Լրահոս

14.05.2014 13:15


Ուրիխանյանը չի բացառում, որ կբարձրացվի Տիգրան Սարգսյանին պատասխանատվության կանչելու հարցը

Ուրիխանյանը չի բացառում, որ կբարձրացվի Տիգրան Սարգսյանին պատասխանատվության կանչելու հարցը

Հարցազրույց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հետ

–Կառավարության առաջիկա նիստի օրակարգում ընդգրկված է «Գյումրու տեխնոպարկ» ՓԲԸ-ն լուծարելու հարցը՝ հիմնավորելով, որ հիմնադրումից մինչ օրս ընկերությունը գործունեություն չի իրականացրել: Թեև արդեն պարզաբանվում է, որ խոսքը 2006թ. կառուցված տեխնոպարկի մասին է։ Այդուհանդերձ, հեռանկարային համարո՞ւմ եք այս նոր տեխնոպարկի ծրագիրը։

–Գյումրու տեխնոպարկի պատմությունն այլևս հայտնի մանկական համաշխարհային գրականության հեքիաթների շարքին է դասվել։ Մեկ անգամ առիթ ունեցել եմ ասելու, որ տնտեսության «զարգացման» այն տեմպերը, որոնք որդեգրել էր Տիգրան Սարգսյանի կառավարությունը, պահանջում էին մոտ 106 տարի, որպեսզի այդ տեխնոպարկը վերջապես կառուցվեր։

–Այս և այլ նախագծերի ձախողման համար Տիգրան Սարգսյանն արդյոք պատասխանատվության չպե՞տք է ենթարկվի։

–Եթե այդ ծրագիրը չիրականացվի, նրանք, ովքեր դա ժամանակին հռչակեցին, իբր, նախաձեռնեցին, դրա վրա դիվիդենտներ վաստակեցին, հանրության մոտ հույս և հավատ առաջացրեցին (և ոչ միայն այս ռազմավարական հռչակված ծրագրի մասին է խոսքը), պիտի պատասխանատվություն կրեն։ Պիտի պատասխան տան՝ ինչո՞ւ դա չեղավ, ո՞վ տապալեց, ի՞նչ ծախսեր են արվել՝ հացի ու դեղի կարիք ունեցող քաղաքացիների գրպանից հանելով։ Իմ գիտակցության մեջ «տեխնոպարկ» բառի հետ անմիջապես առաջանում է «պատասխանատվություն» բառը։

–Բայց, փաստորեն, տեսնում ենք, որ Տիգրան Սարգսյանին պատասխանատվության կանչելու փոխարեն՝ նրան պաշտոն են ուզում տալ։

–Ես չեմ ուզում հավատալ, որ նա այլևս երբևէ առնչություն կունենա պետական կառավարման հետ՝ մասնավորապես դիվանագիտական աշխատանքի տեսքով։

–Հնարավո՞ր է, որ անձա՛մբ բարձրացնեք Տիգրան Սարգսյանին պատասխանատվության կանչելու հարցը։

–Ես ընդամենը մեր խմբակցության 36 պատգամավորներից մեկն եմ, և ընդհանուր որոշման շրջանակների մեջ աշխատող անձնավորություն։ Ցանկացած գործողություն, որ պետք է իրականացվի, նախ և առաջ պետք է քննարկվի։ Բայց ես չասացի, որ դա բացառվում է։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը