Կարծիք

13.05.2014 13:58


Սերժ Սարգսյանը բառերի արժեքը չի գնահատում

Սերժ Սարգսյանը բառերի արժեքը չի գնահատում

«Պատմական բարեկամության և նույնական արժեքների վրա խարսխված հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունները տարեցտարի զարգանալով հասել են կարևոր մի հանգրվանի` առանձնաշնորհյալ մակարդակի»,- Ֆրանսուա Օլանդի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց Սերժ Սարգսյանը:
Երբ երկրի ղեկավարը նման հայտարարություններ է անում, նա պետք է հասկանա, որ իր ամեն մի բառը պետք է որևէ իրական կշիռ ունենա, իսկ մեր երկրի դե ֆակտո ղեկավարը բառերի արժեքը չի գնահատում, այդ իսկ պատճառով բոլոր ասածները վերածվում են դատարկ փուչիկների: Նույնիսկ տարրական տնտեսաքաղաքական գիտելիքների տեր մարդը հասկանում է, որ երկրների միջև հարաբերությունների «վատ կամ լավ լինելը» որոշվում է ոչ թե նրանով, թե ինչ աստիճանի ջերմությամբ են իրար բարևում երկրի ղեկավարները հանդիպման ժամանակ, կամ թե որ լայնությամբ են բերանը բացում ժպտալուց, այլ որոշվում է կոնկրետ ֆինանսատնտեսական և քաղաքական չափանիշներով, որոնք բավականին հստակ են:
Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ ասոցացման պայմանագրի պատմությունը Սերժ Սարգսյանի վզից կախեց «Անվստահելի գործընկեր» անվանումով «պատվավոր մեդալը»: Ավելի համոզիչ են նկարագրում հայ-ֆրանսիական հարաբերություններում տեղ ունեցած «առաջընթացը» կոնկրետ թվեր: Այդպես, օրինակ, 2013թ. ընթացքում նախորդ ցուցանիշների համեմատ՝ Ֆրանսիան նվազեցրել է ՀՀ-ում ներդրումների ծավալները մոտ 57 տոկոսով, իսկ 2013թ. հունվար-նոյեմբեր ամիսներին ԵՄ անդամ երկրներ արտահանման ծավալները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են 2.4 տոկոսով:
Այ սենց փաստերից պետք է եզրակացություններ անել երկու երկրների միջև հարաբերոթյունների մասին, այլ ոչ թե օդից հայտարարություններ անել: Բայց Սերժն այլ հայտարարություն չի էլ կարող անել, քանի որ էդ դեպքում ստիպված կլինի խոստովանել, որ իր անսկզբունքային քաղաքականության պատճառով երկու երկրների միջև տնտեսական հարաբերություններն անկում են ապրում: Բայց մենք հո գիտենք, որ ինքը դա երբեք չի ընդունի: Դրա համար էլ ստիպված ենք փուչիկ հայտարարություններով բավարարվել:

Գրիգոր Աթանեսյան

Այս խորագրի վերջին նյութերը