Կարծիք

14.05.2014 16:16


Արմեն Հարությունյան.

Արմեն Հարությունյան.

ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԹԱԼԱՆԵՆՔ «ՍԱՇԻԿԱԲԱՐ»

Այս օրերին հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց Վերահսկիչ պալատի բացահայտումը, որ Ֆինանսների նախարարությունը պայմանագրեր է կնքել կիպրոսյան ֆիրմաների հետ, բայց իրականում գործն արել են մեր տեղական կազմակերպությունները՝ նախատեսված գումարի 40 տոկոսով, իսկ մնացած գումարը գրպանվել է:

Չենք մոռացել, չէ՞, որ ժամանակին գործող նախագահը Տիգրան Սարգսյանին մեղադրում էր, որ չի կարողանում արդյունավետ պայքարել «ատկատների» դեմ: Բայց պարզվում է, որ այս բացահայտված դեպքերում ոչ թե սովորական ատկատ է՝ մեզ ծանոթ չափաբաժիններով, այլ պետական միջոցների բացահայտ թալան՝ համարյա սաշիկական հարաբերակցությամբ՝ 40/60: Ու նաև հիշում ենք, որ երբ ժամանակին ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը նշել էր, որ բյուջեի 70 տոկոսը ռիսկային է, Սերժ Սարգսյանը հրապարակայնորեն հարձակվեց նրա վրա, ու ասաց, թե որքան չափով նա կարող է բացահայտումներ անել, ու նշեց մի աննշան թիվ, որով թալանի բացահայտման վերին շեմը սահմանվեց երկրի ամենավերին պաշտոնյայի կողմից որպես ուղեցույց:

Իսկ հիմա Դավիթ Սարգսյանն արդարանում է, թե այդ ժամանակ ինքը չի եղել ֆինանսների նախարար, կարծես վեճը գնում է այն հարցի շուրջ, թե ով էր երկիրը թալանում՝ Տիգրան Սարգսյանի սանի՞կը, թե՞ մերձավոր շրջապատի մեկ այլ ներկայացուցիչ, երբ պարզից էլ պարզ է՝ դա չէր կարող տեղի ունենալ առանց նախկին վարչապետի «քավորության»:

Եվ որքան էլ Ս. Սարգսյանը պարտադրի նոր կառավարությանը՝ շարունակելու նախորդների գործը, «ինտելեկտուալ» վարչապետի մտքի թռիչքի արգասիքներն իրականություն դարձնի, կյանքը ցույց է տալիս, որ այս 6 տարվա ընթացքում մեզ «կերակրել» են անիրատեսական ծրագրերի ու բյուջեի թալանի սինթեզով:
Պետք է օր առաջ ազատվել այս իշխանություններից, այլ ոչ թե թույլ տալ, որպեսզի իրենք ընտրողաբար վերագնահատեն Տիգրան Սարգսյանի կառավարության գործունեությունը՝ մեղադրեն՝ որքան ուզենան, կամ արդարացնեն՝ որքան կարողանան, բայց իրականում մեղքը հեռացնեն Սերժ Սարգսյանից:

Բա որ ասում եմ՝ Տիգրան Սարգսյանը պետք է դատվի...

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1418556021749514&id=100007853887323

Այս խորագրի վերջին նյութերը