Քաղաքական

12.05.2014 15:00


Երվանդ Բոզոյան. Հայաստանը շեշտակիորեն թուլացել է(տեսանյութ)

Երվանդ Բոզոյան. Հայաստանը շեշտակիորեն թուլացել է(տեսանյութ)

Այսօրվա ասուլիսին քաղաքագետ Երվանդ Բոզոյանը մեկնաբանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջ. Ուորլիքի հայտարարությանը։ Բանախոսն առաջին հերթին դա հասկանալի է համարել հրադադարի 20–ամյակի կապակցությամբ.

-Ուորլիքը և ԱՄՆ դեսպանը, մեծ հաշվով, նորություն չեն ասում. նույն բանն են ասում, բայց մի քանի շեշտադրումներով։ Եթե 2008 թվականին այսպիսի սկզբունքներ ներկայացնելով՝ Միացյալ Նահանգների համանախագահ Բրայզան շեշտում էր, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք, և պետք է հանրաքվեով այն կերտի, ապա այսօր արդեն ԱՄՆ ներկայացուցիչը հատուկ շեշտում է, որ հայկական զորքերը պետք է դուրս բերվեն տարածքից, և, ըստ էության, քանի որ ԼՂ–ի խնդիրը բարդ խնդիր է, ապա կարգավիճակը պետք է թողնենք ապագային։ Հասկանալի է, որ այս բանաձևի պարագայում բավականին վտանգավոր է դառնում, և ուղղակի պատերազմական գործողությունների վերսկսման մեծ սպառնալիք կա։

Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված ԱՄՆ հնչեցրած դիրքորոշումների փոփոխությունը. կարծես թե 2008 թվականից այնքան էլ շատ ժամանակ չի անցել, Բոզոյանն արձագանքել է.

-Ես այստեղ շատ–շատ գործոններ կարող եմ բերել։ Գործոն համար առաջին՝ Հայաստանը շեշտակիորեն թուլացել է, Ադրբեջանը՝ շեշտակիորեն ուժեղացել։ Հայաստանը դիվանագիտական իմաստով միշտ վարել է պաշտպանողական քաղաքականություն, Ադրբեջանը՝ ագրեսիվ քաղաքականություն, շանտաժի քաղաքականություն։ Եվ այդ շանտաժը, որ երկար ես տանում, դիմացն էլ ոչ մի դիմադրություն չես ստանում, արդյունքում ինչ–որ իմաստով սկսում է աշխատել։ Երկրորդ՝ Ադրբեջանն ավելի հավասարակշռված քաղաքականություն է տանում։ Հայաստանը, ըստ էության, էկլեկտիկ քաղաքականություն է վարում։ Մինչև 2013 թվականի սեպտեմբերի 3-ը Հայաստանը խիստ պրոարևմտյան քաղաքականություն էր վարում, իսկ սեպտեմբերի 3-ից հետո խիստ պրոռուսական քաղաքականություն, որն անհասկանալի է միջնորդների համար։ Եվ Հայաստան պետության հեղինակությունը չի բարձրացնում դա։

Երրորդ պատճառը քաղաքագետը խիստ սրված ռուս–ամերիկյան հարաբերություններն է համարում:

-ԱՄՆ–ը լրջորեն մտահոգված է, որ Ղրիմի դեպքերից, հատկապես Արևելյան Ուկրաինայի դեպքերից հետո Ռուսաստանը կարող է անկանխատեսելի գործողություններ հրահրել տարբեր տարածաշրջաններում, և Միացյալ Նահանգներն այսօր արդեն հայտարարում են, որ իրենց համար կենսականորեն անհրաժեշտ է, որ այդ խնդիրը լուծվի։ Ես էլ եմ ուզում, որ այդ խնդիրը լուծվի, բոլորս ուզում ենք, որ այդ խնդիրը լուծվի, սակայն այդ խնդիրն օբյեկտիվորեն հնարավոր չէ այսօր լուծել։ Ի՞նչ պետք է անի Հայաստանը։ Հայաստանը, որպեսզի կարողանա վստահություն ունենա միջնորդների մոտ, նախ պետք է ունենա ու վարի կանխատեսելի ու հավասարակշռված քաղաքականություն։ Չառաջացնի ուրիշների մոտ կասկած, որ մենք կարող ենք դառնալ ինչ–որ մի խամաճիկ, և խամաճիկի ֆունկցիա կատարել ուրիշի դեմ։ Սա շատ կարևոր հանգամանք է։ Մարդիկ կասկածում են արդեն, որ Հայաստանն ի վիճակի չէ ինքնուրույն որոշումներ կայացնել, և քանի որ կասկածում են, նրանք պարտադրում են, որ Հայաստանը գնա ինչ–որ զիջումների, սա շատ վտանգավոր խնդիր է։ Ես կարծում եմ, որ հայ հասարակությունը պետք է սթափվի, գիտակցի, թե ինչ վտանգներ են գալիս, որովհետև արտաքուստ որևէ փոփոխություն չկա արժեքների և սկզբունքների, բայց կան շեշտադրումների փոփոխություններ։ Այդ շեշտադրումները կարող են բերել լրջագույն փոփոխությունների։ Հաջորդ քայլը կարող է ճանապարհային քարտեզի առաջարկը լինել, որն էլ արդեն ողբերգություն կլինի,- ասել է Բոզոյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը