Լրահոս

09.05.2014 10:21


Սերժ Սարգսյան. «Սա մեզ համար առաջին հերթին խաղաղության տոն է»

Սերժ Սարգսյան. «Սա մեզ համար առաջին հերթին խաղաղության տոն է»

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ:
Ուղերձում ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ: Մայիսի 9-ը Հայաստանի ժողովրդի համար թանկ է նրանով, որ այն ազդարարել է նոր` խաղաղ կյանքի սկիզբ: Երկրորդ աշխարհամարտի տարիներին հարյուր հազարավոր հայեր կռվել են արդարության և ազատության խրամատներում՝ բարձր պահելով հայ ռազմիկի անունն ու պատիվը:
Սա մեզ համար առաջին հերթին խաղաղության տոն է, որն արդար աշխատանքի և հայրենի երկիրը ոտքի կանգնեցնելու պատմական հնարավորություն տվեց:
Ճակատագիրը մեզ համար սահմանել էր ևս մի պատմական հնարավորություն, ևս մի մայիսյան հաղթանակ: 1992 թվականի մայիսի 9-ին մենք կրկին արդարության և ազատության խրամատում էինք՝ ընդդեմ ազգային խտրականության և եղեռնագործության:
Շուշիի ազատագրմամբ՝ ֆիզիկական բնաջնջումից փրկվեցին ոչ միայն Ստեփանակերտը, այլև ողջ Արցախը, իսկ ավելի լայն առումով՝ Հայաստանը և հայության հեռանկարը:
Այսօր մենք երախտագիտությամբ գլուխ ենք խոնարհում մեր բոլոր այն քաջերի հիշատակի առջև, ովքեր կյանքով վճարեցին մեր խաղաղության գինը:
Կեցցե՛ խաղաղությունը, որ աշխարհի բոլոր բարիքների մայրն է:
Փա՛ռք մեր հերոսներին»:

Այս խորագրի վերջին նյութերը