Լրահոս

26.08.2009 18:17


Սեյրան Շահսուվարյան. «Հայ ռազմագերիները մոլորվել էին»

Սեյրան Շահսուվարյան. «Հայ ռազմագերիները մոլորվել էին»

-Հիմնականում բոլորն էլ մոլորվել ընկել են Ադրբեջան, ոչ ոք ինքնակամ գերի չի հանձնվում։ Իրենց լեզվով ասած՝ գիշերով դուրս են եկել, «սամավոլկա» են գնացել և հայտնվել են այն կողմում։ Իրական պատկերը դա է, որովհետև մենք յուրաքանչյուրի վերաբերյալ քննություն ենք անցկացնում, ծառայողական մեծ հանձնաժողով է ստեղծվում, քննվում են բոլոր հանգամանքները։ Երեխեք են, դուրս են եկել ամեն մեկը մի առիթով ու հայտնվել են այն կողմում,- Ադրբեջանում հայ ռազմագերիների վերաբերյալ «7օր»-ին ասել է ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սեյրան Շահսուվարյանը։

«Հայ ռազմագերիներն Ադրբեջանո՞ւմ» հոդվածում մենք անդրադարձել էինք հարցին, թե որքանո՞վ է հավանական, որ տղաների հայտարարություններն ինքնակամ են արված, սակայն դրա վերաբերյալ ԿԽՄԿ-ից տեղեկություն չէին տրամադրել։ Անդրադառնալով այդ հարցին՝ Սեյրան Շահսուվարյանն ասել է, որ ադրբեջանցիներն իրողությունը կարող են ներկայացնել այնպես, ինչպես ցանկանում են։

-Ինքնակա՞մ են մեր ռազմագերիները Հայաստանի վերաբերյալ այդպես արտահայտվում, թե՞ ոչ, չեմ կարող ասել։ Հնարավոր է, որ ինքնակամ են նման հայտարարություններ անում։ Գերի ընկած մարդը, ինչ էլ պահանջեն, կանի։ Ես նրանց փոխարեն ոչինչ ասել չեմ կարող։ Մինչև նրանք այստեղ չհայտնվեն, իրենց անունից խոսելը սխալ է,- ասել է նա։

Ինչ վերաբերում է ռազմագերիների վերադարձին, ապա, Ս. Շահսուվարյանի խոսքերով,  ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Ադրբեջանի Պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի հանդիպումների ժամանակ առաջնային հարցերից մեկը գերիների վերադարձի հարցն է եղել։ Այդ հարցը մշտապես բարձրացրել է նաև նախագահ Սերժ Սարգսյանն Իլհամ Ալիևի հետ իր բոլոր հանդիպումների ժամանակ։

-Հայաստանից ռազմագերիները 6-ն են,-ասել է Ս. Շահսուվարյանը՝ հավելելով, որ նրանք իսկապես ՀՀ Զինված ուժերի զինվորներ են, սակայն Ադրբեջանում են  հայտնվել ոչ թե միաժամանակ, ինչպես ներկայացվում է տեսաերիզում, այլ տարբեր ժամանակահատվածներում։ -Մեզ մոտ էլ կա ադրբեջանցի ռազմագերի, որին երբ խոսեցնում ենք, ասում է, որ այլևս չի գնալու Ադրբեջան։ Դրանք տեխնոլոգիաներ են, որոնք մշտապես օգտագործվում են,- ասել է նա։

Արփի Բեգլարյան

 

Այս խորագրի վերջին նյութերը