Քաղաքական

14.05.2014 14:55


Լևոն Զուրաբյանն անդրադարձել է պարտադիրն աուդիտի թեմային

Լևոն Զուրաբյանն անդրադարձել է պարտադիրն աուդիտի թեմային

ՀՀ խորհրդարանում քննարկվում է «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Այն նախատեսում է խոշոր ընկերությունների համար վերացնել պարտադիր աուդիտը, որը ներդրվել էր Տիգրան Սարգսյանի կառավարության նախաձեռնությամբ։

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այս նոր նախագիծը համարում է ապացույց այն բանի, որ ներկա իշխանությունը չի առաջնորդվում «սա նպատակահարմա՞ր է, օրինակա՞ն է, թե ոչ» սկզբունքով։

–Այս իշխանությունն առաջնորդվում է մեկ սկզբունքով՝ սա ի՞մն է, թե իմը չէ։ Այսինքն, հետևությունները, որոնք պետք է արվեին դեռ Տիգրան Սարգսյանի օրոք, արվում են հիմա, երբ Տիգրան Սարգսյանը չկա՛։ Դա ցույց է տալիս, որ այս իշխանության համար օրինականությամբ, արդյունավետությամբ առաջնորդվելու չափանիշներ գոյություն չունեն։ Գոյություն ունեն իշխանական լծակները սեփական հարստացման համար օգտագործելու չափանիշներ,–ասել է Լ. Զուրաբյանը։

ՀԱԿ–ը համարում է, որ խոշոր ձեռնարկությունների համար պարտադիր աուդիտը շատ լուրջ գործիք է, որը գործում է ԵՄ բազմաթիվ երկրներում, և դա շատ կարևոր է թափանցիկությունն ապահովելու, ներդրողների համար բարենպաստ միջավայր ստեղծելու համար։

–Բայց ի՞նչ եղավ մեզ մոտ։ Տիգրան Սարգսյանն այդ գործիքը դարձրեց իր «դուքյանը»։ Նա այդ պարտադիր աուդիտի ինստիտուտը հաստատեց առանց պատասխանատվության՝ ուղղակի իր մի քանի ընկերների կամ քավոր–սանիկ հարաբերությունների համար ապահովելով շուկա և գումար աշխատելու հնարավորություններ։ Հիմա եկել է մեկ այլ կառավարություն, որն այդտեղ սեփական, անձնական շահ չունի, և միանգամից այդ ինստիտուտը վերանայեցին՝ առանց մտածելու այն մասին, որ վերացվում է իրականում օգտակար պոտենցիալ ինստիտուտ,–նշել է նա։

Կոնգրեսի խմբակցության ղեկավարն ասել է, որ իրենք դեմ են քվեարկելու այս օրինագծին՝ հավելելով.

–Անգամ այս վիճակում շատ կարևոր է այս օրենքը պահպանել թեկուզ նրա համար, որ ինչ–որ հակակշիռ լինի մեր տնտեսական դաշտում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը