Քաղաքական

07.05.2014 22:20


Աբրահամյանը նորից փորձում է հանդիպել քառյակի հետ

Աբրահամյանը նորից փորձում է հանդիպել քառյակի հետ

Հովիկ Աբրահամյանը կրկին ԱԺ ոչ իշխանական չորս քաղաքական ուժերին խորհրդակցության է հրավիրել կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխությունների շուրջ:

iLur.am-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ Աբրահամյանի հետ հանդիպման վերաբերյալ դեռ պայմանավորվածություն չկա: «Ստացել ենք օրինագծում փոփոխությունների վերաբերյալ նրանց (կառավարության-խմբ.) առաջարկությունները, քննարկելու ենք եւ ձեւավորելու ենք մեր դիրքորոշումը», - ասաց Զոհրաբյանը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն իր հերթին նշեց, որ քառյակը որոշել է միասնաբար քննարկել կառավարության ուղարկած առաջարկությունները:

«Մենք հավաքվեցինք եւ որոշեցինք, որ ճիշտ կլինի, որ իրենք նախապես ներկայացնեն իրենց նախագիծը, մենք՝ չորս ուժերով, կքննարկենք այն եւ դիրքորոշում կարտահայտենք», - iLur.am-ին ասաց պարոն Հակոբյանը:

Դաշնակցության ներկայացուցիչների հետ մեզ չհաջողվեց կապ հաստատել:

Իսկ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը մեզ տեղեկացրեց, որ Կոնգրեսի դիրքորոշումն անփոփոխ է՝ այս իշխանությունների նախապատրաստած որեւէ որոշման կայացման գործընթացին Կոնգրեսը որեւէ մասնակցություն ունենալու մտադրություն չունի:

«Մենք հասկանում ենք, որ իշխանությունները, կառավարությունը փորձում են իրենց կայացրած որոշումների պատասխանատվությունը կիսել ընդդիմության հետ: Նրանք հասկանում են, որ իրենց ձախողված քաղաքականության հետեւանքով հասարակության մեջ ընդվզում է հասունանում, եւ փորձում են պատրանք ստեղծել, թե կուտակային համակարգի խնդիրը լուծվում է ազգային համերաշխության մթնոլորտում», - iLur.am-ին ասաց Զուրաբյանը:

Պատգամավորի խոսքով, մասնավորապես, իշխանությունները փորձում են կուտակայինի հարցում անէական զիջումների միջոցով համաձայնություն ձեւավորել եւ խաբել ժողովրդին:

«Մենք այդ խաղը չենք խաղում եւ պահանջույմ ենք, որ ընդունվեն մեր բոլոր մոտեցումները, իսկ մեր մոտեցումներն ամբողջությամբ համընկնում են ժողովրդի պատկերացումների հետ», - ասաց Լեւոն Զուրաբյանը՝ ընդգծելով, որ Հովիկ Աբրահամյանի հետ որեւէ հանդիպման մասին խոսք լինել չի կարող:

Հիշեցնենք, որ նախօրեին Ազգային ժողովի ոչ իշխանական չորս խմբակցությունները` «Բարգավաճ Հայաստանը», Հայ ազգային կոնգրեսը, Հայ հեղափոխական դաշնակցությունն ու «Ժառանգությունը», ամփոփել են իրենց առաջարկները կուտակային կենսաթոշակների մասին օրենքի վերաբերյալ և ներկայացրել դրանք կառավարությանը: Փաստաթղթի տակ ստորագրել են՝ ԲՀԿ-ից` Նաիրա Զոհրաբյանը, ՀՅԴ-ից` Արմեն Ռուստամյանը, «Ժառանգություն»-ից` Ռուբիկ Հակոբյանը, ՀԱԿ-ից` Լևոն Զուրաբյանը: Վերջինս միացել է առաջարկներին՝ մեկ վերապահումով: Կոնգրեսը պնդում է, որ մարդկանց պետք է վերադարձվեն ոչ միայն այն գումարները, որոնք կուտակային ֆոնդեր «մտնելու» ճանապարհին են, այլև այն գումարները, որոնք արդեն փոխանցվել են համապատասխան ֆոնդերին:

Մանրամասները՝ iLur.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը