Լրահոս

12.05.2014 16:35


Ֆրանսիայի նախագահը ժամանել է Հայաստան

Ֆրանսիայի նախագահը ժամանել է Հայաստան

Տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստանում է Ֆրասիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։ Նա Երևան է ժամանել Ադրբեջանից։ Այցի շրջանակներում նախատեսվում են Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների առանձնազրույցը, ապա՝ երկու երկրների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց ավարտին կստորագրվեն մի շարք ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր: Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը բանակցությունների արդյունքները կամփոփեն համատեղ մամուլի ասուլիսում: Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները կմասնակցեն նաև Նախագահ Ֆրանսուա Օլանդի այցի շրջանակներում կայանալիք հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովին:

Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնեն Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և հարգանքի տուրք կմատուցեն Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ֆրանսուա Օլանդի այցի շրջանակներում նախատեսվում է նաև երկու երկրների նախագահների մասնակցություն Երևանում Ֆրանսիայի ազգային հերոս, անվանի բանաստեղծ Միսաք Մանուշյանի անվամբ անվանակոչված պուրակի բացման արարողությանը և այցելություն մայրաքաղաքում առաջիկայում բացվելիք ֆրանսիական «Կարֆուր» ընկերության հիպերմարկետի շինհրապարակ, որտեղ նախագահները կծանոթանան իրականացվող աշխատանքների ընթացքին:

Ֆրանսուա Օլանդը Հայաստանից կմեկնի Վրաստան։

Այս խորագրի վերջին նյութերը