Կարծիք

15.05.2014 00:40


ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ՝ ԱՌԱՆՑ ՂԱՐԱԲԱՂԻ՞

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ՝ ԱՌԱՆՑ ՂԱՐԱԲԱՂԻ՞

Այսօր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մի չինովնիկի հայտարարությունից հայտնի դարձավ, որ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության պայմանագիրը պատրաստ կլինի մինչև հունիսի 1-ը: Բայց ըստ այդ փաստաթղթի՝ Հայաստանի անդամակցելուց հետո միության ընդհանուր սահմանը կանցնի ՀՀ ընդունված սահմաններով, իսկ ԵՏՄ-ին Լեռնային Ղարաբաղի անդամակցության հարցը նույնիսկ չի քննարկվել: Կարելի էր սրան լուրջ չվերաբերվել, եթե Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նմանատիպ տեսակետին ծանոթ չլինեինք:

Ի՞նչ է ստացվում. Եվրամիության հետ շուրջ 4 տարի բանակցում էինք ասոցացման համաձայնագրի շուրջ (Ղարաբաղի հարցը եվրաչինովնիկների հետ բանակցելիս բաց էր մնացել), հետո Ղարաբաղը պատճառ բռնելով ցանկություն հայտնում անդամակցել Մաքսային միությանը, բայց Ղարաբաղի հարցը, պարզվում է, դեռ չենք լուծել: Իսկ լուծումը կարծես ամիսներ առաջ մեզ փորձեց հուշել, ավելի ճիշտ կամաց-կամաց նախապատրաստել դրան, Զորի Բալայանը՝ Գյուլիստանի պայմանագրի մասին հիշեցումով:

Փաստորեն ԼՂՀ-ն խանգարում է Ս.Սարգսյանի պլաններին, բայց այդ ի՞նչ պլաններ ունի նա, որ Ղարաբաղն էլ դրանցում չի տեղավորվում: Մենակ չփորձեք մեզ հանգստացնել, թե եթե վերջում պարզվի, որ ԼՂՀ-ն չեն ներառելու ԵՏՄ-ի կազմում, ուրեմն Հայաստանը հիմա էլ չի ստորագրի այս պայմանագիրը՝ ազգովի կդառնանք համընդհանուր ծաղրի առարկա:

Անկախության համար միասնաբար փողոց դուրս եկանք՝ պայքարի, հիմա հասարակության մի զգալի մասը գտնում է, որ մեզ անկախություն պետք չէր, եթե այս աղետալի վիճակում էինք հայտնվելու: Ղարաբաղի համար հազարավոր զոհեր տվեցինք, իսկ այսօր արդեն ոմանք ասում են, թե դե ինչ է եղել, հանձնենք Ռուսաստանին՝ ղարաբաղցիներն էլ նորմալ ապրեն, մենք էլ: Այսինքն, երկիրը հասցնենք կործանման եզրին, բարոյալքենք պայքարի պատրաստ ժողովրդին, հետո էլ իշխանությունների պարտությունները ժողովրդի կամքի բացակայությա՞մբ բացատրենք:
Ժամանակը չէ՞ պատճառը վերացնենք, ոչ թե հետևանքի դեմ պայքարենք կամ էլ հետևանքի հետ հաշտվենք:

Ախր ժամանակին բազմիցս զգուշացրել ենք, թե նման ապաշնորհ կառավարման արդյունքն ինչ է լինելու, ու այնպես չէ, որ հանկարծակիի ենք եկել նման իրավիճակում հայտնվելու պատճառով:

Ուղղակի արդեն ոչ թե զարմանում եմ իշխանությունների վրա, որ այդպես էլ չեն փորձում իրավիճակը շտկել, այլ՝ հավասարապես նաև մեզ վրա, որ համառորեն հանդուրժում ենք այս վիճակն ու մեզ այս վիճակի առաջ կանգնեցնողներին:

Էդվարդ Անտինյան

https://www.facebook.com/ed.antinyan/posts/10202190437144904

Այս խորագրի վերջին նյութերը