Լրահոս

13.05.2014 13:31


Տիգրան Սարգսյանի և իր սանիկի մասնակցությամբ նոր օֆշորային սկանդա՞լ

Տիգրան Սարգսյանի և իր սանիկի մասնակցությամբ նոր օֆշորային սկանդա՞լ

«Փաստինֆո» կայքն ուշագրավ մանրամասներ է ներկայացնում դեռևս անցյալ տարի մամուլում հայտնված այն տեղեկությունների վերաբերյալ, համաձայն որոնց՝ ֆինանսների արդեն նախկին նախարար, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի սանիկ Դավիթ Սարգսյանի գործունեությամբ հետաքրքրված են Ազգային անվտանգության ծառայությունում:
«Խնդիրը կապված էր Հայաստանին տրված խոշոր գրանտային ծրագրերի արդյունավետության և տեղեկատվական ոլորտի զարգացման դրամաշնորհների բաշխման գործընթացի հետ, որի կատարման ընթացքի նկատմամբ ԱԱԾ-ում լայնամասշտաբ հետաքննություն էին սկսել:
Եվ ահա, հետաքրքիր պատահականությամբ, այս նույն ոլորտի ծրագրերն է ուսումնասիրել նաև Վերահսկիչ պալատը: Եվ դարձյալ բացահայտումները բավական հետաքրքրական են:
Օրինակ՝ պարզվել է, որ միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից ՀՀ-ին տրված դրամաշնորհների գումարները փոխանցվել են Կիպրոսում գրանցված ինչ-որ կազմակերպությունների հաշվեհամարներին: Նրանց հետ կառավարությունը, ի դեմս Ֆինանսների նախարարության, կնքել է ծրագրի կատարման պայմանագիր:
Սակայն հետագայում ծրագիրը կատարել է հայաստանյան ինչ-որ երրորդ ընկերություն, ընդ որում՝ գումարի միայն մի մասով: Իր հաշվետվության մեջ ՎՊ-ն այս փաստի վերաբերյալ իր զարմանքը չզսպելով՝ գրում է. «Բնական հարց է առաջանում՝ եթե հայկական որևէ ընկերություն կարող է կատարել աշխատանքները 288 հազար ԱՄՆ դոլարով, ապա ինչու՞ է այն իրականացվում կիպրոսյան ընկերության կողմից՝ 704 100 ԱՄՆ դոլար արժեքով»:
ՎՊ-ի այս զարմանքն ուղղված է Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտների 2-րդ ռազմավարության իրականացման դրամաշնորհային ծրագրի շրջանակում հաշվապահական հաշվառման իրավական ակտերի նախագծերի և ձեռնարկի ամբողջական փորձարկման և հաշվապահական հաշվառման ավտոմատացված համակարգի ներդրման աշխատանքներին:
Դրա իրականացման համար մեր կառավարությունը պայմանագիր է կնքել Կիպրոսում գրանցված «Four Assist Development Consulting Limited» ընկերության հետ: Նրան փոխանցել է 704.000 ԱՄՆ դոլար: Կիպրոսյան ընկերությունն իր հերթին պայմանագրի կնքման նույն օրը 288.000 ԱՄՆ դոլար արժեքով ենթամատակարարի պայմանագիր է կնքել ՀՀ-ում գրանցված «Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ-ի հետ, որն էլ իրականացրել է նախատեսված աշխատանքների ողջ ծավալը:
Սա, ի դեպ, նոր մեխանիզմ չէ. այն կիրառվել է նաև տարիներ առաջ:
Կառավարության աշխատակազմին ցանցային սարքավորումների մատակարարման և տեղադրման համար 546 959 ԱՄՆ դոլարի և 30 366 240 ՀՀ դրամի պայմանագիր է կնքվել «Յունիքոմփ» ՓԲԸ-ի հետ, սակայն գումարն առանց հիմքի փոխանցվել է ենթամատակարար «Աբրիս Դիստրիբյուշն» ընկերության (ԱՄՆ) հաշվին:
Նույն սկզբունքով է գնվել նաև Ազգային ժողովի կահույքը: «Վեկս» ՍՊԸ-ի հետ կնքվել է 118,245 դոլարի և 49,907,106 դրամի պայմանագիր, բայց ԱԺ-ի հասցեով ներկրված ապրանքների ուղեկցող բոլոր փաստաթղթերը ներկայացվել է ենթամատակարար «Սի Այ Էս Ինթերնեյշնլ Իմպեքս» ԿՈ ԼՏԴ (Չինաստան) անունից:
Բայց սա դեռ ամբողջը չէ: Կան ծրագրեր, որոնց դրամաշնորհները վաղուց ծախսվել են, իսկ գործն այդպես էլ չի կատարվել: ՎՊ-ի մասնագետները պարզել են, օրինակ, որ էլեկտրոնային հասարակության և մրցունակության զարգացման վարկային ծրագրի շրջանակներում PWPW S.A. (Լեհաստան) ընկերության հետ կնքվել է 788.300 ԱՄՆ դոլարի պայմանագիր, որի դիմաց կատարվել է 111.400 դոլարի աշխատանք: Մինչդեռ ծրագիրը պետք է ավարտված լիներ 2012 թվականի սեպտեմբերի 27-ին, իսկ 1 տարի շարունակ՝ մինչև 2013թ. սեպտեմբերի 27-ը, կատարվեր երաշխիքային սպասարկում:
Իրականացված վերլուծության արդյունքում ՎՊ-ն հանգել է այն եզրակացության, որ գործընթացներն ունեցել են լուրջ թերացումներ, պարունակել են ռիսկեր և ունեն հետագա ստուգումների կարիք»,–գրում է կայքը։:
Մանրամասները՝ «Փաստինֆո» կայքում

Այս խորագրի վերջին նյութերը