Լրահոս

26.08.2009 15:56


Արգամ Այվազյան. «Երբ Ադրբեջանում ոչնչացնում էին մեր հուշարձանները, այդ նույն տարում Հայաստանում ոչնչացվում էր այդ հուշարձանների վերաբերյալ հրատարակած պատրաստի աշխատությունը»

Արգամ Այվազյան. «Երբ Ադրբեջանում ոչնչացնում էին մեր հուշարձանները, այդ նույն տարում Հայաստանում ոչնչացվում էր այդ հուշարձանների վերաբերյալ հրատարակած պատրաստի աշխատությունը»

«Դուպլեքս» ակումբում Նախիջևանի խնդիրների մասին խոսելիս մատենագիր, հրապարակախոս Արգամ Այվազյանն ասել է, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը շատ կրավորական վերաբերմունք է ցուցաբերում Նախիջևանի հարցում։ Նա նշել է, որ, չնայած նրան, որ հարցը բազմաթիվ միջազգային ատյաններում բազմիցս բարձրացվել է, սակայն հետևողական գործողություններ չեն հետևել։ Այնուամենայնիվ, նրա կարծիքով այսօր Նախիջևանի խնդիրը բարձրացնելու ժամանակը չէ, քանի որ ո՛չ հասարակությունը, ո՛չ իշխանությունները դրան պատրաստ չեն. ուղղակիորեն չկա հասարակական պահանջարկ։

-Այսպիսի հայրենասիրությամբ մենք մեր պատմական խնդիրներն ի զօրու չենք լուծել։ Այսօր ոչ ոք պատրաստ չէ այս խնդիրն իրապես բարձրացնել, չնայած որ Հայաստանի համար Նախիջևանի հարցն ավելի կարևոր է, քան Արցախը։ Մեր պետությունը հսկայական անելիքներ ունի Նախիջևանի խնդրում։ Նախիջևանի ճակատագիրն է սպասվում նաև Ջավախքին։ Չի կարելի անհարկի տեղը շահարկել պատմական տարածքների կամ պայմանագրերի վերաբերյալ խնդիրները։ Պետք է լինի հստակ դիրքորոշում։ Դրանով մենք ավելի ենք արժեզրկում պատմական իրավունքը։

Նա նաև նշել է, որ 1990թ. «Անահիտ» հրատարակչությունը 30 հազ տպաքանակով հրատարակել էր «Նախիջևան. գիրք հուշարձանաց» գիրքը, որի 26 հազ տպաքանակը 2006թ., չգիտես՝ ում կողմից, ուղղակիորեն ոչնչացվել է։ Այդ առումով Արգամ Այվազյանը համապատասխան դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, սակայն ոչ մի պատասխան չի ստացել։

-Երբ Ադրբեջանում ոչնչացնում էին մեր հուշարձանները, այդ նույն տարում Հայաստանում ոչնչացվում էր այդ հուշարձանների վերաբերյալ հրատարակած պատրաստի աշխատությունը,- ասել է Արգամ Այվազյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը