Մեկնաբանություն

09.05.2014 22:25


Սովետմիության, Կատյուշայի, Գրիգոր Լուսավորչի եւ այլնի մասին

Սովետմիության, Կատյուշայի, Գրիգոր Լուսավորչի եւ այլնի մասին

Դե, վատ չանցավ Հաղթանակի օրը: Մի քանի հեռուստաընկերություններ «թոք-շոու»-ի շրջանակներում իրենց հեռուստասրահներ հրավիրեցին 2–րդ համաշխարհայինի եւ Արցախյան ազատամարտի մասնակիցներին: Ահել ու ջահել մեր վետերանները դեռ բերանները չբացած, ծրագրի վարողները ընդհատում ու ասում էին՝ «Եկեք ծափահարենք հայրենիքի պաշտպաններին»:

Հատկապես տարեց վետերանները, որ ահագին պատրաստված, մեդալներով խնամքով զարդարված՝ եկել-հասել էին հեռուստալսարան, որ իրենց պատմությունը պատմեին, այն էլ դեռ երկու բառ չասած՝ «դե եկեք, ծափահարենք»:

Խեղճերը կարկամեցին-մնացին: Հեռուստաընկերություններին կռված-մարտնչած մարդկանց ֆոն էր պետք, ուրիշ ոչինչ:

Մի խոսքով, անկապ շուտասելուկներով վարողներն սկսեցին ու ավարտեցին իրենց «թոք-շոուները»:

Իշխանական «էլիտան» հասավ Հաղթանակի զբոսայգի, էլ չասենք՝ ինչպես միշտ՝ նախընտրական պատասխանատու կոստյումներով ու տեղավորվեց շքանշանների առատությունից ու տարիքից կորացած վետերանների կողքին:

Տարեցներից մեկը բաժակ բարձրացրեց և հայտարարեց. «Պետք է բարգավաճ Հայաստան կառուցել»։ Դրանից հետո մի քիչ անհանգիստ շարժումներ նկատվեց իշխանական շարքերում, բայց խմիչքն իր գործն արեց ու բոլորը հանգիստ շունչ քաշեցին։

«Ծառայում եմ Սովետական Միությա՛նը»,- ուժերը մի կերպ հավաքած գոչեց ծեր վետերանը:

«Հիմա ի՞նչ եք ուզում, Սովետական միությունը վերականգնե՞նք»,– տեղավորվելով ցուցադրական զինվորական սեղանի շուրջ, ի պատասխան վետերանի՝ կատակով հարցրեց վարչապետ Աբրահամյանը:

Ու մինչ Հովիկ Աբրահամյանն ու վետերանը քննարկում էին սովետմիության վերականգնման հարցը՝ Շարմազանովը երգեց «Կատյուշա» երգը:

Եվ մինչ Հաղթանակի զբոսայգում կառավարության անդամները ձեւի համար շփվում էին վետերանների հետ, ավելին՝ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդապետյանն էլ տեսախցիկի դիմաց արտասանում էր՝ «Մեր սուրը փառքով դրեցինք պատյան» սովետահայ գրականության նմուշը՝ պարզվեց Մոսկվայից վերադարձած Սերժ Սարգսյանն արդեն Արցախում է:

Մենք է մտածում էին՝ ա՛յ մարդ, էսպես էլ տո՞ն կլինի, երկրի ղեկավարը ՌԴ-ում է, իսկ կաթողիկոսն էլ Վատիկանում է: Էս տոնական օրով մեկը հաղթանակած ժողովրդին է անտեր թողել, մյուսն էլ՝ հաղթանակած հոտին:

Այն էլ լավ էր, մեկը կեսից եկավ-հասավ ու հայկական երկրորդ պետության ղեկավարության հետ տոնեց Հաղթանակի օրը:

Ավելին, տոնի հետ կապ չունեցող մի շքանշան էլ նա ստացավ: Արցախի իշխանությունները Սերժ Սարգսյանին պարգեւատրեցին … «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով:

Ճիշտ է, նույն պահին մտավախություն ունեցանք, որ շուտով Խոր-Վիրապում բարեփոխումներ կսկսվեն, բայց դա մնաց ընդամենը որպես մտավախություն:

Ի դեպ, Հայոց եպիսկոպոսապետ ձեռնադրվելուց հետո Գրիգոր Լուսավորիչը հեթանոսական մեհյանների կալվածքներն ու հարստությունները վերցրեց իրեն՝ կալվածքների թիվը հասցնելով 15 գավառի։ Եվ հետևելով քրմությանը, Գրիգոր Լուսավորիչը տոհմական ժառանգականության իրավունքը պահպանեց նաև հայ եկեղեցու վարչության մեջ՝ հաստատելով իր տոհմի հոգևոր միապետության ժառանգական իշխանությունը: Ստեղծեց եկեղեցական ֆեոդալական ամուր կազմակերպություն, որը ապահովված էր ոչ միայն սեփական կալվածքներով, այլև հարկեր էր գանձում ողջ երկրի աշխատավորությունից:

Մի քիչ նմանություն կա, չէ՞:

Երեւի, էս սահմանադրական փոփոխությունների ժամանակ հաշվի կառնեն:

Ինչեւէ, շատ լավ, հաղթական օր էր:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը