինակ դրսևորում է):

Եվ ամենամազալուն. նախագահականում Շառլի 90-րդ տարեդարձի տորթն էր, ավելի ճիշտ՝ այդ տեսարանը: Օլանդն էր, շանսոնյեն ու…երեք դեմքերը, որոնց ներկայությունը հյուրերի կողքին ավելի էր ընդգծում միմյանցից 360 աստիճանով տարբերվող արժեհամակարգերը:

Հա՛մ խնդալու, հա՛մ լացելու տեսարան էր: Համարյա «Բոհեմ»:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը